Ալիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի և Փաշինյանի հետ սպասվող հանդիպման մասին. Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, խոսել է նաև Հայաստանի հետ բանակցություններից։ Ալիևը հայտարարել է առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բարձր մակարդակով բանակցությունների մասին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք՝ խոսքը Բրյուսելում նախանշված հանդիպման մասին է, որի մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր դիրքորոշումը խաղաղ բանակցությունների վերաբերյալ հստակ է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա։ Ես կարծում եմ, որ այս սկզբունքների հիման վրա կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման հնարավորություններ կան»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա նշել է, որ բանակցությունների վերջին փուլերը և մի քանի օրից բարձր մակարդակի շփումները նպատակ ունեն է՛լ ավելի մոտենալ խաղաղության համաձայնագրին։

«Ամեն ինչ չէ, որ կախված է մեզանից, հակառակ կողմը նույնպես պետք է պատրաստ լինի դրան և բառերով ասված սկզբունքները թղթին փոխանցի»,- ասել է Ալիևը։ Ի դեպ, Ալիևն այդպես էլ չի հայտարարել, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։