Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում պաշտոնական այցով գտնվող Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում, և դրա տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ընթացքում»,- նշել է Բայրամովը։
Նա կարևորել է Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջմղումը՝ ուղիղ երկխոսության միջոցով։
Իր հերթին Կասիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը՝ կարծիք հայտնելով, որ կայուն խաղաղությունն արդեն հասանելի է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ու Կասիսը քննարկել են նաև խաղաղության գործընթացին, անվտանգությանն ու ականազերծմանը վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ՝ ընդգծելով էներգետիկ ոլորտի կարևոր դերը՝ որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմնական հենասյուներից մեկի։



















