Կատարում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է գիտակրթական ոլորտում փոխգործակցության հեռանկարին

Աշխատանքային այցով Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ պատվիրակության անդամ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել են Կատարի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բին Ջասեմ ալ-Քուարին: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Կատարի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի հետաքրքրվածությանը, թվարկել է մեր երկրի կողմից ոլորտային մի շարք առաջնահերթություններ:

Նրա խոսքով համագործակցության մեծ հնարավորություն կա մշակույթի, առողջապահության եւ կրթության ոլորտներում, որոնք էլ Կատարի Զարգացման հիմնադրամի գերակա ռազմավարական ճյուղերն են: Անդրադառնալով գիտակրթական, մշակույթի ոլորտում փոխգործակցության հեռանկարին` ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է Մատենադարանում պահվող արաբատառ բազմահազար ձեռագրերն ու գրքերը` առաջարկելով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ եւ փոխադարձ ցուցադրություններ կազմակերպել:

Հիմնադրամի տնօրենը նշել է, որ իրենք յուրաքանչյուր ոլորտում կարեւորում են մարդկային ռեսուրսը, ինչի հիմքով էլ կկազմվեն առաջիկա հնարավոր համագործակցության նախագծերը եւ կքննարկվեն Հայաստանի համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ:

«Հայաստանում սպասում ենք Կատարի Պետության Էմիր, Նորին մեծություն շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թհանիի պատմական այցելությանը: Ցանկալի կլինի այցից առաջ որոշակի առարկայական ծրագրեր մշակել»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ։