«Տեսա, որ ինձ պահելու հնար չունեն, թողի եկա». Վանաձորի ծերանոցի անտեսված բնակիչներին հարազատները հիշում են «թոշակի օրերին»

«Տեսա, որ ինձ պահելու հնար չունեն, թողի եկա». Վանաձորի  ծերանոցի անտեսված բնակիչներին հարազատները հիշում են «թոշակի օրերին»
«Տեսա, որ ինձ պահելու հնար չունեն, թողի եկա». Վանաձորի ծերանոցի անտեսված բնակիչներին հարազատները հիշում են «թոշակի օրերին»

Երկար խունացած պատերով միջանցքում ծեր տղամարդու խռպոտ երգի հնչյունները խառնվում են նարդու միալար չխկոցին, հեռուստացույցից` սերիալների ագրեսիվ դիալոգներն են, որոնք գալիս լցնում են տարիներ շարունակ իրենց կյանքը ծերանոցին կապած մարդկանց անցյալի տխուր եւ ներկայից ոչ մի բան չսպասող պատմություններին:

 

«Пойду домой, стучу, стучу

открой Любочка Я, спать хочу»…

«Ինչ ես այ մարդ, էդ տեսակ երգեր երգում, տարիքդ նայի, ամոթ ա ամոթ»,-Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամում հավաքվածները հանդիմանում են 86-ամյա Սերգեյ Աշրաֆյանին, ստիպում, որ էլ չերգի:

«Համ ասում եք խոսիր, պատմիր, համ էլ չեք թողնում արտահայտվեմ»,- տարեկիցներից նեղացած վրդովվում է ծերանոցի 2 տարվա բնակիչը:

Պատմությունները տարբեր են, անցյալի հիշողությունները երբեմն քաղցր, երբեմն էլ շատ ցավոտ, ճիշտ այնպես, ինչպես ծերանոցում հայտնվելու պատճառները:

60-ամյա Նինա Ոսկանյանի կյանքի վերջին հինգ տարիները ծերանոցի հետ են կապվում: Հավատացնում է, որ ծերանոց գալու որոշումն ինքն է կայացրել, բացատրում, որ տնփեսայի հետ խնդիրներ է ունեցել, եւ չի ուզել աղջկա նորաստեղծ ընտանիքը քանդել, այլ որոշել է տեղափոխվել ծերանոց` բնակարանը թողնելով աղջկան:

«Որ խմում էր, սկսում էր հայհոյել, ես էլ չէի կարողանում հաշտվել հետը, կամ ինքը պիտի գնար, կամ ես, ու ես եկա»,-տխրությամբ ասում է նա:

Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամում այժմ 60 տարեկանից բարձր 45 ծեր է ապրում: Հիմնադրամի տնօրեն Տիգրան Քոչարյանն ասում է, որ տարեցտարի ծերանոց դիմողների թվի աճին զուգահեռ դիմողների տարիքը գնալով երիտասարդանում է, ցանկացողների թիվը՝ մեծանում:

Սակայն ծերանոց դիմած ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում «կեցության իրավունք» ստանալ այստեղ:

«Շատ դիմող ունենք, որ հաշմանդամ են, անկողնային պառկած, բայց չենք կարող նրանց օգնել, չունենք համապատասխան տեխնիկա, սպասարկման հաստիքներ, շենքի հնարավորությունն էլ թույլ չի տալիս»,-բացատրում է տնօրենը:

Նա ասում է, որ ծերանոցում մարդիկ հայտնվում են հիմնականում այն ժամանակ, երբ զավակները, սոցիալական ծանր վիճակից ելնելով, չեն կարողանում հոգալ ապրուստն ու ծնողին բերում են ծերանոց:

«Եթե նախկինում մարդիկ ծերանոց գալիս էին զավակներ չունենալու պատճառով, ապա այսօր գալիս են, որովհետեւ, թեեւ ունեն հարազատներ, սակայն վերջիններս ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն ցանկանում խնամել նրանց: Միջին տարիքի մարդիկ արտագաղթում են, եւ որպեսզի ծնողը միայնակ չմնա, տեղավորում են այստեղ»:

Ըստ վիճակագրության, Հայաստանում կես միլիոնից ավելի կենսաթոշակառու կա: Թեեւ հունվարին կառավարությունը խոստացածի համաձայն բարձրացրեց թոշակները մոտ 2000 դրամով`նվազագույն կենսաթոշակը հասցնելով 13.000 դրամի, այնուամենայնիվ, գնաճի դեպքում, այդ բարելավվումը ոչինչ չտվեց մարդկանց:

Միայն անցյալ տարի Հայաստանում պաշտոնապես պարենային մթերքների գնաճը կազմել է 6.1, իսկ ոչ պարենային ապրանքներինը` 4.3 տոկոս: Սակայն, շատերի գնահատմամբ, իրականում այդ թվերն անհամեմատ մեծ են, ինչը շատ ծերերի ստիպում է աջակցություն փնտրել, բարգործական ճաշարաններում, կամ ծերանոցի պատերի ներքո:

82-ամյա Սեդրակ Մակարյանը նման պատմություն ունեցող բնակիչներից մեկն է: Նա ծերանոց է տեղափոխվել մոտ վեց ամիս առաջ: Պատմում է, որ կնոջ մահից հետո չի ցանկացել աշխատանք չունեցող ու հազիվ գոյությունը պահող թոռներին նեղություն տալ, եւ ինքնակամ Սպիտակից եկել հասել է Վանաձորի ծերանոց:

«Կոշկակար եմ եղել, ամեն ինչ էլ արել եմ: Տեսա, որ ինձ պահելու հնար չունեն, աշխատանք չկա,թողի, եկա»,-թախծոտ ասում է Սեդրակ Մակարյանը:

Ծերանոցում ապրելու կես տարվա ընթացքում նրան ոչ մեկն այցելության չի եկել: Այցելությունների առումով շատերը կիսում են ծերունու ճակատագիրը:

«Թեեւ ունենք այցելության օրեր, որ կարող են գալ, տանել, խնամել իրենց հարազատին, բայց եկողները քիչ են:Այցելությունները շատանում են հիմնականում այն օրերին, երբ ծերերը թոշակ են ստանում»,-ասում է Տիգրան Քոչարյանը:

Թոշակների մասին է խոսում տնփեսայի հետ չհաշտված 60 -ամյա Նինա Ոսկանյանը :

«Ամեն ամիս էլ հենց թոշակս ստանում եմ, աղջիկս կոմունալ վճարների չեկերը բերում է, հաշվում եմ գումարը, տալիս, որ մուծի, բա հո չե՞մ թողնելու, որ անլույս մնա»,-աղջկան է արդարացնում Նինա Ոսկանյանը:

Չնայած հիմնական անտարբերությանը` ծերունիներն ամեն օր հույսով սպասում են, որ հարազատներն այցի կգան:

Ավտոմեքենայի ձայն, կամ դրսում խոսակցության ձայներ լսելուն պես, ծերանոցի բնակիչները անմիջապես բացում են պատուհանները կամ դուրս գալիս շենքից, որ տեսնեն թե ում մոտ են եկել այցելուները:

«Թեեւ մարդիկ գալիս են ծերանոց, երբ համոզված են, որ եւ ֆիզիկապես, եւ հոգեբանորեն կյանքի հետ լուծել են իրենց հարցերը, սակայն նրանք ուշադրության, շփման կարիք ունեն,-ասում է տնօրենը,- բնակիչների մեծ մասը հիմնականում լքված ու անտեսված է հարազատների կողմից»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Լուսանկարները՝ Անուշ Բուլղադարյանի

© Medialab.am