«Ռուսաստանին ձեռնտու է, որ տարածաշրջանում լարվածությունն աճի». ՌԴ-ի լռությունն, ըստ քաղաքագետների, կասկածելի է ու հիասթափեցնող

«Ռուսաստանին ձեռնտու է, որ տարածաշրջանում լարվածությունն աճի». ՌԴ-ի լռությունն, ըստ քաղաքագետների, կասկածելի է ու հիասթափեցնող
«Ռուսաստանին ձեռնտու է, որ տարածաշրջանում լարվածությունն աճի». ՌԴ-ի լռությունն, ըստ քաղաքագետների, կասկածելի է ու հիասթափեցնող

Ի տարբերություն ԱՄՆ-ի, որ ժամեր անց պաշտոնապես պարզաբանումներ պահանջեց Հունգարիայից` դատապարտելով նախագահ Ալիեվի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատություն շնորհելը, Հայաստանի ամենամոտ դաշնակից համարվող Ռուսաստանը առ այսօր շարունակում է կասկածելի լռություն պահպանել:
ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը նշում է, որ կատարվածը այնպիսի քայլ էր, որ սպառնում է եւ Հայաստան-Ադրբեջան, եւ Հայաստան- Թուրքիա, եւ Հայաստան- Եվրոպա հարաբերությունների լարվածությանը:
«Չափազանց տարօրինակ է Ռուսաստանի լռությունը: Համարվելով Հայաստանի դաշնակից պետություն, առ այսօր դեռեւս ոչ մի արձագանք չկա: Եւ արձագանք չկա ոչ միայն Ռուսաստանից, այլեւ բոլոր այն երկրները, որոնք անվտանգության շահեր ունեն այս տարածաշրջանում»,-«Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Ըստ նրա՝ ՌԴ-ի լռությունը կարող է նշանակել, որ Ռուսաստանին ձեռնտու է տարածաշրջանում լարվածության աճը` Եվրոպայի հետ հարաբերություններում:

«Բայց սա վտանգավոր է նաեւ Ռուսաստանի համար, նա լրջորեն կարող է հեղինակազրկվել ՀՀ-ում, եթե առաջիկայում հանդես չգա իր դաշնակից երկրի շահերը պաշտպանող հայտարարությամբ»,-ասում է Սաֆարյանը եւ հավելում, որ Սպիտակ տան քայլն ավելի դիպուկ էր. ընդամենը ժամեր անց, արձագանքելով աղմկահարույց միջադեպին եւ գնահատելով ռիսկերը, որ տարածաշրջանում լարվածությունը ավելանում է, բացատրություններ պահանջեց ՆԱՏՕ-ի դաշնակից երկից:

Այս իրավիճակում, ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, Հայաստանը կամ պետք է վերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, կամ պետք է դրա մասին հայտարարություն տարածի:

Նա եւս հիասթափություն է արտահայտում Ռուսաստանի տեւական լռության վերաբերյալ:

«Դա նշանակում է, որ ճգնաժամի դեպքում Ռուսաստանը պատրաստ չէ օգնություն տրամադրել Հայաստանին: Եւ կարող ենք ասել, որ Ռուսաստանին ձեռընտու է տարածաշրջանում լարվածության աճը՝ հաշվի առնելով նաեւ այն միտումը, որ Ռուսաստանը գնալով խորացնում է իր հարաբերությունները Ադրբեջանի հետ: Հայաստանի իշխանությունները հիասթափված են»,-այսօրվա ասուլիսում ասել է Կիրակոսյանը:

Քաղաքագետը գտնում է, որ իրադարձությունների այսօրինակ զարգացումից հետո Հայաստանն անհապաղ պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը:

«Հայաստանը պետք է դադարեցնի բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ, որից հետո ես չեմ բացառում նաև ստատուս քվոյի վերանայումը եւ ռազմական գործողությունների վերսկսումը»,-նշել է նա:

Ռուսաստանը թեեւ պաշտոնապես չի արձագանքել տեղի ունեցածին, այնուամենայնիվ, ինչպես տեղեկացնում է Regnum-ը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը ստեղծված իրավիճակի առընչությամբ հանդիպում է ունեցել Մոսկվայում աշխատող լրագրողների հետ:

Ըստ նրա պարզաբանումների՝ ՌԴ-ի լռություն պայմանավորված է նրանով, որ իրադարձությունները ծավալվել են հանգստյան օրերին, երբ Մոսկվայում նշվում էր Քաղաքի տոնը, ինչպես նաև՝ 1812-ի Հայրենական պատերազմում հաղթանակի տոնակատարությունը:

«Կարծում եմ՝ լռությունն առայժմ միայն դրա հետ է կապված: Սակայն երկուշաբթի օրը ես հանդիպում եմ ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, և, ենթադրում եմ, արձագանք կտեսնենք», – ասել է դեսպանը:

Եսայանն նշել է, որ գործողությունների ծրագիր է մշակվել, ըստ որի՝ Ռուսաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին եւ պաշտոնատար անձանց մանրամասն ծանուցվելու է կատարվածի մասին ու համապատասխան արձագանք է պահանջվելու:

Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում ՆԱՏՕ-ի ծրագրի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանել էր նույն ծրագրի հայ մասնակից Գուրգեն Մարգարյանին: Երկու տարի անց նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Օրեր առաջ Ռամիլ Սաֆարովին, Հունգարիայից տեղափոխելով Ադրբեջան, նախագահ Ալիեւը անհապաղ ներում է շնորհել նրան` հերոսի պսակ կախելով վզին:

© Medialab.am