Հայաստանից ընտրված երիտասարդները կսովորեն Սիլիկոնյան հովտի առաջատար համալսարանում

Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ երիտասարդները Սիլիկոնյան հովտում ուսանելու հնարավորություն կունենան: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց, որ ցանկացողներն արդեն կարող են դիմել, հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը:

«Կարող է դիմել ցանկացած անձ 21 տարին լրացած, ով ունի ձեռներեցության որոշակի փորձ, միգուցե կազմակերպություն է հիմնել կամ համահիմնադիր է և ունեն նոր գաղափար, որն այս ծրագրի օգնությամբ կկարողանան առաջ տանել և իրագործել: Ասեմ, որ այս ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է: Նույնիսկ հետաքրքվում են մարդիկ, ովքեր կայացած ձեռներեցներ են, ինչը շատ ոգևորիչ է»,-ասաց Արմեն Աբրոյանը:

Յոթ շաբաթ տևողությամբ դասընթացներն անցկացվելու են Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում, որը մեծ համբավ ունի: Երիտասարդ գործընկերների հետ իրենց փորձով կիսվելու են Իլոն Մասկը (Tesla),  Թիմ Վեսթերգրենը (Pandora Media), «AirBnB»-ի առաջնորդները, «YouTube»-ի հիմնադիրները` ներկայացնելով գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը:

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ ծրագիրը չի սահմանափակվում պարզապես այստեղի մասնագետներին ուսանելու հնարավորություն տալով: Մասնակիցները դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքներով պետք է կիսվեն մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ: