Կարելի է մտածել ամեն տարի նման համերգներ կազմակերպելու մասին, միանշանակ արժեր այդ գումարը ծախսել. ՔՊ պատգամավորը՝ Լոպեսի համերգի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի վերաբերյալ քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում, մարդկանց մի խումբ անտրամաբանական ու չհիմնավորված է համարում պետբյուջեից 6 միլիոն դոլարի տրամադրումն այդ նպատակով: Ի՞նչ դիտարկում ունեք այս կապակցությամբ: 

– Երեկվա համերգից հետո միանշանակ կարող եմ ասել, որ արժեր այդ գումարը ծախսել, որովհետև 30 հազարից ավելի երկրպագուներ, նույնիսկ շենքերի տանիքներից, հետևում էին համերգին, բոլորը երջանիկ էին, բոլորը վայելում էին: Ես ինքս երբևէ ներկա չեմ եղել նման համերգի, որ այդքան ոգևորությամբ ուղեկցվեր: Ներկաների մեծ մասը զբոսաշրջիկներ էին, արդեն կան տվյալներ էլ, որ մոտ 15 հազարից ավելի զբոսաշրջիկներ են Հայաստան եկել:

Ինչպես ցանկացած բարեփոխում, որն արվել է ՀՀ-ում, մի ամբողջ բանակ կա, որ դա պետք է արատավորի, կարծես թե դա բնավորություն է դարձել, այս համերգն էլ բացառություն չէր, որքան էլ որ ներառական էր, լավն էր, շատ մարդ բերեց Հայաստան ամեն դեպքում: 

Կազմակերպիչներն արդեն տվյալներ են հրապարակել, որ 6 միլիոն ծախսի դիմաց ստացել ենք 13,3 միլիոն դոլար, այսինքն՝ իրականում շահույթ է եղել, այլ ոչ թե վնաս: Նման համերգի համար միանշանակ արժեր այդքան գումար հատկացնել, իմ կարծիքով՝ բավականին լավն էր ու նույնիսկ կարելի էր կրկնել:

–Ոմանք այս ամենում կոռուպցիոն ռիսկեր են տեսնում։ Մասնավորապես, «Դոպինգ Սփեյս» ընկերության հետ կնքված պայմանագիրը և 6 միլիոն դոլարի տրամադրումը, ըստ նրանց, իրականացվել են առանց բավարար թափանցիկության։ Քննադատներն ընդգծում են, որ մինչ համերգը ոչ մի տեղ նշված չէր, որ հենց կառավարությունն ու այս ընկերությունն են հովանավորները։ Ավելին՝ միջոցառումը ֆինանսավորվել է այն գումարով, որը նախատեսված էր 2023-ին չկայացած Սնուփ Դոգի համերգի համար։ Այս հանգամանքները, ըստ քննադատների, բարձրացնում են հաշվետվողականության և հնարավոր կոռուպցիայի հարցեր։

– Էլի եմ ասում, որ քննադատողներն ամեն բան էլ կքննադատեն, ամեն ինչի մեջ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում, գնման գործընթացներում ևս, բայց օրենսդրությունը որքանով թույլ է տալիս, գնման գործընթացները բավականին թափանցիկ են տարվում: Ես իսկապես չեմ մտել ծախսերի մեջ, չեմ տեսել, թե ինչքան փող ինչի վրա են ծախսում, բայց հետևում եմ զուտ վերլուծություններին ու կարծում եմ, որ եթե ճիշտ հաշվարկ անեն, ապա կոռուպցիոն որևէ ռիսկ չեն գտնի, իսկ եթե գտել են այդ կոռուպցիոն ռիսկերը՝ թող ներկայացնեն: 

– Տիկի՛ն Ղազարյան, ընդդիմադիր ձեր գործընկերներն ասում են, որ ձեր իշխանությունը երկրի համակարգային խնդիրները թողած՝ այլ հարցեր է լուծում, այնինչ, ըստ նրանց, կարելի էր այդ գումարով առաջնային խնդիրները լուծել: Ինչո՞ւ երկրում առկա խնդիրները թողած՝ նման համերգների վրա եք գումար ծախսում:

– Շատ լավ ու հետաքրքիր համեմատություն էր. տանն էլ միշտ ծախս անելիս ասում ես՝ գուցե արժեր ծնունդ չանել, փոխարենը այլ հարց լուծել, բայց ծնունդ անելու պարագայում հարազատներով հավաքվում եք, հոգեբանական բավարարվածություն ու դրական էմոցիաներ եք ստանում: 

Ինչ վերաբերում է համակարգային խնդիրներին, ապա պետությունը ամենօրյա ռեժիմով այդ խնդիրներն ուշադրության կենտրոնում է պահում, ու դրանց լուծումներն իրենց հունով գնում են, այսինքն՝ մեկը մյուսի հետ համեմատելը ճիշտ չէ, որովհետև դրանք տարբեր բաների մասին են: 

Համակարգայինն այն է, որ երբ Հայաստանում գումար է մտնում, սկսում է պտտվել, տուրիզմն է զարգանում, զբոսաշրջիկները գումար են ծախսում, ինչը տնտեսությանն է մեծ օգուտ տալիս, ու հետո ՀՀ-ում ձեր ասած համակարգային խնդիրներն այդ գումարով սկսում են լուծվել, այսինքն՝ զուգահեռ լուծվում են այդ խնդիրները:

– Ստացվում է, որ արված ծախսը արդյունավե՞տ եք համարում:

– Այո՛, արդյունավետ է, ու կարելի է մտածել ամեն տարի նման տեսակի համերգներ կազմակերպելու մասին, իմ էմոցիաներն այս պահին դրական են այս հարցի շուրջ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am