Հակաքրիստոսը Հայաստանում

Եթե Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն իր անմիջական աշխատանքային պարտականությունները կատարելիս ցուցաբերեր այնպիսի գրանդիոզ խանդառավություն, ինչպիսին ցուցաբերում է հասարակական կյանքում, ապա Հայաստանում երեւի թե վաղուց բացահայտված կլինեին պետությունը պարուրած ու մսխող մի քանի գրանդիոզ կոռուպցիոն սխեմաներ: Իսկ Աղվան Հովսեփյանին էլ հանրությունը շատ ավելի երկար, գրեթե հավիտյան կմեծարեր, քան նա ակնկալում է ասենք իր հասարակական գործունեության մոնումենտալ դրվագների արդյունքում:
Բայց, Աղվան Հովսեփյանը շարունակում է մնալ հասարակական, ոչ թե դատաիրավական համակարգի գրանդ: Նա հերթական միտքն է հղացել` Արագածի լանջին քար-տառերի պուրակում կանգնեցնել 33 մետր բարձրությամբ խաչ եւ կառուցել «Հույսի խորան»:
Գլխավոր դատախազը հանրությանը պետք է հույս տար իր գործով, բացահայտելով հանրային ու պետական այն թալանը, որ արձանագրվում է անգամ պետական պաշտոնյաների շուրթերով: 33 մետր խաչ կառուցելու փոխարեն, գլխավոր դատախազը գոնե 3 խոշոր «ատկատ» բացահայտեր: Բայց դատախազը խաչ է կառուցում:
Գոնե կաթողիկոսը կոռուպցիա բացահայտեր եւ հանցագործներ բռներ: Բայց նա էլ օրհնում է դատախազների կառուցած խաչերը, լեգիտիմացնելով դատաիրավական համակարգի անգործությունը: Հայաստանում դա է կաթողիկոսի եւ ընդհանրապես հոգեւոր «վերնախավ» կոչվածի գործառույթը` լեգիտիմացնել աշխարհիկ իշխանության արարքները:
Ընդ որում, լեգիտիմացնել ոչ թե երկնքում, այլ երկրի վրա: Բանն այն է, որ աշխարհիկ իշխանությունը երկրի վրա լեգիտիմության այլ մեխանիզմ այլեւս չունի` մնացել է խաչը: Նրանք թյուրիմացաբար կարծում են, որ ինչքան շատ խաչ դնեն, այդքան ավելի են հանրությանը հավատ ներշնչելու սեփական անմեղության նկատմամբ:
Օրինակ, միգուցե պատահական չէ, որ Գլխավոր դատածազը խաչի նախաձեռնություն է հանդես բերում այն մեղադրանքից հետո, որ նրան ուղղեց Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում Վարդան Օսկանյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս: Փաշինյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրեց նույն բանի համար, ինչի համար դատախազը եկել էր Վարդան Օսկանյանի հետեւից: Փաշինյանը նրան մեղադրեց շատ թանկարժեք ծառայական ավտոմեքենան յուրացնելու համար:

Կարդալ ավելին