Ուկրաինայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հունիսի 30-ին, Կիևի հայ համայնքի երիտասարդների նախաձեռնությամբ, կայացել է համայնքի անդամների հանդիպումը Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։

Դեսպանությունից հայտնում են, որ ծանոթությունը ու հաջորդած շփումն անցել է ոչ պաշտոնական և ընկերական մթնորոլտում։ Դեսպանը պատմել է իր մասին, նկարագրել դեսպանության առաքելության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ներկայացրել է իր պատկերացումները Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

Ելույթից հետո դեսպանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը։ Միջոցառման երկրորդ հատվածում կայացել է «Առաջին դեմք» ֆիլմի ցուցադրությունը @sunsetcinema.kiev բացօթյա կինաթատրոնում։