«Րաֆֆի Հովհաննիսյանը պատանդ է վերցրել ժողովրդին և քաղաքական դիվերսիա է իրականացնում». Գալուստ Սահակյան

«Րաֆֆի Հովհաննիսյանը պատանդ է վերցրել ժողովրդին և քաղաքական դիվերսիա է իրականացնում». Գալուստ Սահակյան
«Րաֆֆի Հովհաննիսյանը պատանդ է վերցրել ժողովրդին և քաղաքական դիվերսիա է իրականացնում». Գալուստ Սահակյան

«Հիմա անընդհատ պիտի մեկնաբանե՞նք, թե Րաֆֆին գիշերն ի´նչ երազ տեսավ, ճանապարհին ո´վ եկավ մոտը, ի´նչ բնութագրեր տվեց: Անցած էտապ է, և մեզ համար այդ խնդիրը փակված է»,- ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերն են:
Նա այսպես արձագանքեց նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և ընտրությունների արդյունքները Ազատության հրապարակում հացադուլի միջոցով վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկներին:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրվա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակեց Սերժ Սարգսյանին ուղղված իր վերջնական առաջարկները: Այն է՝ անցկացնել կա´մ արտահերթ նախագահական ընտրություններ, կա´մ իրականացնել ընտրական համակարգի փոփոխություն և մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` միայն համամասնական ընտրակարգով:

Այս առանցքային առաջարկների կողքին Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահից պահանջում է նաև իր թիմին վերապահել Հայաստանի հինգ մարզպետներին նշանակելու իրավասությունը, ինչպես նաև մի շարք առանցքային ոլորտների ղեկավարությունը:

ՀՀԿ փոխնախագահը լուրջ չի մոտենում այս առաջարկներին և կարծում է, որ իր հայտարարություններով Րաֆֆի Հովհաննիսյանը «պատանդ է վերցրել ժողովրդին» ու «քաղաքական դիվերսիա» է իրականացնում:

«Այդ խնդիրը մեզ համար փակված է, չի կարելի այդ կարգի հայտարարություններով ժողովրդին պատանդ վերցնել ու մտածել, որ սա է՝ որ կա: Այո, կան խնդիրներ և այդ խնդիրները պաշտպանվում են, բայց չեմ կարծում, որ Րաֆֆին այն գործիչն է, որ ժողովուրդը պետք է գնա նրա հետևից և մտածի, որ նա իր խնդիրները կլուծի: Քաղաքական դիվերսիայի ակունքներում կանգնած՝ փորձում է ինչ-որ մի բան անել, եթե ժողովրդին պատանդ է վերցրել, ասում է ՝ վաղը չէ մյուս օրն եմ ծրագիրն ասելու, հետո՝ էն մյուս օրն եմ ասելու, հետո, որովհետև չկա ծրագիրը, հացադուլ եմ հայտարարում, հետո՝ մարզպետ եմ ուզում, հետո՝ նախագահ, խորհրդարանը ցրել եմ ուզում: Բայց ուզելով չէ, ուզելուն որ մնա, կարող է մեր սահմաններն անցնի, կողքի երկրներից էլ ինչ-որ բան ուզի, էդքան լուրջ արդեն չպիտի ընդունել»,- «Մեդիալաբին» ասում է Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանը «ինքն իր չափի մեջ շատ հզոր, շատ տաղանդավոր մարդ է, բայց երբ մարդն իր չափից վեր է բարձրանում, բնականաբար, գնալով խոցելի է դառնում»: Ըստ ՀՀԿ փոխնախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր «խոցված վիճակում է», և ինքը չի ցանկանում «խոցված վիճակում աղ լցնել, որ ավելի շատ մրմուռ առաջանա»:

Գալուստ Սահակյանի համոզմամբ` իշխող կուսակցությունն այսօր բոլորովին այլ խնդիր ունի՝ առջևում Երևան քաղաքի ավագանու ընտրություններն են, նախապատրաստվում են և ծրագիր են ներկայացնելու:

Ինչ վերաբերում է փոխզիջումներին, մասնավորապես, Հայաստանի հինգ մարզպետներին և մի շարք առանցքային պաշտոնյաներին ազատելու և այդ պաշտոններում նշանակելու իրավասությունը Րաֆֆի Հովհաննիսյանի թիմին տալու հնարավորությանը, ՀՀԿ փոխնախագահը «Մեդիալաբին» ասում է.

«Իշխանությունը չեն զիջում, իշխանությունը նախ ձեռք են բերում: Դրանից ավելի ծիծաղելի ինագուրացիայի օր հայտարարեց: Նախ` թող կեղծ թագադրվի, հետո մարզպետներ նշանակի: Մանկապարտեզի խաղեր են, գնահատում եմ իր չափի մեջ իրեն, բայց որ փորձում է անչափ դառնալ…»

Այս ամենի հետ մեկտեղ Գալուստ Սահակյանը չի բացառում համատեղ կոալիցիայի հնարավորությունը:

«Այն ծրագրերը , որ մենք ունենք, եթե կհամընկնեն որևէ քաղաքական ուժի հետ, բնականաբար, տարբեր տիպի համաձայնությունների հնարավորություններ կլինեն: Եթե կգա ծրագրերը իրագործելու պահը, և նա իր դիրքորոշումները կարտահայտի, կարծում եմ` քննարկելի է, և որոշակի համաձայնությունների հնարավորություններ տեսնում եմ, իսկ ընդհանրապես ամեն ինչ լուծված է և մնում է աշխատել, և հիմա մեր աշխատելու պահն է»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Ի տարբերություն Սահակյանի, խորհրդարանական մեծությամբ երկրորդ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կարծում, թե ամեն հարց արդեն լուծված է: Տիկին Զոհրաբյանն աում է՝ ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ երկխոսությունը և հնարավոր փոխզիջումները, իսկ թե ի´նչ ճանապարհ կընտրեն կողմերը, նա ձեռնպահ է մնում դատողություններ անելուց:

Ինչ վերաբերում է խորհրդարանը ցրելու և մեկ տարվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Րաֆֆի Հովհաննիսյանի պայմանին, Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Այն, ինչ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ, մենք միանշանակ պաշտպանում ենք, մենք ևս ասել ենք, որ որևէ նոր ընտրություն՝ լինի հերթական կամ արտահերթ, անիմաստ է գործող համամասնությունը պահպանելով, այսինքն` մեծամասնական ընտրակարգը պահելով»:

Զոհրաբյանի խոսքով` երեք օր առաջ ինքն անձամբ ԲՀԿ անունից ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել առաջարկներ այն մասին,որ խորհրդարանն օր առաջ պետք է ձեռնամուխ լինի հարյուր տոկոսանոց համասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկմանը, և այս հարցում Րաֆֆի Հովհաննիսյանի և ԲՀԿ մոտեցումները համընկնում են:

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԲՀԿ տեսակետը հետևյալն է.

«Եթե կլինի նման քաղաքական որոշում, այսինքն` արհեստականորեն խորհրդարանական ճգնաժամ սկսել, որ խորհրդարանը երեք ամիս շարունակ չաշխատի, մենք ո´չ հերթական, ո´չ արտահերթ ընտրություններից չենք վախենում, բայց գործող ընտրական համակարգով և Ընտրական օրենսգրքով գնալ նոր ընտրության, կնշանակի ոչինչ չփոխել և ունենալ նույն պատկերը: ԲՀԿ-ն պնդում է՝ նախ պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը, և վերացվի «իշխանությունների գրպանում դրված քառասունմեկ մանդատը», ապա նոր միայն խոսք կլինի որևէ արտահերթ խորհրդարանական ընտրության մասին:

Ինչ վերաբերում է մարզպետներ և մի շարք առանցքային պաշտոնյաներ նշանակելու իրավասությունն իր թիմին հանձնելու Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին և սա որպես համատեղ կոալիցիայի ակնարկ դիտարկելուն, Նաիրա Զոհրաբյանը ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց: ԲՀԿ խմբակցության քարտուղարը «Մեդիալաբին» ասում է, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա քաղաքական թիմի մարտավարությունն է, որոնց ճիշտ կամ սխալ լինելը ժամանակը ցույց կտա:

Medialab.am