Նարեի ամուսինը վիրավորվել է, ամուսնու եղբոր դիակը դեռ չի գտնվել․ «Դեռ շոկի մեջ եմ, գիտեմ թե՝ երազ ա, հեսա զարթնեմ, ամեն ինչ նույնն ա լինելու»

26-ամյա Նարե Վարդանյանը Արցախյան պատերազմի հետևանքով ընտանիքի հետ տեղահանվել է և ապաստան գտել Հայաստանի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ասում է, որ ո՛չ Հայաստանում է դեռ հարմարվել ստացվում, ո՛չ էլ Արցախում է այս պահին ապագա տեսնում։ Ընտանիքը փորձում է դեռ պատերազմի շոկից դուրս գալ։ 

Նարե Վարդանյանի ամուսինը բեկորային վիրավորում է ստացել, ամուսնու եղբորից ստույգ լուր չունեն՝ տեղեկություններ կան, որ զոհվել է, բայց դիակը չկա։

«Մինչև սեպտեմբերի 27-ը որ համեմատում ենք հիմիկվա հետ, երջանիկ ապրում էինք, ամեն ինչ իրա տեղն էր, հիմա ամեն ինչ գլխիվայր շուռ ա էկել: Ես հիմա դեռ շոկի մեջ եմ, չեմ հասկանում՝ ինչ ա կատարվում, գիտեմ թե՝ երազ ա, հեսա զարթնեմ, ամեն ինչ նույնն ա լինելու»,- «Մեդիալաբին» ասում է կինը:

Նարեն ամուսնու՝ 29-ամյա Սասուն Վարդանյանի և երկու անչափահաս երեխաների հետ մինչև պատերազմը բնակվել է Ստեփանակերտում, պատերազմի առաջին օրը երեխաների հետ դուրս է եկել տնից՝ իր հետ ոչինչ չվերցնելով ու եկել Հայաստան, իսկ ամուսինը մեկնել է ռազմաճակատ:

«Իմ ամուսինը աֆիցեր էր, գործի բերումով Ստեփանակերտում վարձով էինք մնում, ամուսնուս հայրական տունը Շուշիի Քարինտակում էր, մնաց թշնամուն։ 

Պատերազմը որ սկսվեց, ամուսինս արձակուրդում էր, տանն էր, առողջական խնդիրներ ուներ, բուժվում էր: 

Իրեն զորամասից զանգեցին, ասեցին՝ պիտի գաս, վիճակը լավ չի: Ես երկու անչափահաս երեխաներ ունեմ, ինքը թողեց մեզ էդ վարձով տան մեջ, ֆորմեն հագավ ու գնաց: Ես արցունքն աչքերիս կայնած՝ չգիտեի ինչ անեի,- պատմում է Նարե Վարդանյանը և շարունակում,- հետո մեր տանտերը իրանց ընտանիքին բերեց Հայաստան: Ես չէի պատկերացնում, որ ես էլ իրենց հետ կգայի: 

Իրանց տղան եկավ ասեց՝ երեխեքին վերցրու ու գնա, մի՛ մնա ստեղ, ավելի ա վատանալու: Չէի ուզում, չգիտեի՝ ո՛նց վարվեի, անընդհանտ ամուսնուս էի զանգում, որ ասեի՝ առաջարկել են գնամ: Վերջին պահին երեխեն ասեց՝ մամա՛, արի գնանք: Մտածեցի՝ Աստված չանի, մի բան լինի, իմ կյանքս կմնամ սևերես, որ երեխեն ասեց, չգնացինք։ 

Ամենքին մի-մի շոր վերցրած, տնային շորերով, տնային խալաթով եկանք, գիշերը Արարատի շրջանի մի գյուղում մնացինք, հետո ես եկա Հրազդան, էդտեղ իմ մորքուրն էր։ Հետո ամուսինս վիրավորվեց, հոկտեմբերի 2-ին իրան տեղափոխեցին Հայաստան, վիրահատություն ունեցավ, դեռ հիվանդանոցում է՝ վերականգնման փուլում է»։

Նարե Վարդանյանի ամուսինը՝ Սասուն Վարդանյանը, Եղնիկներում հայրենիքի պաշտպանությունն իրականացնելիս բեկորային վիրավորում է ստացել ազդրի հատվածում, վիճակն ավելի լավ է, սակայն դեռ վերականգնման անհրաժեշտություն կա։ 

Նարե Վարդանյանի խոսքով՝ վիրավորումից հետո սակայն այլևս զինվորական ծառայության գնալը և մասնագիտությամբ աշխատելը գրեթե անհնար են դարձել:

«Դեռ բեկորը չեն հանել ոտքի միջից, մի քիչ քայլում է, թմրում է: Հիմա երևի իրեն գործից կհանեն, որովհետև էլ ի վիճակի չի, բայց ուրիշ գործում չեմ պատկերացնում իրեն, դա իր մասնագիտությունն ա։ Չգիտեմ՝ գուցե 2 ամիս անց նորից գան, տեսնեն, գուցե հետո պիտանի լինի բանակին։ Առայժմ ոչինչ պարզ չէ։ Աշխատավարձն էլ լրիվ չեն տալիս, յոլա գնալու նման մի բան ա»,- մտահոգված ասում է կինը:

Նարեի խոսքով՝ պատերազմը գլխիվայր շուռ է տվել իրենց կյանքը:

«Ամուսնուս եղբորից էլ տեղեկություն չունենք, մեկն ասում ա՝ զոհվել ա, բայց դիակը չկա, թաղում չի եղել։ Ամուսինս մի հարազատ եղբայր էլ ուներ, 2 տարի առաջ էր զոհվել»,- ասում է Նարեն։

Վարդանյանների ընտանիքն այժմ պատկերացում չունի՝ ի՛նչ է լինելու իրենց ապագան, այդ մասին դեռ չեն կարողանում մտածել։ Նարեի խոսքով՝ մի կողմից Հայաստանում դժվար է հարմարվում, մյուս կողմից էլ՝ Արցախ վերադառնալն էլ հնարավոր չի համարում՝ անվտանգությունից ելնելով:

«Հիմա ամեն ինչ անորոշ ա, չգիտենք՝ ինչ ա լինելու՝ մենք հե՞տ ենք գնալու, թե՞ ստեղ ենք մնալու։

Քանի ամիս ա՝ էստեղ ենք, ես դժվար եմ հարմարվում։ Ինձ համար խորթ ա էս տան մեջը, համ էլ մեզ ստեղ չեն սիրում: Մեր բարբառով որ խոսում ենք, մարդկանց հայացքներին որ նայում ես, ակնհայտ երևում ա՝ ինչ զզվանքով են նայում: 

Իմանում են, որ Ղարաբաղից ես, նախկիններից են խոսում՝ թե բա ձեր պատճառով մեր տղաները գնացին,- հուզմունքով ասում է Նարեն ու մտահոգ շարունակում,- իմ համար ամեն ինչ ա Արցախը, կարոտում ենք: 

Մեծ երեխես ասում ա՝ ե՞րբ ենք հետ գնալու, նկարներով նայում ա, լացում ա, ասում ա՝ մեր Ղարաբաղն ա, մեր տատի- պապին ա։ 

Ես էլ շատ եմ ուզում վերադառնալ, բայց որ խորը մտածում ես՝ վախենալու ա երեխաների համար, թուրքերն էլ ազատ ելումուտ են անում, երեխեքին չես կարա թողնես, օրինակ՝ մենակ խանութ գնան։ 

Ուր էլ գնանք, պիտի զրոյից անենք, բայց չենք հասկանում՝ ստե՞ղ ա ճիշտ էդ ամեն ինչը սկսել, թե՞ էնտեղ, դեռ չգիտենք՝ վերջն ինչ կլինի»,- նշում է Նարեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am