Մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. Փաշինյան 

Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները սեպտեմբերի 28-ին սադրանքի են դիմել և հարվածներ հասցրել Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանումների ուղղությամբ:Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ անդրադառնալով նախորդ օրվա սահմանային միջադեպին:

«Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել:Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում պետք է արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքները իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է: Մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց՝ կառավարությունը ԶՈՒ բարեփոխումների լայնածավալ գործընթաց է սկսել,և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել,որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել ԶՈՒ բարեփոխումները: