Վարչապետի այցին ընդառաջ. Հայաստանի, Սինգապուրի ու Վիտենամի միջև առևտրատնտեսական միտումները

Վարչապետի այցին ընդառաջ. Հայաստանի, Սինգապուրի ու Վիտենամի միջև առևտրատնտեսական միտումները
Վարչապետի այցին ընդառաջ. Հայաստանի, Սինգապուրի ու Վիտենամի միջև առևտրատնտեսական միտումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի սկզբին կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

ՀՀ վարչապետի այցին ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստան-Վիտենամ, Հայաստան-Սինգապուր դիվանագիտական հարաբերությունների նկարագիրը, ինչպես նաև տնտեսական թարմ ցուցանիշներ:

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 14-ին: 1992թվականից երկու երկրների միջև եղել են փոխայցեր տարբեր մակարդակներով: Մասնավորապես, 1992 թվականի դեկտեմբերին Վիտենամ է այցելել ՀՀ փոխնախագահ Գագիկ Հարությունյանը, 2002թվականին օգոստոսին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, 2012թվականի փետրվարին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, 2012թվականի հունիսին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2015թ. հոկտեմբերին Հայաստան է այցելել ՎՍՀ արդարադատության նախարար Հա Հունգ Կուոն:

Այս տարիների ընթացքում երկու երկրները կնքել են մի շարք համաձայնագրեր տարբեր ոլորտների հետ կապված՝ մշակութային և գիտատեխնիկական, կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, առևտրատնտեսական, զբոսաշրջության համագործակցության վերաբերյալ և այլն:

Տնտեսական ցուցանիշներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրես»-ին տված տվյալների համաձայն, Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ 2018 թվականին կազմել է 46,95 մլն. ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա համեմատ աճել է 34,4 տոկոսով (2017 թվականին կազմել է 34,94 մլն.ԱՄՆ դոլար): 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Վիետնամ կազմել է 0,57 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 3,6 անգամ (2017 թվականին կազմել է  0,16 մլն. ԱՄՆ դոլար): 2018 թվականին Վիետնամից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 46,4 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 33,4 տոկոսով (2017 թվականին կազմել է 34,78 մլն.ԱՄՆ դոլար):

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը  Վիետնամի հետ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 16,98 մլն. ԱՄՆ դոլար, ինչը  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 28,0 տոկոսով (2018 թվականին կազմել է 13,27 մլն.ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Վիետնամ կազմել է 0,14 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5,4 անգամ (2018 թվականին կազմել է  0,026 մլն.ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վիետնամից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 16,8 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26,8 տոկոսով (2018 թվականին կազմել է 13,25 մլն.ԱՄՆ դոլար):
2018 թվականին ՀՀ-ից Վիետնամ հիմնականում արտահանվել են՝ շոկոլադե արտադրանք, սիգար և սիգարետներ, ալկոհոլային խմիչք: 2018 թվականին Վիետնամից ՀՀ  հիմնականում ներմուծվել են՝ սուրճ, բջջային ցանցի կամ այլ կապի հեռախոսային ապարատներ, կոշկեղեն, տպագրական սարքավորումներ, տեքստիլե արտադրանք, համակարգիչներ և դրանց բլոկեր:

Սինգապուրի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հուլիսի 1-ին:  Երկու երկրների միջև եղել են փոխայցեր տարբեր մակարդակներով: 2005թ. հոկտեմբերին Սինգապուր այցելել է ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը, 2012թ.  փետրվարին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, 2012 թ.  մարտին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 2009թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել ՍՀ ավագ-նախարար Լի Քուան Յուն, 2016թ. մարտին՝ ՍՀ առևտրի և արդյունաբերության նախարար Դր Կոհը: Երկու երկրները կնքել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին, մշակույթի ոլորտում համագործակցության, օդային հաղորդակցությունների մասին:

Տնտեսական ցուցանիշներ

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Սինգապուրի Հանրապետության  հետ 2018 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 51,1 տոկոսով (2017 թվականին կազմել է 4,5 մլն ԱՄՆ դոլար): 2018 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Սինգապուր կազմել է 0,7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 51,0 տոկոսով (2017 թվականին կազմել է  1,43 մլն.ԱՄՆ դոլար): 2018 թվականին Սինգապուրից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 1,53 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 50,8 տոկոսով (2017 թվականին կազմել է 3,11 մլն ԱՄՆ դոլար)։

Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը  Սինգապուրի հետ 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 1.06 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 51.8 տոկոսով (2018 թվականին կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Սինգապուր կազմել է 0,58 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.7 տոկոսով (2018 թվականին կազմել է  0,68 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Սինգապուրից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 0.47 մլն.ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 68.7 տոկոսով (2018 թվականին կազմել է 1.5 մլն.ԱՄՆ դոլար)։

2018 թվականին ՀՀ-ից Սինգապուր հիմնականում արտահանվել են՝ անմշակ ալյումին, ժամացույց թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից, միրգ թարմ (ծիրան բալ կեռաս)։

2018 թվականին Սինգապուրից ՀՀ  հիմնականում ներմուծվել են՝ նավթ և նավթամթերք՝ ոչ հում,  համակարգիչներ և դրանց բլոկեր, սաչքեր և ապարատներ, ոսկերչական իրեր, օպտիկական մանրադիտակներ, մարտկոցներ, օրթոպեդիկ հարմարանքներ: