«Ծառուկյանը և մյուսները կարող էին փոխվել միայն էն ժամանակ, եթե վախենային իշխանությունից, բայց դե էս իշխանությունից ի՞նչ վախենաս». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

– Պարո՛ն Դանիելյան, երկիրն ընտրությունների փուլ է թևակոխում։ Ընդհանրապես, արտահերթ ընտրությունները կարո՞ղ են լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են երկրի առաջ։

– Դժվար թե ընտրությունները կարողանան լուծել այն խնդիրները, որոնք ունենք։ Քաղաքական լուրջ ուժեր չկան, որ կարծիքների բախում լինի և այլն։ Բայց, դե, պրոցես է, երևի պետք է անցնենք էլի։

Մարդիկ ինչպե՞ս կողմնորոշվեն։ Շատ է խոսվում այն մասին, որ ընտրողներին պետք են կոնկրետ ծրագրեր։ Այսօր արդեն հայտեր կան ընտրություններին մասնակցելու, բայց կարծես հանրությանը ծրագրեր չեն ներկայացվում։

– Ընդհանրապես, չի զգացվում նաև, որ ընտրությունների փուլ ենք մտնում։ Դե թող այդ ընտրական փուլը սկսվի, այդ փուլը տեսնենք, կարող է պատահի՝ ծրագրեր են առաջարկում։

Բայց մյուս կողմից էլ՝ էդ ո՞ր ծրագիրն է առաջարկվել, հետո իրականացվել որ։ Հիշո՞ւմ եք ընդհանրապես նման ծրագրեր։ Նախկին փորձը ցույց է տվել, որ ոչ մի ծրագիր չի իրագործվել։

– Մարդիկ կարծես անտարբեր են դարձել ընտրական գործընթացների նկատմամբ, ինչո՞ւ։

– Ես նույնպես չեմ պատրաստվում ոչինչ անել, ես էլ եմ հոգնել ինչ-որ բան անելուց։ Ես իմ Յութուբի ալիքն ունեմ, ինչքան հնարավոր է՝ փորձում եմ խելոք ու օգտակար կարծիքներ գեներացնել։ 

– Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից կան հայտարարություններ, որ պատրաստվում են ընտրությունների մասնակցել։ Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանն է նման հայտ ներկայացնում։ Հասարակությունն կընդունի՞ նրանց։ Ի՞նչ շանսեր կարող են ունենալ իրենք ընդհանրապես։

– Թե ինչ շանսեր կունենան իրենք՝ դժվար է ասել։ Բայց ես կարծում եմ, շանսն այն է, որ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մի օր կձերբակալի։

Դա կանխատեսելի սցենար է, ես դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ մի օր ըտենց է լինելու։ Ու այդքանով կպրծնի էս բազարը։ 

Գերիների վերադարձի հարցը կարծես քաղաքական հարցի է վերածվել։ Ի՞նչ պետք է անել, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել գերիներին, ինչո՞ւ է այս իրավիճակն ստեղծվել։

– Ես բանակցող չեմ տեսնում իրենց հետ այս հարցով։ Որպեսզի գերիների հարցը լուծվի, պետք է բանակցես։ Ո՞վ պետք է բանակցի, ի՞նչ պետք է բանակցի։ Ալիևը՝ ուր, սա՝ ուր։ Այս հարցով էլ են Ռուսաստանի վրա հույս դրել, խի՞ որ հարցով չեն դրել որ։ Բոլոր հարցերով էլ Ռուսաստանի վրա են հույս դրել։ 

Հասարակության շրջանում քննարկման հարց է դարձել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու ճոխ հարսանիքը։ Պատերազմից հետո այս իրավիճակում նման հարսանիքներ կազմակերպելուց ինչո՞ւ չեն հրաժարվում, ինչո՞ւ այդ մարդկանց վարքագիծը չի փոխվում։ Մի կողմից խոսում են երկիրը  «փրկելու» մասին, մյուս կողմից մենք շարունակում ենք ականատես լինել նման պահվածքի։

-Իմ գնահատականը միանշանակ է՝ գյոռմամիշ են, աղքատ են հոգով, չտես են։ Չեն կարողանում իրենց ցանկությունները թաքցնել ու չեն ուզում, չեն էլ հասկանում։ Անգրագետ են էլի։

-Ինչո՞ւ չի փոխվում այս արժեհամակարգը մեր երկրում։

-Չի կարող ըտենց շուտ փոխվի, երեկ հլը ծակ նասկիով էին, էսօր մարդ են դառել, ո՞նց պիտի փոխվեն։ Իրենց երեխեքը, թոռները նոր-նոր կփոխվեն։ Ժամանակ է պետք, իրենց պետք չէ մեղադրել։

-Բա ո՞ւմ մեղադրել՝ այսօրվա իշխանությա՞նը, որ չկարողացավ  այդ փոփոխությունը կատարել երկրում։

-Սրանք էլ բան չէին կարող փոխել, որովհետև թույլ են։ Հաճելի բաներ են ասում, բայց դե ոնց պիտի փոխեին։ Այս իրավիճակը փոխելու համար իրենք էլ պետք է ահագին հասուն լինեին։ Մի վարչապետ, որն ուզում է մի բան անի, բայց չգիտի՝ ոնց անի, ոչ մեկի չի վստահում, թիմ չի հավաքում, ինքն էլ գեղցի է, ո՞նց պիտի անի։

-Եվ սրա հետևանքով հասարակությունը կարծես կրակն է ընկել և նախկինների, և ներկա իշխանությունների ձեռքին։

-Կրակը չի ընկել, թող հանգիստ ապրի ու աշխատի ժողովուրդը, հերիք է սրան-նրան նայել։ Էդ կոնկրետ Ծառուկյանի պրոբլեմն ա, թող ինքն էլ որոշի, ես վաբշե թքած ունեմ ինչ են անում։

Պարզ է՝ անգլիական թագուհու մենթալիտետը չպիտի ունենային երեկվա գեղցիները։ Օբյեկտիվ է  ամեն ինչը, այնպես չէ, որ զարմացնում է։ Նրանք կարող էին փոխվել միայն էն ժամանակ, եթե վախենային իշխանությունից, բայց դե էլի չէին փոխվի, ուղղակի վախը կստիպեր մի քիչ շնորհքով պահել իրենց։ Բայց դե էս իշխանությունից ի՞նչ վախենաս։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am