«Այն հոգեբանությունը, որը ձևավորված է մեզանում՝ քիչ աշխատել, շատ ուտել, նման բան չկա աշխարհում, պետք է փոխել». Վարդան Բոստանջյան

«Այն հոգեբանությունը, որը ձևավորված է մեզանում՝ քիչ աշխատել, շատ ուտել, նման բան չկա աշխարհում, պետք է փոխել». Վարդան Բոստանջյան
«Այն հոգեբանությունը, որը ձևավորված է մեզանում՝ քիչ աշխատել, շատ ուտել, նման բան չկա աշխարհում, պետք է փոխել». Վարդան Բոստանջյան

Հնարավոր չէ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 10 հազար դոլարի, եթե երկրում արմատական բարեփոխումներ չկատարվեն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Իհարկե, այս պայմաններում դա իրատեսական չի կարող լինել: Սերժ Սարգսյանն իր խոսքում բազմաթիվ հարցեր մատնանշեց, որոնք դեռևս կնճռոտ են և չլուծված, և միայն այդ խնդիրների լուծման պարագայում մենք կարող ենք տնտեսական աճի ավելի մեծ ցուցանիշներ ունենալ: Այդ դեպքում արդեն հնարավոր է որոշակի ժամականակահատվածից հետո, այո, հասնել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի նման ցուցանիշի»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում կազմակերպված տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի: Դա ենթադրում է նոր որակի ենթակառուցվածքներ և համայնքային ինստիտուտներ, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային և նորարարական մոտեցումներ:

«Պետք է ներդնել տարբեր հավաքական ներդրումային սխեմաներ, որոնց համար մենք մշակում ենք միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ: Պետք է ստեղծենք ներդրումային նոր ֆոնդեր, հնարավորություններ ստեղծենք անշարժ գույքի, սոցիալական և կանաչ պարտատոմսերի թողարկման համար»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատում է, որ նախորդ տարիներին իշխանություններին չի հաջողել կյանքի կոչել իրենց խոստումներն ու հաղթահարել երկրում առկա խնդիրները:

«Այդ պայմաններում մեզ մոտ մի իրավիճակ է, որ այլևս հավատ չունենք այդ խստումների նկատմամբ: Եվ թվում է, թե անհնար է զարգացում ապահովել: Բայց անհնարին ոչինչ չկա: Եթե կամք ունենան, կառավարման ճիշտ համակարգ ներդնեն, հնարավոր կլինի ապահովել այդ ցուցանիշները: Պետք է երկրում ապահովել մրցակցություն, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնել, զարկ տալ փոքր ու միջին ձեռներեցությանը, հավասար պայմաններ ստեղծել մարդկանց համար, հասարակության հետ երկխոսության գնալ: Այս բոլոր խնդիրներն այսօր երկրում լուծված չեն: Եթե լուծեն, ցանկալի ցուցանիշների կհասնենք, ինչին հասել են աշխարհի շատ երկրներ»,- ասում է Վարդան Բոստանջյանը:

Սերժ Սարգսյանը վերջերս նաև հայտարարել էր, որ մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչության թիվը հնարավոր կլինի հասցնել 4 մլն-ի: Հայաստանի արտագաղթի տեմպերը տարեցտարի ավելանում են, և այդ պայմաններում, ըստ Բոստանջյանի, հնարավոր չէ ավելացնել երկրի բնակչության թիվը: Մարդիկ գնում են, քանի որ, ըստ նրա, երկրում անարդարություն է:

«Արտագաղթի ներկա տեմպերը թույլ չեն տալիս, որ մենք մտածենք այդ մասին: Եթե մենք կարողանանք արդարության մթնոլորտ ստեղծել երկրում, հավասարության ինստիտուտ ներդնել, մարդիկ չեն գնա Հայաստանից: Այդ դեպքում միայն 4 մլն-ից ավելի բնակչություն կարելի է ունենալ»,- հավելեց տնտեսագետը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակը Վարդան Բոստանջյանն այսօր մտահոգիչ է համարում: Նրա խոսքով՝ կառավարությանը չհաջողեց այս տարի լուծել մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրները:

«Մենք 2017 թվականին չենք կարող ասել, որ լուծեցինք շոշափելի որևէ խնդիր, և, ցավոք, այդ պրոցեսը շարունակվում է մինչև հիմա: 2018 թվականին էլ, չեմ կարծում, որ ցցուն հաջողություններ կունենանք: Կառավարությունն ասում է՝ 2018 թվականին պետք է գոտիներս ձգենք, հասնենք արդյունքների, որոնք կդառնան նախադրյալներ հետագա առաջընթացի համար: Եթե, իհարկե, հավատանք նրանց մոտեցումներին, այդ հավատը չկա»,- ասաց նա:

Ըստ Բոստանջյանի՝ քանի դեռ կառավարման համակարգը լուրջ ու արմատական փոփոխությունների չի ենթարկվել, խնդիրները կշարունակվեն:

«Կարծում եմ` կառավարման համակարգը կարիք ունի լուրջ ու արմատական փոփոխությունների: Այն հոգեբանությունը, որը ձևավորված է մեզանում՝ քիչ աշխատել, շատ ուտել, նման բան չկա աշխարհում, պետք է փոխել: Մենք պետք է հետևողական ու արդյունավետ աշխատենք»,- հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am