Սամվել Վարդանյանի պաշտպանները հայտարարում են այլանդակ ու վաղուց նախադեպը չունեցող խոշտանգման դեպքի մասին. Միքայել Նահապետյան

«Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քաղաքական շարժառիթներով ազատությունից զրկված Սամվել Վարդանյանի պաշտպանները հայտարարում են այլանդակ ու վաղուց նախադեպը չունեցող խոշտանգման դեպքի մասին` համակցված ֆիզիկական, հոգեբանական ու սեռական ոտնձգությամբ։

Հաշվի առնելով բարձրաստիճան պաշտոնյաների ու իշխանական պրոպագանդիստական ռեսուրսների կողմից նախօրոք տարված հաշվեհարդարի սպառնալիքներով քարոզչությունը` փաստերի արժանահավատությունը չի կարող օբյեկտիվորեն կասկածելի լինել։

Հիմա ես եղբայրական խնդրանքս եմ ուղղում բոլոր նրանց ովքեր երբևէ ինձ հետ կանգնած են եղել իրավունքների պաշտպանության նույն բարիկադին, ովքեր սրտացավ կլինեին եթե դա տեղի ունենար իմ հետ Սերժի օրոք, բայց չեն կարողանում էմպատիա գտնել հիմա, չեն կիսում Սամվելի ինչ-որ մոտեցում, ինչ-որ «ճամբար», ինչ-որ ճաշակ, ինչ-որ մի բան… ես խնդրում եմ ու խնդրում եմ վերջին անգամ` ողջ հետագա կյանքում հաշվի առնելու համար… ձայն բարձրացրեք, մի լռեք, որովհետև դա կարող էինք լինել մենք` յուրաքանչյուրս։ Բռնության զոհը քաղաքացի է` երբեմնի հպարտ, իսկ հիմա դրսում ու ներսում նվաստացվող քաղաքացի։

Մի արձակեք կարեկցանքին ուղղված առաջին կրակոցը, որովհետև հետո այդ կրակոցները չեն ունենալու հաշիվ, չեն ունենալու ուղղություն ու ավարտ»։