«Հայաստանն ու Ադրբեջանը միասնաբար մերժեցին վաշինգտոնյան առաջարկությունը. սրա մասին է Սոչիում ձեռք բերված հայտարարությունը». Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

 – Պարո՛ն Ղուկասյան, Սոչիում կայացած եռակողմ հանդիպումն ու դրանից հետո տարածած հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում։

– Ընդհանուր պատկերն այն է, որ ԱՄՆ-ն առաջարկեց Հայաստանին ու Ադրբեջանին կարգավորման շուրջ հասնել պայմանագրի, և, կարելի է ասել, այդ առաջարկի բանաձևն այն է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնել, որ Մինսկի խմբում Արցախի հարցի կարգավորման մասով Հայաստանի մանդատը փոխանցվի Ֆրանսիային, ու կողմերը համաձայնեն, որ ֆրանսիական զինված ուժերը տեղակայվեն Արցախում, այդպիսով ստեղծվի ձևաչափ, որտեղ Ադրբեջանը ճանաչում է ԼՂ Հանրապետությունը ու բանակցում է այդ հանրապետության ղեկավարության հետ կա՛մ ասոցացման, կա՛մ բաժանման հարցերի շուրջ։ Այսինքն՝ սա այն առաջարկն է, որ ենթադրում է ռուսական զորքերի դուրսբերումն Արցախից ու ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հադրութից, Շուշիից, Մատաղիսից ու Արցախի այլ օկուպացված տարածքներից։

Այս առաջարկին հակառակ Սոչիում Հայաստանն ու Ադրբեջանը միավորվեցին և միասնական հայտարարությամբ հանդես եկան, որ իրենք կողմ են, որ ռուսական զորքերը շարունակեն մնալ Արցախում։ Դուք տեսաք, որ Արցախի հասարակությունը նույնպես հանդես եկավ այդ կարգախոսով, որ ռուսական ներկայությունը Արցախում պետք է մնա։ Ըստ էության, հայերը հիմա հանդես են գալիս Շուշիի ու Հադրութի, Շահումյանի շրջանի, Մատաղիսի օկուպացիայի օգտին։ Ներկա պահին գոյություն ունեցող արդյունքը սա է, ինչպիսի՞ն կլինի Վաշինգտոնի արձագանքը, դա երևի կտեսնենք մոտ օրերս։

– Այսինքն՝ վաշինգտոնյան առաջարկն ու ընդհանուր արևմտյան հարթակն այլևս գոյություն չունե՞ն, որովհետև գոնե Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը համաձայն է ռուսական առաջարկներին։

– Նրբությունն այն է, որ ոչ թե Հայաստանն առանձին մերժեց, այլ իրենք միասնաբար հանդես եկան մերժողական դիրքերից, սրա մասին է Սոչիում ձեռք բերված հայտարարությունը։

– Իսկ ԱՄՆ-ն այդ որոշման հետ կհամակերպվի՞, թե՞ ոչ։

– Չեմ կարծում, որ Ջո Բայդենը վարդերով ծաղկեփունջ կուղարկի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ Սոչիում իրենց արտահայտած դիրքորոշման համար։

– Պարո՛ն Ղուկասյան, այն, որ այդ հայտարության մեջ որևէ բառ չկա Արցախի մասին, անգամ խաղաղապահների տեղակայման մասով տարածքի անուն նշված չէր, ինչի՞ մասին է խոսում, որ Ալիևի պնդումը, թե Ղարաբաղի հարցը լուծված է, ու այլևս քննարկելու բան չկա այդ թեմայով, ըստ էության, ընդունո՞ւմ են և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։

– Այդ դետալը վկայում է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը սպասարկում են Ալիևի գաղափարը, որ Արցախի հարց չկա, կան Արցախում ապրող մարդկանց խնդիրներ, որոնք ռուսական ներկայությունը ապահովում է, այսինքն՝ կարգավիճակի հարց չկա, երեք կողմն էլ չի ճանաչում ո՛չ Արցախի Հանրապետությունը, ո՛չ այնտեղ ապրող մարդկանց ինքնորոշման իրավունքը։ Սա է ընդհանուր պլատֆորմը, որի հիման վրա կանգնած են այս պետությունների ղեկավարները։

Ի տարբերություն Ալիևի ու Պուտինի՝ Նիկոլ Փաշինյանը, սակայն, իր նախընտրական ծրագրով առաջ էր քաշում թեզ, որ իր կառավարությունը պայքարելու է Արցախի ինքնորոշման իրավունքի համար, բայց հիմա իր նախընտրական խոստումից ամբողջությամբ հրաժարվել է։

– Այսինքն՝ Արցախում անցկացված հանրահավաքը որևէ բան չփոխե՞ց եղած դիրքորոշումներում։

– Արցախում անցկացված հանրահավաքն ու Սոչիում ձեռք բերված հայտարարությունը նույն տրամաբանության մեջ են՝ ընդդեմ Վաշինգտոնի առաջարկի։ Ու այս դասավորությունը, որ Իլհամ Ալիևն ասում է՝ Ղարաբաղ չկա, Ստեփանակերտում նստած են Արցախի Հանրապետության իշխանությունները, ու իրենք են տնօրինում Հայաստանի գումարները և իրականացնում հանրային իշխանություն, ու այդ ամենը պաշտպանված է ռուսական ռազմական ներկայությամբ, թույլ է տալիս ամեն կողմին իր ձևով մեկնաբանել իրավիճակը։ Ալիևը կարող է ասել, որ չկա Ղարաբաղ, Արայիկ Հարությունյանը կարող է ասել, որ Արցախի Հանրապետություն կա, Նիկոլ Փաշինյանը, կախված իրավիճակից, կարող է ասել, որ կա Արցախ, և կարող է ասել, որ չկա։ Հանրությանը մոլորեցնելու համար Ռուսաստանի այս առաջարկը հարմար է բոլոր ռեժիմներին։

– Ռուսական տարբերակն ի՞նչ է տալու Հայաստանին, ու երեկվա եռակողմ հանդիպումն ի՞նչ տվեց։ Կողմերը մո՞տ են խաղաղության պայմանագրի կնքմանը։

– Հայտարարությունն այն մասին էր, որ իրենք մերժում են Վաշինգտոնի առաջարկը՝ դրսևորելով ձևական պահվածք, թե իբր հետաքրքրված են խաղաղության պայմանագրի կնքմամբ՝ Արևմուտքի հովանու ներքո։ Ամենակարևոր հարցը, սակայն, այն է, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն առաջարկում Հայաստանին Մինսկի իր մանդատը փոխանցել Ֆրանսիային։ ԱՄՆ-ի տեսանկյունից Ռուսաստանի ղեկավարության ազդեցությունը Հայաստանի ղեկավարության վրա այնքան մեծ է, որ Հայաստանի ղեկավարությունը դիտարկվում է Ռուսաստանի իշխանությունների շարունակություն, և պահպանել Հայաստանի մասնակցությունը Արցախի կարգավիճակի հարցի որոշման ձևաչափում հավասարազոր է Ռուսաստանի մասնակցությանը։

Կա ամփոփված կարծիք, որ 30 տարվա ընթացքում Ռուսաստանի մասնակցությունն է եղել գլխավոր խոչընդոտը խաղաղության հասնելուն։ Հիմա պետք է Հայստանը ընտրի՝ Եվրամիությա՞ն, թե՞ Ռուսաստանի հետ է։ Ֆրանսիան մանդատը վերցնելու քայլերն է անում․ նոյեմբերի 15-ին Ֆրանսիայում ընդունվելու է բանաձև, որը Հայաստանում անգամ չի ընդունվել, որն Ադրբեջանին կճանաչի ագրեսոր, ու կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու դա դարձնել բանակցությունների հիմք, գործիք խաղաղության հասնելու համար։

Սոչիի այդ եռակողմ հայտարարությունն ունի՞ այդքան ուժ, որ կանգնեցնի այն մեքենան, որը Վաշինգտոնն ու Փարիզն աշխատեցնում են որոշակի ժամանակ, թե՞ ոչ։ Հայաստանի համար, բնականաբար, այս իրավիճակն առողջ չէ, որովհետև ունենք միջազգային տիրույթում մի դրություն, երբ Հայաստանի ղեկավարությունը փորձում է իր վրայից թոթափել Արցախի համար պատասխանատվությունը։

– Պարո՛ն Ղուկասյան, այսինքն՝ այն բոլոր մեղադրանքները, թերահավատությունը, թե Արևմուտքը հստակ երաշխիքներ, առաջարկներ չի անում, կե՞ղծ են։

– Դա քարոզչական թեզ է պետական մակարդակով։ Հիմա արդեն անհնար է այդ թեզը պաշտպանել, որովհետև ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից կա առաջարկ, կա Բրյուսելում գործընթաց, ու Հայաստանում են միջազգային դիտորդները։ Այսինքն՝ այս իրավիճակում նման պնդում անելն անլուրջ է։

Հիմա նոր թեզով է հանդես գալիս պետական քարոզչությունը, որ Արևմուտքի առաջարկը ենթադրում է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Հաջորդ կատաստրոֆան, որ սպասում էայդ պետական քարոզչամեքենային, լինելու է այն, որ Վաշինգտոնը բացահայտելու է իր առաջարկը, ու պարզվելու է, որ այդ շրջանառվող թեզը սուտ է։ Սոչիում ընդունված հայտարարությունը, իմ կարծիքով՝ Վաշինգտոնը անտեսելու է, ու ինքն ունի բազմաթիվ գործիքներ իրավիճակը ղեկավարելու համար:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am