Մահակ՝ կազմակերպությունների գլխի՞ն, թե՞ «թափանցիկություն». ըստ իրավապաշտպանների՝ ՀԿ-ների օրենքի լրացումները «հակաիրավական» են

Հասարակական կազմակերպությունների համար հաշվետվությունների ներկայացման համակարգի ընդլայնումը անհամաչափ միջամտություն է հասարակական կազմակերպությունների գործունեությանը, որը որևէ արդարացում չունի և հակասում է ժողովրդավարական պետության գաղափարին։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ազգային ժողովի ընդունած օրենքին։

«Ինքնին գործիքը անհանգստացնող է, որովհետև այդ գործիքը չպետք է լինի, այն հակաիրավական է։ Նման փորձ միայն ավտորիտար պետություններում կա»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը։

Մարտի 25-ի նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունները։ Դրանով երկրում գործող բոլոր ՀԿ-ների համար հաշվետվության ներկայացման պահանջ է սահմանվում՝ անկախ նրանից, ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ։ Նախորդ օրենքով՝ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ դրվում էր միայն այն դեպքում, երբ այն ֆինանսավորվում էր հանրային միջոցներով։

Մասնավորապես, նոր օրենքով ՀԿ-ները պարտավոր են հրապարակել հաշվետու տարվա ընթացքում իրենց կատարած ծրագրերը, տարեկան դրամական և գույքային մուտքի ամփոփ տվյալները, որոնք նախկինում չեն ներկայացվել հարկային մարմնին։ Մասնավորապես, ՀԿ-ները պարտավոր են հաշվետվության մեջ նշել կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան և նպատակները, կազմակերպության անդամների, ինչպես նաև այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացրած նիստերի քանակը, իրականացված ծրագրերի անվանումը և համառոտ նկարագրությունը, տարեկան մուտքերի (դրամական և գույքային) ընդհանուր գումարը, օգտագործված դրամական միջոցները և գույքը։ Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է ներկայացվի հարկային մարմնին։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Ազգային ժողովում ասել էր՝ այսուհետ հաշվետվություններ պետք է ներկայացնեն բոլոր ՀԿ-ները, որպեսզի լիարժեք թափանցիկություն ապահովվի։ ՀԿ-ները հաշվետվությունը ներկայացնելու են օնլայն եղանակով՝ Taxservice.am կայքի համապատասխան բաժնում։

Արթուր Սաքունցի խոսքով՝ որոշում կայացնողներն այդպես էլ որևէ ողջամիտ հիմնավորում չեն ներկայացրել, թե ինչու է անհրաժեշտ նման օրենք ունենալ։

«Իսկ այն, ինչ ներկայացնում էին, թե իբր շահագրգռված են ՀԿ-ների դերի բարձրացմամբ, անհեթեթություն էր։ Ավելին, մեր ներկայացրած փաստարկներին էլ որևէ հակափաստարկ կամ ողջամիտ բացատրություն չներկայացրեցին»,- ասում է Սաքունցը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշում է, որ նման փորձեր նախորդ իշխանությունների ժամանակ էլ են մի քանի անգամ արվել։ Այն ժամանակ էլ նախագծեր կային, բայց քաղաքացիական հասարակությունը ընդդիմանում էր՝ դա համարելով իշխանության կողմից ավելորդ վերահսկողություն ՀԿ-ների նկատմամբ։

«Եվ, ի վերջո, այդ ուժեղ դիմադրության արդյունքում նախկին իշխանությունները մի քանի անգամ նահանջել են այդ գաղափարից։ Եվ զարմանալին այն է, որ այսօր իշխանությունները, որոնց նաև աջակցում է քաղաքացիական հասարակությունը, և որի կազմում են քաղհասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք ժամանակին իրենք էլ էին պայքարում դրա դեմ, հիմա մեծ էնտուզիազմով այդ օրենքն ընդունեցին,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը։

Ըստ նրա՝ պետք է մտածել, թե այս ամենի նպատակը որն է։ Եթե նախորդ շրջանում քաղհասարակությունը համարում էր, որ այս նախաձեռնության նպատակը ՀԿ-ների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է, ապա այդ դեպքում հարց է առաջանում՝ այսօր նպատակը ո՞րն է, արդյոք նո՞ւյնը չէ նպատակը։

«Այստեղ մի կարևոր խնդիր կա։ Իհարկե, ես ինքս էլ նախորդ իշխանություններին բազմիցս քննադատել եմ՝ իշխանությունը կեղծիքներով վերցնելու, անպատժելիության և այլնի համար, բայց մեկ բան ընդունենք, որ նախորդ իշխանության ժամանակ Հայաստանում բռնապետություն չէր։ Հենց թեկուզ այս օրինակը բերեմ՝ քաղհասարակության ակտիվությունը կոնկրետ այս հարցով։ Ամեն դեպքում նախորդ իշխանությունները, գուցե նաև զգալով իրենց ոչ լեգիտիմ լինելը, նաև զգուշանում էին հասարակությունից, այսպիսի սուր քայլեր չէին անում, որպեսզի հասարակությանը լրիվ իրենց դեմ չտրամադրեին»,- ասում է Իշխանյանը։

Իսկ հեղափոխական իշխանությունը, որը, նրա խոսքով՝ 2018 թվականի տվյալներով ունի 70 տոկոսից ավելի քվե և մինչև հիմա իրեն հեղափոխական է համարում, այլևս հասարակությունից զգուշանալու որևէ միտում չունի։ 

«Նրանք մեծամիտ ու ինքնավստահ են։ Եվ եթե մենք էլի համարենք, որ նպատակը վերահսկողությունն է, ապա, այո՛, նրանք սրանով ասում են՝ մենք պետք է վերահսկենք, որովհետև մենք ենք»,- ասում է Ավետիք Իշխանյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am