«Պետք է ապահովել Արցախի ճանաչումը, ակնհայտ է, որ այդ տարածաշրջանն ու ողջ հայությունը գտնվում են թուրք-ադրբեջանական վտանգի գոտում». Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, այսօր Ադրբեջանը փորձեց խախտել Մոսկվայում ընդունված որոշումը, ըստ որի՝ հումանիտար նպատակով հրադադար պետք է հաստատվի։ Որքանո՞վ է հավանական, որ հրադադարը հետագա օրերին կպահպանվի։

– Ակնհայտ է, որ հրադադարը չի պահպանվում։ Ադրբեջանը նույնիսկ պատճառն է բացատրել՝ խոստովանելով, որ ինքը հրադադարը չի պահպանում՝ ասելով, որ դրա իրականացման պայմանները ուղղակի հստակեցված չեն։

– Հետևաբար, նրանք կարող են ցանկացած պահի խախտե՞լ հրադադարը։

– Արդեն խախտում են։

– Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի հայկական կողմը։

– Հիմա պետք է ուղղակի աշխարհին, ԵԱՀԿ Մինսկի խմբին մոբիլիզացնել, տեղեկացնել, որ կոնֆլիկտի այդ կողմը պայմանավորվածությունները պահելու ունակություն ու շահագրգռություն բացարձակապես չունի։

Եվ պետք է փորձել գտնել այլ մեխանիզմներ, հետաքննության մեխանիզմներ ներդնել ԵԱՀԿ շրջանակներում։ Այդ թվում՝ պետք է հրադադարի պայմանների պահպանության նոր մեխանիզմներ մշակել, ոչ միայն մշտադիտարկման կամ հետաքննության առումով, այլ նաև արագ արձագանքման։

– Դիվանագիտական դաշտում ի՞նչ աշխատանք պետք է առաջնահերթ անել։

– Առաջին հերթին, պետք է ապահովել Արցախի ճանաչումը։ Ակնհայտ է, որ այդ տարածաշրջանն ու ողջ հայությունը գտնվում են թուրք-ադրբեջանական վտանգի գոտում։ 

Նաև ակնհայտ է, որ Թուրքիան ուղղակի ավերում է ԵԱՀԿ տարածաշրջանը։ Եվ այս կտրվածքով Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ պետք է լուրջ պատժամիջոցների արշավ գնա։

Մոսկվայում երեկ շատ երկար՝ մոտ 11-ժամանոց բանակցություններ ընթացան։ Ի՞նչ ցույց տվեցին այդ բանակցությունները՝ թուրք-ադրբեջանական տանդեմը դիմադրո՞ւմ է։

– Այդ բանակցություններից հասկացանք, որ Ադրբեջանն այդքան էլ հակված չէ հրադադարին։ Ալիևի հոգու ճիչը՝ ուղղված Հայաստանին, թե՝ ինչո՞ւ ես գնում Մոսկվա… Նա շատ նյարդայնացած էր, թե ինչու է խաղը տեղափոխվում Մոսկվայի դաշտ։

Եթե անդրադառնանք Ռուսաստանին, այդ երկրի գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Առաջինը, եկեք ֆիքսենք, որ արդեն այսօր հրետակոծվել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին՝ Հայաստանի հարավը՝ Սյունիքը։ Եվ այս առումով թե՛ Ռուսաստանը, թե՛ ՀԱՊԿ-ը պետք է հանդես գան կոշտ, դատապարտող հայտարարությամբ։ 

Երկրորդ՝ Մոսկվայի հետ հաղորդակցության խողովակներով պետք է բացատրվի, թե ինչ է լինելու սրա ավարտը, եթե ադրբեջանական կողմն ըստ էության որևէ պայմանավորվածություն չի պահպանում։ Մնացածն արդեն Մոսկվան ինքը պետք է հետևություններ անի։ Իսկ մեզ պարտադրվել է պատերազմ, մեր ճանապարհը հայրենիքը պաշտպանելն ու ոսոխին հետ շպրտելն է։

Երբ հայտարարությունում նշվում է՝ «Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը», դա կարո՞ղ ենք հաջողություն որակել։

– Կարելի է պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել և՛ հումանիտար հարցերի քննարկման, և՛ ընդհանրապես կարգավորման հետ կապված։ 

Բնականաբար, հայկական կողմը պնդել է, որ իրականում պատերազմը հայտարարվել է Արցախի դեմ, դիակները գտնվում են Արցախի տարածքում կամ մոտակայքում, և, բնականաբար, այդ հարցում բանակցող կողմ պետք է հանդես գա Արցախը։ 

Բնականաբար, Ադրբեջանը պետք է պնդած լինի, որ Արցախը չպետք է մասնակցի բանակցություններին, Հայաստանին պետք է մեղադրած լինի բոլոր մեղքերի մեջ, հավանաբար պնդել է, որ Թուրքիան պետք է դառնա բանակցային կողմ։ Այսօր Ադրբեջանի նախագահի օգնականը միրաժային հայտարարություն արեց, թե Թուրքիան բանակցային սեղանի շուրջը կա։ 

Եվ այս կտրվածքով հասկանալի է, որ երկու կողմի պայմանները դրել են մի կողմ։ Ես չեմ ասի, թե դա մեզ համար վատ է։ Իհարկե լավագույն տարբերակն Արցախին պրոցեսի մեջ մտցնելը կլիներ, բայց բոլոր դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթերով Արցախը դե յուրե բանակցային կողմ է, իսկ դե ֆակտո՝ ոչ։

Հետևաբար, այս կետում մեր առավելագույն նպատակը չի բավարարվել, բայց հաստատապես կարևոր բան է տեղի ունեցել, որովհետև ակնհայտորեն այստեղ Հայաստանի ու Ռուսաստանի շահերը համընկել են, և Թուրքիային դուրս են շպրտել։ Եվ այդ նախադասությունը գրվել է առավելապես Թուրքիայի համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am