«Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում պայմանավորվածություններ է ձեռք բերում, հետո մենք առերեսվում ենք իրականությանը». արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը 

– Պարո՛ն Գալստյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցում հնչած պատասխաններից ելնելով, կասե՞ք, ձեր տպավորությամբ՝ Կառավարության ղեկավարն ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Արցախի հարցում։

Նիկոլ Փաշինյանը ոչ թե Արցախի, այլ, ընդհանրապես, հայկական հարցում հակահայ, հակահայաստանյան, հակաարցախյան քաղաքականություն է վարում։ Նրան հենց այդ ծրագրով, այդ նպատակով էլ իշխանության են բերել, որպեսզի այդ չարաբաստիկ ծրագիրն իրագործի։ Այս ծրագրերի հեղինակը չգիտեմ ով է, բայց կյանքի կոչողը Նիկոլ Փաշինյանն է, թե ո՞ր ուժերն են՝ միանշանակ չեմ կարող ասել, բայց որ դրանք հայկական չեն, և դա Նիկոլ Փաշինյանի ձեռքով են կյանքի կոչում, այսօր հասկանում է անգամ մանկապարտեզի երեխան։

– Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն, ինչ բանակցվում է Արցախի վերաբերյալ, գաղտնիք չէ արցախցիների համար, համենայնդեպս, ըստ վարչապետի, ամեն բանից տեղյակ է Արցախի Հանրապետության նախագահը, ու նա հույս հայտնեց, որ վերջինս այդ մասին տեղեկացնում է խորհրդարանանական ուժերին ու ոչ միայն։ Արայիկ Հարությունյանն ասո՞ւմ է, թե ինչ է բանակցվում այսօր, ու ինչ է սպասում Արցախին։

– Ես բազմիցս եմ ասել, որ բանակցություններ չկան, կա բանակցությունների իմիտացիա, եթե կա էլ, համենայնդեպս, մենք տեղյակ չենք։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում պայմանավորվածություններ է ձեռք բերում, հետո մենք առերեսվում ենք իրականությանը, նոր միայն հասկանում, որ դա նախօրոք ձեռք բերված պայմանավորվածություն է եղել, իսկ թե այս պահին իրենք ինչ են բանակցում կամ խոսում Արցախի մասով, մենք լսում ենք իր ելույթներից։

– Արայիկ Հարությունյանը տեղյակ չէ՞, ձեզ որևէ բան չի՞ ասում։

– Ես չեմ կարող Արայիկ Հարությունյանի փոխարեն ասել, համենայնդեպս, մենք՝ որպես խորհրդարանական ուժ, տեղյակ չենք ու տեղեկանում ենք կա՛մ Նիկոլի հրապարակային խոսքից, կա՛մ էլ իրականությանն առնչվելուց հետո ենք հասկանում, որ դա ձեռք բերված գաղտնի պայմանավորվածություն է, որը նա, չգիտես ինչու, անվանում է բանակցություն։

– Պարո՛ն Գալստյան, իսկ խորհրդարանական ուժերով չե՞ք դիմում նախագահին, որ ձեզ ներկայացնի իրավիճակը, եթե ինքը դա չի անում։

– Իհարկե դիմում ենք։ Բազմիցս տեսել եք, որ նույն Արայիկ Հարությունյանը թե՛ դեկտեմբերին, թե՛ ապրիլին հայտարարություններ է տարածել և թե՛ վերջերս, երբ խոսում էր աղետալի ու ցավալի որոշումների մասին, Արայիկ Հարությունյանը իր հրապարակային խոսքով հակադրվեց Նիկոլ Փաշինյանին, բայց, չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նա տեղյակ է։ Եթե Արայիկ Հարությունյանը չանդրադառնա ու չպարզաբանի, թե այդ ինչ բանակցություններ են վարվում, որի մասին տեղյակ են, ուրեմն իրենք նույն նավի մեջ են ու երկու երկիրը տանում են կործանում։

Փաշինյանն ասաց, որ ինքն ավելի շատ համաձայն է, որ Ադրբեջանի հետ ուղիղ խոսի Արցախը, ոչ թե Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում դա հնարավոր համարո՞ւմ եք։

– Երբ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից կանգնում ու ասում էր՝ արցախցիներն ինձ ձայն չեն տվել, ես չեմ կարող խոսել Արցախի անունից, դա բոլորիս մեսիջ էր, որ ինքը գիծը տանելու էր այն ուղղությամբ, որ Հայաստանն այլևս Արցախի փոխարեն չբանակցի, չխոսի։ Դա իրենց ծրագրի հենց գագաթնակետն էր, իսկ մենք ասում ենք, որ Արցախն ու Հայաստանը միևնույն անվտանգային գոտին են, ու մեկն առանց մյուսի չի կարող գոյատևել։ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ժողովրդի մեջ վախի մթնոլորտ սերմանի, որ իր կայացրած ցավալի որոշումը ներկայացնի անխուսափելի, որ իբր ով էլ լիներ՝ այդպես կաներ, բայց մենք գիտենք, որ դա այդպես չէ։

– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել՝ որպես խորհրդարանական ուժ։

– Չեմ ուզում հիմա փակագծեր բացել, բայց որոշ քայլեր ձեռնարկվելու են։ Այսօր արդեն տեղի է ունեցել նախագահի ու խորհրդարանում ներկայացված կուսակցության ղեկավարների հանդիպում, որի ժամանակ որոշում է կայացվել Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել, բայց չեմ ուզում մանրամասներ ներկայացնել, որպեսզի գործին չվնասեմ։

– Այսինքն՝ մտավախություններ, մտահոգություններ կա՞ն, որ որոշվել է ԱԽ նիստ հրավիրել, պարո՛ն Գալստյան։

– Միանշանակ, Նիկոլ Փաշինյանի ամեն ելույթից հետո Արցախում մտահոգություններ են առաջանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am