«Վտանգ կա, որ տվյալները չեն ոչնչացվի և կմնան ԱԱԾ-ի արխիվներում՝ որպես քաղաքացիների մասին «դոսիեներ». իրավապաշտպան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Հիշեցնենք, որ դրանով սահմանվում է հետևել քաղաքացիների հեռախոսազանգերին՝ կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով։ Կողմ քվեարկեց 69 պատգամավոր։


«Սա հնարավորություն կտա, որ մենք բջջային հեռախոսների տվյալներն օգտագործելով նախ մարդկանց իրազեկենք, հետո հասկանանք այն շրջանակը, թե ովքեր են պոտենցիալ վարակակիրները»,-նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ նման օրենքի ընդունումը մեծ ռիսկեր էր պարունակում։

«Տվյալների հետ կապված խնդիրներն են, ի՞նչ մեխանիզմներով էին վերլուծվելու այս տվյալները։ Իրականում մտահոգիչ է, որ ԱԱԾ-ի ձեռքում կարող էր հավաքվել մեծ տեղեկություն, որը կպարունակեր անձնական տվյալներ, ընտանեկան գաղտնիք հանդիսացող ինֆորմացիա, և որևէ մեխանիզմ գոյություն չունի, որպեսզի մենք հասկանայինք, թե ինչպես ԱԱԾ-ն կտնօրինի այսպիսի տեղեկությունը, վերահսկելու որևէ մեխանիզմ չունենք։

Մյուս կողմից՝ մեր դառը փորձի վրա հիմնվելով, իրոք մտահոգիչ է, որ, օրինակ՝ նախատեսվում է ոչնչացման ենթակա տվյալները պետք է ոչնչացվեն, բայց իրոք վտանգ կա, որ այս տվյալները չեն ոչնչացվի և կմնան ԱԱԾ-ի արխիվներում՝ բոլոր քաղաքացիների մասին «դոսիեներ»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Էդգար Խաչատրյանը մտահոգիչ է համարում նաև այն, պետության կողմից որևէ հիմնավորում չկար, որ նման միջամտությունն այլընտրանք չունի։

«Նման սահմանափակումներ մտցնելուց առաջ նախևառաջ պետությունը պետք է հիմնավորի, որ այս գործողությունը ծառայելու է իր նպատակին և որ այլ մեխանիզմ չունի այս շրջանում քաղաքացիներին կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար»,- ընդգծում է նա։ 


Նա հիշեցնում է օրեր առաջ ընդունված մեկ այլ մտահոգիչ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագծի ընդունումը, որը որակում է որպես ռեպրեսիոն քայլ։ 

Հիշեցնենք, որ մարտի 25-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Դրանով երկրում գործող բոլոր ՀԿ-ների համար հաշվետվության ներկայացման պահանջ է սահմանվում՝ անկախ նրանից, ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ։ Այս թեմային առնչվող հոդվածին ծանոթացեք այստեղ։

«Նմանատիպ օրենքները վերահսկելի են դարձնում հասարակությունը՝ մի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ, մյուս դեպքում՝ ցանկացած քաղաքացու հեռախոսազանգերի և նամակների, սա բավական լուրջ տենդենց է:

Խնդիրն այն չէ, որ մենք տեսնում ենք այսօրվա իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մտադրություն, բայց նախադրյալներ ստեղծվում են նման գործիքակազմը քաղաքացիների դեմ օգտագործելու համար»,- նշում է իրավապաշտպանը:


Ըստ նրա՝ այդ տվյալները գուցե մնային ԱԱԾ-ի արխիվներում և հնարավորության դեպքում տվյալները կօգտագործվեին այլ նպատակներով։

«ԱԱԾ պետի և վարչապետի անձնային հեռախոսային զրույցը ձայնագրվել էր, դա ի շահ մեր պետության չէր, չէ՞, գաղտնալսումը չէր նպաստում մեր պետության շահերին, բայց ինչ-որ մեկը օգտագործեց, չէ՞, սա, այսպիսի ռիսկերի խնդիր կար»,-ասում է Խաչատրյանը:


Միջազգային փորձին անդրադառնալիս իրավապաշտպանը նշում է, որ Եվրոպական միության երկրների կողմից նման նախաձեռնության վերաբերյալ կա զգուշավորություն.

«Եվրամիության երկրներում իրավիճակն իսկապես ծայրահեղ ծանր է՝ Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, բայց նման սահմանափակումներ մինչև հիմա չեն ընդունել։ 

Միջազգային փորձից որ խոսում ենք, մեր կառավարությունը հղում է անում Հարավային Կորեայի փորձին, բայց իրականում ինձ համար դա էլ է մտահոգիչ:

Եթե մենք խոսում ենք այն երկրների մասին, որտեղ մարդու իրավունքները գերագույն արժեք են, մարդու իրավունքների սահմանափակումների հարցերին պետությունը շատ զգուշությամբ է վերաբերում, այնտեղ այդքան հեշտ չէ նման մեխանիզմ օգտագործելը, դա է պատճառը, որ այդ երկրներում նման մեխանիզմ մինչև հիմա չի օգտագործվում»:


Ըստ Էդգար Խաչատրյանի՝ ռիսկեր կան նաև այն առումով, որ չգիտենք՝ իրականում հաջորդ իշխանությունն ո՛վ է լինելու, չգիտենք՝ հաջորդ անգամ ե՛րբ է արտակարգ իրավիճակ լինելու և ինչ հարցով, և այս նույն օրենքը ինչ կերպ կօգտագործվեր այլ իշխանության կողմից: 

«Եթե մենք խոսում ենք օրենքերի մասին, օրենքը խաղ ու պար չէ, անկախ նրանից, թե ինչ իշխանություն ունի Հայաստանի Հանրապետությունը, որ քաղաքական ուժն է եկել իշխանության, այդ օրենքներով առաջնորդվելու են բոլորը, ավելի շատ խոսքը ռիսկերի մասին է, քան իրական վտանգի մասին»,- ասում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am