Երեխա՝ ուրիշի համար. փոխնակ մայրությունը Հայաստանում

Երեխա՝ ուրիշի համար. փոխնակ մայրությունը Հայաստանում
Երեխա՝ ուրիշի համար. փոխնակ մայրությունը Հայաստանում

«Չեմ փոշմանել արարքիս համար, բայց անտանելի ծանր էր երեխաներից բաժանվելը: Հասկանում էի, որ եթե տեսնեմ նրանց, կրկնակի ծանր է լինելու»:

Նելլին և Ռաֆայելը

«Երբ մեր հարսանիքի ժամանակ կենաց էին խմում ու ասում` յոթ որդով սեղան նստեք, չէի էլ կարող պատկերացնել, որ մի քանի տարի անց կատեմ այդ խոսքը կամ կսկսեմ ընկալել դա ոչ թե որպես մաղթանք, այլ` նախատինք»:

Նելլին և Ռաֆայելն ամուսնացել են 2007 թվականին: Ռաֆայելի ծնողների երջանկությունն անսահման էր՝ կարծում էին, որ հիմք դրվեց նոր, մեծ ընտանիքի: Բայց մեծ ընտանիքին բոլորը սպասեցին գրեթե 10 տարի։

«Առաջին 2 տարին չէինք անհանգստանում, որովհետև երիտասարդ էինք և մտածում էինք, որ ամեն ինչ առջևում է: Իհարկե, ճնշումը մեծ էր. բոլորը պատեհ-անպատեհ առիթով հարցնում էին․ «նորություն չունե՞ք»: Ես սկսել էի ինձ մեղավոր զգալ, որ մարդկանց պատասխանելու ոչինչ չունեմ»,– պատմում է Նելլին:

Երկու տարի հետո ամուսինները դիմեցին բժշիկներին: Պարզվեց` երկուսն էլ խնդիր չունեն: Բժիշկներն ուղղակի խորհուրդ տվեցին սպասել: Սպասումը տևեց ևս 7 տարի: Զույգը, որը նախկինում օրինակ էր ընկերների համար, բաժանության եզրին էր: Անընդհատ դարձած լարվածությունն ընտանիքում և, հատկապես, ծնողների հորդորները` բաժանվել, նոր կյանք սկսել, արդեն անտանելի էին դառնում.

«Մենք երբեք չենք դադարել սիրել իրար: Մենք անգամ պատրաստ էինք միմյանց հետ ապրել` առանց երեխայի, բայց ծնողները դեմ էին: Ասում էին` եթե իրար հետ երեխաներ չեն ստացվում, բաժանվեք, կամուսնանանք նորից, երկուսդ էլ երեխաներ կունենաք: Դա աննկարագրելի ծանր է, երբ կյանքիդ ամեն օրը պայքար է դառնում ոչ միայն երեխայի համար, այլև ընտանիքիդ պահպանման»,– պատմում է Նելլին:

Համատեղ կյանքի 9 տարիների ընթացքում զույգը երեք անգամ դիմել է արհեստական բեղմնավորման: Երեքն էլ ապարդյուն: Հայաստանում արտամարմնական բեղմնավորումն արժե 1.2 մլն-1.6 մլն դրամ: Ամեն չստացված գործողությունից հետո զույգը սկսում էր հաջորդի համար գումար կուտակել: Ռաֆայելն աշխատում էր երկու տեղ, իսկ գիշերները տաքսի էր վարում: Երրորդ փորձից հետո զույգը որոշեց այլևս չփորձել:

ՄԱԿ-ի հետազոտության համաձայն, Հայաստանում զույգերի անպտղության միջին ցուցանիշը 2010 թ.-ին կազմել է 16. 8%, 2014 թ.-ին՝ 14.9 %: 2017-ին այս թիվը կրկին աճել է մինչև 16. 8%։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր 6-րդ ամուսնական զույգի մոտ անպտղության խնդիր կա:

Նելլին և Ռաֆայելը որոշեցին երեխա որդեգրել, բայց ծնողները նորից դեմ էին. նրանց իրենց թոռներն էին պետք: 2016 թ.-ին Ռաֆայելը ռադիոյով լսեց փոխնակ մայրության մասին կլինիկաներից մեկի գովազդը: Հաջորդ օրն իսկ գնաց կլինիկա` պարզելու բոլոր մանրամասները:

Փոխնակ մայրության ինստիտուտը Հայաստանում կարգավորվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով, որն ընդունվել է 2002 թ.-ին: Մինչև 2012 թ.-ը օրենքը սահմանում էր, որ փոխնակ մայրը կարող է միաժամանակ նաև ձվաբջջի դոնոր դառնալ:

2012 թ.-ին օրենքի փոփոխությունների արդյունքում այս հնարավորությունը բացառվեց` հնարավոր օրենսդրական բացերից կամ` փոխնակ մոր կողմից երեխայի նկատմամբ պահանջներից խուսափելու համար: Նույն օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ չունի որևէ իրավունք և չի կրում որևէ պարտականություն երեխային սահմանված կարգով պայմանագիր կնքած անձին կամ ամուսիններին հանձնելու պահից:

Կլինիկայում Ռաֆայելին ասացին, որ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է  13-25 հազար ԱՄՆ դոլար: Այս արժեքի մեջ ներառվում է ամեն ինչ` սկսած իրավաբանական ծառայություններից, մինչև` փոխնակ մոր վճարը: Արժեքը անհամեմատ ավելի քիչ է լինում, եթե փոխնակ մայր գտնում է զույգը: Սակայն այս դեպքում էլ նա պետք է համապատասխանի բժշկական բոլոր ցուցումներին` լինի մինչև 35 տարեկան, ունենա հղիություն և ծննդաբերություն, չունենա լուրջ հիվանդություններ: Նույն կինը փոխնակ մայր կարող է լինել առավելագույնը երկու անգամ:

Երկու տարի գումար կուտակելուց և մեքենան վաճառելուց հետո` Նելլին և Ռաֆայելը վերադարձան կլինիկա` իրենց երազանքի հետևից: Նրանց առաջարկվեց փոխնակ մոր 2 թեկնածություն: Երկու կանանց հանդիպելուց հետո ամուսիններն ընտրեցին Աննային։

Աննան

«Հինգ տարի առաջ ամուսինս բիզնես ուներ, որը չաշխատեց: Ֆինանսական կորուստները լրացնելու ու պարտքերը մարելու պատրվակով գնաց Եվրոպա` աշխատելու: Առաջին 4-5 ամիսը զանգահարում էր, բողոքում էր, որ գումար չի կարողանում աշխատել: Հետո ասաց, որ իր կացությունը օրինականացնելու համար պետք է ֆիկտիվ զագսավորվի ինչ-որ կնոջ հետ: Ես դեմ էի դրան, բայց, ինչ արած, բաժանվեցինք: Փաստաթղթերն ուղարկելուց հետո նա սկսեց ավելի հազվադեպ զանգահարել, հետո` ընդհանրապես դադարեց»,– պատմում է Աննան:

Որդին 5 տարեկան էր, երբ Աննան հասկացավ, որ ամուսնուն սպասելն անիմաստ է: Կուտակված պարտքերը վերադարձնել էր պետք, իսկ որդուն՝ պահել: Աննայի ծանոթներից մեկը նրան խորհուրդ տվեց մտածել փոխնակ մայրության մասին: Ինքն արդեն երկու անգամ փոխնակ մայր եղել էր.

«Ես հասկանում էի, որ հեշտ չի լինելու, բայց ծանոթս հույս էր տալիս, որ 9 ամիսն այնքան արագ կանցնի, որ չեմ էլ նկատի: Երբ հանդիպեցի Նելլին ու Ռաֆայելին, շատ էի ազդվել: Միանգամից զգացվում էր, որ լավ մարդիկ են, յուրաքանչյուր երեխա կերազի նման ծնողների մասին: Նրանց հետ ծանոթությունը ինձ մի քիչ ոգևորեց, մտածում էի՝ կօգնեմ լավ մարդկանց»,– ասում է Աննան:

Երբ բեղմնավորման գործընթացն արդեն ավարտված էր, բժիշկները հայտնեցին, որ կենսունակ են երկու սաղմ: Նելլին և Ռաֆայելը ընտրություն չկատարեցին, խնդրեցին Աննային համաձայնել երկու սաղմերի տեղադրմանը, չնայած, որ դա ազդելու էր ընդհանուր արժեքի վրա: Արդյունքում Աննան հղիացավ զույգով։

«Հղիության ընթացքում Նելլին և Ռաֆայելը շատ ուշադիր էին: Անկախ նրանից, որ ամեն ամիս ստանում էի 200.000 դրամ և որևէ բանի կարիք չունեի, հաճախ էր պատահում, որ այցելում էին մեզ, ուտելու ինչ-որ բան բերում կամ նվերներ՝ որդուս: Մի անգամ Նելլին ասաց՝ ամբողջ օրը սիրտս ելակ էր ուզում, մտածեցի՝ դու էլ կուզես, դրա համար ելակ եմ գնել քեզ համար»,– պատմում է Աննան:

Երեխաների ծնվելուց հետո Աննան չցանկացավ տեսնել նրանց, միայն իմացավ՝ երկուսն էլ աղջիկ են: Ծնարանի դռան մոտ իրենց դուստրերին արդեն սպասում էին անհամբեր ծնողները:

«Չնայած, որ չեմ փոշմանել արարքիս համար, բայց ինձ համար անտանելի ծանր էր նրանցից բաժանվելը: Հասկանում էի, որ եթե գոնե մի վայրկյան տեսնեմ նրանց, կրկնակի ծանր է լինելու: Հիմա երեխաները 1.5 տարեկան են: Ես նրանց հետևում եմ Նելլիի ֆեյսբուքյան էջից: Շատ սիրունիկ են:

Վստահ եմ՝ շատ երջանիկ մարդիկ են մեծանալու: Ուրախ եմ նաև Նելլիենց համար, բայց, միևնույնն է, հաճախ եմ երազիումս ծննդաբերությունս տեսնում: Աղջիկների մկրտության օրը Նելլին զանգահարեց, հրավիրեց ինձ, բայց ես մերժեցի, որովհետև հասկանում եմ, որ այդպես ճիշտ է բոլորի համար»,– ասում է Աննան:

Ըստ օրենքի՝ երեխան ծնողներին հանձնվում է և նրա ծնունդը պաշտոնապես գրանցվում է միայն ԴՆԹ թեստի անցկացումից հետո, որին ենթարկվում են փոխնակ մայրը, նորածին երեխան, կենսաբանական ծնողը կամ ծնողները։

Չնայած, որ փոխնակ մայրության մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն՝ Նելլին և Ռաֆայելը որևէ մեկից իրենց որոշումը գաղտնի չեն պահել: Երբ դուստրերը մեծանան, գուցե, նրանց էլ պատմեն իրականությունը: Նելլին չի մտահոգվում այն մասին, որ 9 ամիս ինքը չի կրել երեխաներին: Ասում է՝ այնքան երկար է սպասել երեխաներին և այնքան հաճախ է այցելել Աննային, որ թվում է՝ ինքն էլ զուգահեռ հղիություն է տարել:

Աննային ծննդաբերությունից հետո, պայմանագրի համաձայն, փոխանցվել է 13 հազար ԱՄՆ դոլար: Ամուսնու կուտակած պարտքերը մարելուց հետո մնացած գումարով մատնահարդարում է սովորել, գնել անհրաժեշտ բոլոր պարագաները: Այսօր կարողանում է հոգալ իր և որդու բոլոր կարիքները, բայց խոստովանում է՝ երկրորդ անգամ այս քայլին չի գնա:

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Աղբյուրը՝  JAMNEWS