Սահմանափակումներ եւ գրաքննություն. Մաքսային միությունում մամուլի ազատության վիճակը նախանձելի չի լինի

Սահմանափակումներ եւ գրաքննություն.  Մաքսային միությունում մամուլի ազատության վիճակը նախանձելի չի լինի
Սահմանափակումներ եւ գրաքննություն. Մաքսային միությունում մամուլի ազատության վիճակը նախանձելի չի լինի

Չնայած միջազգային հեղինակավոր կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում խոսքի ազատության ոլորտում բարելավում են արձանագրում, այնուամենայնիվ մեդիա փորձագետները լավատես չեն, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո այդ միտումները կշարունակվեն:

Ավելին, վերջին օրերին ռուսական ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ սկսված արշավներն ու սահմանափակումները, ոլորտի մասնագետների գնահատմամբ, խոսում են այն մասին, որ Հայաստանում եւս պետք է սպասել իրավիճակի վատթարացում, գրաքննության:

«Եթե վերցնենք, օրինակ, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալները, ապա Հայաստանում խոսքի ու լրատվամիջոցների ազատության մակարդակը շատ ավելի լավն է քան Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում,-«Մեդիալաբին» ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:-Կան մտահոգություններ, որ Մաքսային միություն  մտնելուց հետո այն բարքերը, որոնք տիրում են նշված երկրներում, կարող են տեղափոխվել նաև Հայաստան»:

Եթե «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան  կազմակերպության «Մամուլի ազատության 2014» զեկույցի համաձայն Հայաստանը 180 երկրների մեջ զբաղեցնում է 78-րդ հորիզոնականը` որպես «նկատելի խնդիրներ ունեցող երկիր», ապա Մաքսային ու Եվրասիական միությունների ձևավորմանը ձեռնամուխ եղած Ռուսաստանը կրկնակի հետ է եւ զբաղեցնում է 148-րդ տեղը, որպես «վտանգավոր վիճակ ունեցող երկիր»: Հետապնդումներ, տնային կալանք, բռնություններ եւ ազատազրկում: Անցյալ տարվա ընթացքում Ռուսաստանում բազում էին նման ոտնձգությունները ԶԼՄ-ների, լրագրողների, եւ բլոգերների նկատմամբ:

Այս առումով էլ ավելի վատ վիճակում է գտնվում Բելոռուսը` իր 157-րդ հորիզոնականով, ուր լրագրողների հանդեպ բռնությունները եւ մամուլի ազատության դեմ ոտնձգություններն ու սահմանափակումները նորմալ երեւույթներ են:  

Զեկույցի համաձայն, Հայաստանը համարվում է տարածաշրջանում լավագույն ցուցանիշ ունեցողը, որին հաջորդում է Վրաստանը, (84-րդ տեղ),  Թուրքիան (154-րդ տեղ), Ադրբեջանը՝ (160-րդ տեղ),  Իրանը՝ (173-րդ տեղ): Մամուլի ազատության առումով առաջին երյակում գտնվող, լավագույն վիճակում գտնվող երկրներն են Ֆինլանդիան, Նիդերլանդներն եւ Նորվեգիան: 

«Վլադիմիր Պուտինի Կրեմլ վերադարձից հետո, շարունակվում են ընդունվել «դրակոնյան օրենքներ»: Հետապնդումների են ենթարկվում քաղաքացիական ակտիվիսնտներ, ԶԼՄ ներկայացուցիչներ եւ բլոգերներ,-նշվում է զեկույցում,-կազմվում են օնլայն կայքերի սեւ ցուցակներ, ավելանում են այն մարդկանց թիվը, ովքեր քրեական պատասխանատվության են ենթարկվում «պետական դավաճանության» եւ «զրպարտանքի համար»»:

Մամուլի ոլորտի փորձագետները նշումն են, որ Ռուսաստանում ներկայումս մամուլի կանոկարգմանն ուղղված նոր օրինագիծը, որի նպատակը հատկապես էլեկտրոնային ԶԼՄ-ները վարահսկողության տակ պահելն  է լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Իրական մտավախություններ կան, որ նույն օրենքները կտեղափոխվեն Հայաստան:

«Առանց դատարանի որոշման կարող են որևէ կայք արգելափակել: Ռուսաստանում իսկապես խոսքի ազատությունը տարեցտարի հետ է նահանջում և Ռուսաստանը չէ, որ այդ առումով կարող է Հայաստանի համար օրինակ լինել: Շատ ավելի լավ կլինի, որ մենք օրինակ վերցնենք նախկին ԽՍՀՄ կազմում եղած Մերձբալթյան երկրներից, նրանք նույնպես դուրս գալով նույն երկրից՝ դարձել են շատ ավելի առաջատար և բոլոր միջազգային ցուցանիշներով լավագույն երկրների թվում են»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Գյումրիի ժունալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը եւս մտահոգ է: Ըստ Բարսեղյանի, Հայաստանում մամուլն ընդհանուր առմամաբ  անազատ է, քանի որ որեւէ հեռուսատաընկերության եթերով Սերժ Սարգսյանի հանդեպ քննադատություն չի հնչում:  Սակայն, նա վստահ է, որ վիճակն անհամեմատ կվատանա Հայաստանի`Մաքսային միության կազմում հայտնվելուց հետո:

«Ռուսաստանում վերջին օրերին քննարկվում է հակառուսական հրապարակումների դեմն առնելու մասին օրինագիծ: Հայաստանը մի խայտառակ ղազագիր է ստորագրել այն մասին, որ Հայաստանը չի անելու որևէ բան, որը կվնասի Մաքսային միությանը: Թե ով ինչպես է գնահատելու այդ վնասը, հասկանալի է: Վաղը չէ մյուս օրը կարող են շատ հեշտությամբ փորձել, ինչպես սեպտեմբերի երեքի շրջադարձն արեցին Սերժ Սարգսյանի միջոցով, մեր զանգվածային լրատվության մասին օրենսդրությունը փոփոխել այնպես, որ հանկարծ հայաստանյան մամուլ չկարողանա Մաքսային միության կամ կայսրապետական նկրտումների թեմայով որևէ հրապարակում անել»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով, երբ Հայաստանը մուտք է գործում մամուլի պակաս ազատություններ, մարդու իրավունքների պակաս պաշտպանվածություն ունեցող երկրների տարածք, բնականաբար, նմանվելու է նրանց:

Ուկրաինական զարգացումներով պայմանավորված, Լևոն Բարսեղյանի խոսքով, ռուսական մամուլի դեգրադացիան ակնհայտ երևում է:

«Մի բան չէր դրանից առաջ, բայց հիմա խայտառակ վիճակում է հայտնվել: Իրենց համար սա նորմալ է և Հայաստանում էլ կուզեն համանման կարգեր հաստատել»,- ասում է Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ հնարավոր է տպագիր մամուլի նկատմամբ ճնշումները շատ չլինեն, բայց էլեկտրոնային մամուլի վրա զանազան տեխնիկական հնարքներ կարող են օգտագործել:

«Այս պայմաններում հեռուստառադիո ոլորտում ազատականացում չպետք է սպասել: Թույլ չեն տա, որպեսզի ռադիո ու հեռուստաալիքները շատանան, որովհետև դրանց վրա ազդելը դժվար կլինի: Սա մոտավորապես տանում է Սովետական միության, այն տարբերությամբ, որ այն ժամանակ բոլոր հեռուստաալիքները պետական էին, հիմա կարծես թե մասնավորները շատ են, բայց բովանդակությամբ բոլորը շարունակում են մնալ նախագահական քաղաքականությամբ»,- նշեց նա:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախորդ տարվա զեկույցում Հայաստանին ընդամենը մեկ միավոր է պակասում՝ մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում ընդգրկվելու համար:

Այս կազմակերպության վերջին զեկույցի համաձայն՝ Հայաստանը թեև դասվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքը, սակայն մոտեցել է կարգավիճակի փոփոխման սահմանագծին, և զեկույցի հեղինակների կարծիքով՝ ամենանշանակալի առաջընթաց գրանցած երկրներից է: Հայաստանը բարելավել էր իր դիրքերը 4 միավորով և 61 միավոր էր ստացել: 

Freedom House-ի նախորդ տարվա զեկույցի նախաբանում մեջբերվել էր կազմակերպության նախագահ Դեյվիդ Քրամերի խոսքը, որի համաձայն՝ Ռուսաստանում այժմ իրականացվող ճնշումները վատթարագույնն են Խորհրդային Միության անկման ժամանակից:

«Դրանք ոչ միայն կործանիչ ազդեցություն ունեն ռուսաստանցիների հիմնարար ազատությունների և երկրում ժողովրդավարության հաստատման հեռանկարների վրա, այլ նաև, հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, քաջալերում են այլ բռնապետներին ավելացնել ճնշումն իրենց քաղաքացիների նկատմամբ»,- նշվում էր զեկույցում:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Մաքսային միությունը միգուցե ազդեցություն չունենա հայաստանյան ԶԼՄ-ների վրա, սակայն Եվրասիական միությանը միանալը, բնականաբար, կենթադրի մամուլի վրա ազդեցության մեծացում: Հայասատանյան մամուլի ոլորտի ստանդարտները, նրա խոսքով, կհավասարեցվեն Եվրասիական միության տարածքի մյուս երկրների՝ Ռուսասստանի, Բելառուսի ու Ղազախստանի ստանդարտներին:

«Շատ հեշտ է պատկերացնել, թե այդ ինտեգրացիոն գործընթացները խորանալուն զուգահեռ ինչպիսին կլինի վիճակը Հայաստանում»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:

Ռուսասատանը, Բելառուսն ու Ղազախստանը, նրա խոսքով, մամուլի ազատության ցուցանիշներով շատ ավելի հետ են Հայաստանից:

«Այստեղ խոսքը գնում է նաև ինտերնետի խիստ կարգավորումների մասին, այդ երկրներում սահմանափակումներ կան՝ կապված սոցիալական ցանցերի օգտագործման հետ, առանձին էլեկտրոնային կայքերի նկատմամբ խիստ վերահսկողություն կա, օգտատերերի անձնական տվյալների վերահսկողություն, որը հակասում է  անձնական տվյալների պաշտպանության միջազգային կարգավորումներին: Նաև առանձին լրատվամիջոցների նկատմամբ, որոնք չեն վերահսկվում իշխանական քաղաքական շրջանակների կողմից, որոշակի գրաքննություն կա»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով, ունենալով Չինաստանի օրինակը, շատ հստակ կարելի է պատկերացնել, ինչի կհանգեցնեն ռուսական մամուլի շուկայում տեղի ունեցող զարգացումները:

Նա հիշեցեց, որ Չինաստանում Ֆեյսբուք սոցիալական ցանցն ու Յութուբը փակ են, շատ այլ ռեսուրսներ, առանց որոնց ժամանակակից հասարակությունը հնարավոր չէ պատկերացնել, հասանելի չեն Չինաստանի հասարակությանը:

«Փաստորեն երկիրը հայտնվում է մեկ այլ մոլորակում: Ես չէի ուզենա, որ Հայաստանը հայտնվեր այլ մոլորակում: Եվրասիական միության մաս կազմելով՝ այն ստանդարտները, որոնք կարողացել էինք ներդնել Հայաստանում և գլոբալ տեղեկատվական տարածքին միացած լինելը, որը շատ կարևոր է երկրի զարգացման համար, կկորցնենք: Մենք կունենանք լուրջ խոչընդատներ՝ պահպանելու այդ ինտեգրացված վիճակը»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

© Medialab.am