«Բոլոր դպրոցներում պետք է քննադատական մտածելակերպ ունեցող ծնողներն ակտիվանան և փորձեն իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնել». Վահրամ Սողոմոնյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը:

– Պարո´ն Սողոմոնյան, հերթական ուսումնական տարին մեկնարկեց, դարձյալ նկատում ենք կրթության նկատմամբ ձևական ու մակերեսային վերաբերմունք: Գերակշռում են ձևականությունը, պաթոսը, նյութականը, կրթության որակը հետ է մղվում: Ի՞նչ է կատարվում:

– Այո´, այս պաթոսը բոլորովին կապ չունի իրականության հետ: Հավանաբար նաև պետական գերատեսչություններն են արձանագրում, որ տարիների բարեփոխումները որևէ որակական արդյունք չեն տվել: Եվ հիմա երևի նրանք էլ չգիտեն, թե ի´նչ պետք է անել: Այսօր, օրինակ, շատ է խոսվում, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել միջազգային վարկային ծրագրերով, մոտ 100 մլն դոլարի բարեփոխումների ծրագիր է իրականացվել, ֆինն փորձագետներ են հրավիրվել: Իսկ թե այդ ամենից հետո ի´նչ է մնացել, հայտնի չէ: Հավանաբար, փող է լվացվել:

– Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել:

– Քանի որ կրթությունը հանրային բարիք է, և պետության խնդիրն է ապահովել կրթական համակարգի զարգացումը, ամբողջ երկրով մեկ կրթական հաստատությունները պետք է ամենաբարգավաճողը և ծաղկողը լինեին: Ամենամեծ ներդրումները պետք է արվեին դրանց շենքային և որակական պայմանների բարելավման ուղղությամբ, և  ոչ թե եկեղեցիներ կառուցեին, ինչ-որ պաշտոնյաների նյութական բարեկեցությունն առաջին տեղում լիներ: Եթե այսօր այցելեք մարզային դպրոցներ, կտեսնեք, թե դրանք ինչ անմխիթար վիճակում են: Դա վկայում է, թե ինչ  կրթական քաղաքականություն են որդեգրել Հայաստանում: Դպրոցը պետք է բոլոր մարդկանց համար թիվ մեկ հաստատությունը լիներ իրենց քաղաքում ու գյուղում:

– Մարզերի անմխիթար դպրոցների կողքին մենք Երևանում էլիտար դպրոցներ ենք տեսնում՝ արտոնյալ պայմաններով գործող, նվերներ պահանջող ուսուցիչներով ու տնօրեններով: Այսինքն՝ կրթական համակարգում անհավասարության ու խտրականության դրսևորո՞ւմ կա:

– Մենք նախորդ տասնամյակների ընթացքում ունեցել ենք համեմատաբար համաչափ զարգացող կրթական համակարգ, բարձր գրագիտության աստիճան: Իսկ այժմ կարծես թե փորձ է արվում այդ զանգվածային կրթության հայեցակարգը փոխարինել այլ՝ էլիտարացման հայեցակարգով, ինչը, ինչպես այլ երկրների փորձն է վկայում, տանում է դեպի բևեռացում և լուրջ սոցիալական արդարության խնդիրներ է ստեղծում: Եվ մենք այսօր այդ միտումները տեսնում ենք:

– Ինչի՞ց է բխում այս իրավիճակը: Ինչո՞ւ է ուսուցիչը սպասում նվերի, գնահատում նյութականը, ինչո՞ւ է ծնողը հաշտվում այդ իրավիճակի հետ:

– Երբ դուք չեք ստեղծում պայմաններ, որպեսզի բովանդակային բազա լինի դպրոցներում, ազատ քաղաքացի դաստիարակվի, սոցիալական համերաշխության և այլ կարևոր արժեքներ յուրացվեն, չեք վերապատրաստում ձեր ուսուցիչներին, դրան զուգահեռ նրանց ցածր աշխատավարձ եք վճարում, բնականաբար, այնտեղ սողոսկում է այդ շուկայական նյութականության միտումը: Դա արտացոլանքն է պետական քաղաքականության, օպտիմալացման, տնտեսական նպատակահարմարության: Իսկ հանրային կրթության ոլորտը ենթակա չէ նման բիզնես մոտեցումների: Կան ոլորտներ, որոնք միայն մենեջմենթի սկզբունքներով հնարավոր չէ ղեկավարել:

– Ուսուցչի դերն էլ է կարծես նվաստացվել, ուսուցիչ ասելով այսօր հիմնականում մարդիկ պատկերացնում են չոլկաներով ու ընտրություններ կեղծող կանանց:

– Եթե նկատել եք, արտոնյալ տնօրենների խավ է ձևավորվել, իսկ ուսուցիչներն ավելի խեղճ վիճակում են: Ուսուցիչները ստիպված են միջնորդել տարբեր շահերի, տարբեր արժեքների համար, որոշ դեպքերում երկերեսանի վարք դրսևորել: Այսինքն՝ նաև ուսուցիչների համար ստեղծված են շատ ծանր բարոյական պայմաններ, երբ բարոյական կողմնորոշիչները լիովին կորել են:

– Ի՞նչ պետք է անել այս իրավիճակը փոխելու համար: Արդյոք ծնողները կարո՞ղ են ազդել իրավիճակի փոփոխության վրա:

– Բոլոր դպրոցներում պետք է ծնողները, հատկապես քննադատական մտածելակերպ ունեցող ծնողներն ակտիվանան և փորձեն նաև ծնողական խորհուրդների նիստեր հրավիրել, իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնել: Բոլոր ահազանգերը կարող են գրանցել iditord.org նոր բացված հարթակում, նաև` անանուն: Մենք ամեն ինչին ընթացք ենք տալու, հավաքելու ենք, համակարգելու ենք դա: Որքան հասարակությունն ակտիվ լինի, ձևավորի իր դիրքորոշումը կրթության հարցերի նկատմամբ, ծնողները դպրոցների ղեկավարության հետ համագործակցության ձևեր գտնեն, ակտիվ լինեն ժողովների ընթացքում, ոչ թե միայն իրենց երեխայի մասին մտածեն, այդքանով մենք շատ բան կարղ ենք անել և չսպասել միայն վերևից հրամցվող  լուծումների:

Լուսանկարը՝ :Բուն TV

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am