«Չեմ կարծում՝ Ադրբեջանը կշարունակի լայնածավալ և երկարատև գործողություններ, կարճ ժամանակ անց հրադադար կխնդրեն». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը

– Պարոն Բաբայան, քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել՝ զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակի ճշգրտման։

Փաստորեն եթե այս տարբերակին Հայաստանն ընդառաջ չգնաց, մնում է պատերազմելո՞ւ տարբերակը։

– Նախ պետք է հասկանանք, թե ով է նման հայտարարություն արել։ Եթե Ադրբեջանն է նման տարբերակ առաջ քաշում, դա այլ բան է, եթե մեկ ուրիշ երկիր՝ սա արդեն ուրիշ հարց է։

Չեմ կարծում, որ որևէ մեկին, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ պետություններին ձեռնտու է ռազմաքաղաքական նշանակության որևէ փոփոխություն, ներառյալ մեզ համար, ինչը կնշանակի ոչ այլ ինչ, քան հայոց պետականության կործանում։

– Այս պահին ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում, ինչպիսի՞ն է իրավիճակը։

Ստեփանակերտի օդում նոր անօդաչու թռչող սարք հայտնվեց, մեր հակաօդային պաշտպանությունը չեզոքացրեց, հիվանդանոցներ են բերվում զինվորներ, նրանք ապաքինվում են։

– Հակառակորդը խոսում է տարածքներ գրավելու մասին։ Կա՞ արդյոք որևէ տեղեկատվություն, թե՞ ոչ։

– Հիմա շատ են տարբեր տեսակի տեղեկությունները, բայց որևէ նման փոփոխության մասին հիմք չկա։ Ադրբեջանը գրում է վեց քաղաքի, յոթ շրջանի մասին, սա բնական է, որ կգրի, բայց սա չի նշանակում, թե համապատասխանում է իրականությանը։

– Խոսվում է 100-ից ավելի վիրավորների և 16 զոհերի մասին։

– Այո, վիրավորներին բերում են։ Պատրաստվածության մակարդակն ամենաբարձր աստիճանի է, մարդիկ պատրաստ են գնալու և հայրենիք պաշտպանելու։ Մենք այլ տարբերակ չունենք, և, կարծում եմ՝ աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում ամեն ինչ նորմալ է լինելու։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, դարձյալ ոչ հասցեական, հայտարարություն են տարածել Ֆրանսիան, Ռուսաստանը, ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ եք կարծում, այս հայտարարությունները կարո՞ղ են զսպաշապիկ հանդիսանալ Ադրբեջանի համար, թե՞ ոչ։

– Կարծում եմ՝ այս հայտարարություններն ազդեցություն կունենան։  Չեմ կարծում՝ Ադրբեջանը կշարունակի լայնածավալ և երկարատև գործողություններ, դրա համար հեռանկար չեմ տեսնում։ Կարճ ժամանակ անց կխնդրեն հրադադար, կհաստատվի, և իրենք կասեն, որ բոլոր խնդիրները լուծել են, ինչպես միշտ։

– Ի՞նչ է հայտնի հակառակորդի կրած կորուստներից։

– Թշնամին ունի մեծ կորուստներ, տասնյակ տանկեր, անօդաչուներ են խոցվել, մեծ թվով մարդկային կորուստներ ունի։ Ադրբեջանի սահմանամերձ շրջանների մեծաքանակ բնակչություն լքել են իրենց տնելը։

– Ինչո՞ւ եք վստահ, որ պատերազմը արագ կավարտվի։ 

– Բնական է, որ մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, մեզ համար սա կենաց- մահու կռիվ է, մենք բոլորս պաշտպանում ենք մեր հայրենիքը, մեր հարազատներին, նրանց համար, նրանց զինվորների համար սա ավանտյուրա է, նրանք պատրաստ չեն  Ալիևի ավանտյուրայի զոհը լինելու։

Սա անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ, քանի որ նրանք դեմ են, որ  իրենց ներկայացուցիչներին բանակ զորակոչեն և տանեն առաջնագիծ, ուստի սա Ադրբեջանի համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am