«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը
– Տիկի՛ն Սամսոնյան, ինչպե՞ս եք գնահատում ու ինչո՞վ եք բացատրում դատարանի որոշումը, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանին թույլ չեն տալիս տեսակցել իր անչափահաս դստեր հետ:
– Հայաստանում արդարադատության համակարգն ամբողջությամբ քաղաքականացված է, ու դա վերաբերում է ոչ միայն քաղաքական դրդապատճառներով մարդկանց ազատությունից զրկելուն, այլ նաև ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքին:
Մենք բազմիցս համոզվել ենք, որ այս իշխանության օրոք քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունենում խոշտանգումներ, բռնություններ, ու քանի որ կանանց նկատմամբ չի կարող լինել խոշտանգում կամ ֆիզիկական բռնություն, հետևաբար այլ եղանակներ են գտնում:
Օրինակ՝ հոգեբանական խոշտանգում, երբ մորը զրկում են երեխային տեսակցելուց: Քննիչը չի կարող արգելել տեսակցությունը մերձավոր հարազատների հետ, որոշումը պետք է լինի գրավոր, հստակ հիմնավորված և փաստական տվյալներով բացատրված: Վստահ եմ, որ կոնկրետ դեպքում արգելքը որևէ հիմք չունի, սա ուղղակի հոգեբանական խոշտանգում է Արեգնազ Մանուկյանի նկատմամբ:
– Ինչպե՞ս եք գնահատում ՄԻՊ-ի հայտարարությունը սրա վերաբերյալ, կարո՞ղ էր կառույցն այնպես անել, որ տեսակցությունը թույլատրվեր:
– Այս կառույցը դարձել է դեկորատիվ կառույց Հայաստանում, որը հրապարակում է հայտարարություններ՝ բարդ նախադասություններով, որ մարդիկ կարդան ու բան չհասկանան, այդ իսկ պատճառով ՄԻՊ-ից որևէ բան ակնկալել պետք չէ: Կոնկրետ հայտարարության մեջ ՄԻՊ-ը հղում է անում երեխայի լավագույն շահի պաշտպանությանը, բայց այդ հայտարարությունն ու հղումը երկսայր սուր են, որովհետև եթե ՄԻՊ-ը քրքրի երեխայի լավագույն շահի վերաբերյալ դրույթները, կարող է պարզել, որ հենց երեխայի լավագույն շահն է պահանջում, որ նա տեսակցի մոր հետ, որովհետև Արեգնազ Մանուկյանը, որքանով ես եմ ծանոթ գործին, չի կատարել ծանր հանցագործություն կամ չի գտնվում անադեկվատ վիճակում, որ երեխային պաշտպանեն նրանից: Հետևաբար այս հայտարարությունը կարելի է գնահատել անարդյունավետ, անարժեք և ընդհանրապես կարելի էր նման հայտարարություն չանել:
– Ձեր գնահատմամբ՝ ներհայաստանյան այս իրադարձությունները օրենքի գերակայությա՞ն, թե՞, ինչպես նշում են ընդդիմադիրները, բռնաճնշումների դրսևորումներ են:
– Այո՛, այն, ինչ կատարվում է ընդդիմադիրների նկատմամբ, կարելի է որակել քաղաքական բռնաճնշումներ, թեև Եվրոպան այս ամենի վրա աչք է փակում, միջազգայնորեն այս ամենը որակում չի ստանում, մարդկանց թվում է, թե մեզանում բռնաճնշումներ գոյություն չունեն, բայց սրանք բռնաճնշումներ են, ու Եվրոպան աչք է փակում այդ ամենի վրա, որովհետև այդ բռնաճնշումները տեղի են ունենում ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք ունեն ռուսամետ հայացքներ:
– Տիկի՛ն Սամսոնյան, այս գործընթացներն ի՞նչ նպատակ են հետապնդում:
– Առաջին նպատակն այն է, որ ճնշի ընդդիմադիր խոսքը, ու իշխանությունը հատկապես առիթավորվում է, երբ միջազգային ներկայացուցիչները դրա վրա աչք են փակում քաղաքական ու իրավական տեսանկյունից:
Երկրորդ նպատակը համատարած վախի մթնոլորտ ստեղծելն է, որ մարդիկ վախից իրենց կարծիքը չարտահայտեն, չխառնվեն քաղաքականությանը ու գնալով մարդիկ քաղաքականապես պասիվանում են, ինչը բացառապես ձեռնտու է օրվա իշխանությանը, որովհետև ՔՊ-ն ձգտում է պահպանել իր իշխանությունը ու գնում է դեպի չորրորդ ժամկետ պաշտոնավարելուն:
Երրորդ նպատակը անձնական միտումներով է պայմանավորված. Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ բոլորին կպատժի, կբանտարկի: Անձնական միտումներից ելնելով էլ տեղի է ունենում այն, ինչն այսօր տեսնում ենք:
Ինձ շատ է անհանգստացնում այն, որ այսօր ժողովուրդը շատ լոյալ է այս բռնաճնշումների նկատմամբ, հայ ժողովրդի պասիվությունը հանգեցնելու է մի իրավիճակի, որ մենք լինելու ենք պիտակով դեմոկրատական երկիր, բայց բովանդակությամբ՝ ավտորիտար ու ձախողված պետություն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















