«Ամեն ինչ մտածում էինք, բայց ոչ դա»․ զինադադարից հետո գերեվարված Դավիթ Իսահակյանի և ևս երկու քաղաքացիներին հայտնաբերելու համար հարազատները ջանքեր չեն խնայում

Նոյեմբերի 11-ից հետո՝ 5 օր անց, դեռևս որևէ լուր չկա Արցախ ուղևորվելիս անհետացած Դավիթ Իսահակյանի և նույն մեքենայում գտնվող Արցախի երկու տարեց քաղաքացիների մասին։

Դավիթ Իսահակյանի քույրը՝ Անի Թադևոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ դիմել են բոլոր հնարավոր պատկան մարմիններին, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին, սակայն եղբոր և Արցախի երկու քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալ մինչ օրս այդպես էլ չի հաջողվել:

«Դիմել ենք բոլոր հնարավոր տեղերը, ասում են, որ կանեն ամեն ինչ հնարավորինս շուտ վերադարձնելու համար։ Ասում են՝ դուք մենակ չեք։ Սպասում ենք, մեր ցանկությունն է, որ նրանք ողջ և առողջ վերադառնան»,- նշում է Թադևոսյանը։

Անի Թադևոսյանի խոսքով՝ նոյեմբերի 11-ին իր եղբայրը և Արցախի քաղաքացիներ, 75-ամյա Էլզան և 85-ամյա Բենիկը ուղևորվել են Արցախ՝ Մարտունու Գիշի գյուղ, սակայն ճանապարհի կեսից նրանց հետ կապ հաստատել այլևս չի ստացվել։

«Էլզան և Բենիկը ժամանակավորապես բնակվում էին իրենց բարեկամի տանը։ Իմանալով պատերազմի ավարտի մասին՝ ցանկություն էին հայտնել վերադառնալու հայրենիք։ Խնդրել էին իրենց բարեկամի հարևանին՝ եղբորս, որ իր սեփական մեքենայով իրենց տուն տանի:

Նոյեմբերի 11-ին նրանք ճանապարհ ընկան, պետք է գնային Գորիս, տարեցների աղջկան վերցնեին, աղջիկը հրաժարվել է գնալ, իրենք Գորիսից ճանապարհը շարունակել են։ Վերջին անգամ նոյեմբերի 11-ին ենք իր հետ խոսել, Գորիսից է եղել վերջին կապը, ժամը 14:00-ից հետո նրանցից ոչ մի նորություն չունենք»,- հուզմունքով ասում է Իսահակյանի քույրը։

Մեկ օր առաջ՝ նոյեմբերին 15-ին, 40-ամյա Դավիթ Իսահակյանի հարազատները անակնկալի են եկել՝ ադրբեջանական սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում նրան գերեվարված տեսնելով։

«Դավիթի ընկերներն ակտիվ փնտրտուքի մեջ էին, ադրբեջանական էջերում ման էին գալիս, նոյեմբերի 15-ին ադրբեջանական սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութում նկատել են Դավիթին, սկզբում իրենք են ճանաչել, հետո՝ Դավիթի կինը:

Դավիթը գերի է վերցվել այլ քաղաքացիների և զինվորների հետ միասին: Դավիթի շորերը փոխված էին, մարմնի վրա վերքեր կային։ Բոլոր գերիները տեսանյութում ենթարկվում են կտտանքների»,- ասում է Թադևոսյանը։

Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն ստորագրեց, ըստ որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Համաձայնագրով Ադրբեջանի կազմի մեջ են անցնում մինչ այս զբաղեցրած դիրքերը, Ղարաբաղի 7 շրջանների վերահսկողությունը։ Հայտարարությունն՝ այստեղ։

Դավիթ Իսահակյանի քույրն ասում է՝ շատ ծանր է ընտանիքի համար եղբոր գերեվարման փաստը,  բայց միակ մխիթարանքն այն է, որ տեսանյութից պարզ է դառնում, որ եղբայրը ողջ է։

«Ոչ ոք չէր մտածում, որ կարող է նման բան լինել։ Անակնկալի եկանք՝ ինֆորմացիան ստանալով։ Իրենք գնացել են զինադադարից հետո։ Ամեն ինչ մտածում էինք, բայց ոչ որ գերեվարված կլինեն: Բայց որ ինքը ողջ է, դա շատ լավ է, այս իրավիճակում այդ հանգամանքը հանգստացնում է»,- ընդգծում է նա։

Դավիթ Իսահակյանի քրոջ խոսքով՝ եթե եղբոր մասին տեսանյութով իմացել են, ապա տարեցների հետ կապված ընդհանրապես որևէ ինֆորմացիա չկա։ Նրա խոսքով՝ տեսանյութում միայն տղաներ են, որոնք գերեվարվել են զինադադարից հետո։

«Տեսանյութում եղող մյուս տղաները նույնպես էդպես գնացել են ու կորել են՝ երևի 7-8 տղա։ Բոլորի ընտանիքները փնտրում են, մենք իրար տեսել ենք։ Բոլորն էլ նույն հատվածով են գնացել, այդ կողմով են գնացել։ Կեսը գնացել են՝ զինվոր բերեն, Դավիթն էլ էդ մարդկանց է տարել»,- ասում է Թադևոսյանը։

Անի Թադևոսյանը հույս ունի, որ դեպքի մասին բարձրաձայնելով՝ հնարավոր է կանխել ուրիշներին նման վիճակներում հայտնվելը․ «Կամ մարդիկ գուցե լինեն, որ հարազատներ ունեն, կորել են, էլի հույս ունեն, մեզ էլ ասում էին՝ կարող է գնացել են, սխալ տեղ են մտել, կարող է՝ ռուսների մոտ են, հեսա կթողնեն, կգան։ Այնքան բան էին ասում, հիմա գուցե մարդիկ էլի էդ մոլորության մեջ են»,- ասում է Թադևոսյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am