Վարչապետն անհանգստացնող է համարում վերջին օրերին կորոնավիրուսի դրական դեպքերի թվի աճը

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացնող է համարում վերջին երկու օրերի ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվի էական աճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ դրական նոր դեպքերի թիվը եղել է 257, սեպտեմբերի 17-ի դրությամբ՝ արդեն 295. կառավարության ղեկավարի խոսքով՝ հայտնաբերման տոկոսը բավական բարձր է, այսինքն՝ թեստերի թիվը մեծ է:

«Երեկ ունեցել ենք 4319 թեստ, նախորդ օրը՝  4135։ Ես հիշեցնեմ, որ ամենաբարդ շրջանում մեր թեստերի մաքսիմալ ծավալը 3000-ի չի հասել։ Բայց այնուամենայնիվ, միտումն անհանգստացնող է, և ես կարծում եմ, որ մենք հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս խնդրի վրա։ Օրինակ՝ ես երեկ մարտից հետո առաջին անգամ Երևանում խցանում նկատեցի։ Թերևս դա կապված է դպրոցների բացման հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ թեստավորումերի թիվը մեծ է, այդ պատճառով էլ բացարձակ թվով դրական դեպքերի թիվը մեծ է։

«Բայց մենք նաև նկատում ենք թեստավորման մեջ նաև տոկոսային աճ, այսօր մոտ 7 տոկոս է կազմում, ինչը մեզ համար մտահոգիչ է։ Մենք մեր վերլուծությունների արդյունքում կարծում ենք, որ այս աճի միտումը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի ավելի ակտիվացման հետ՝ մինչդպրոցական առևտուր անելու, հանգստյան տներից վերադառնալու»,- ասաց Ավանեսյանը՝ ավելացնելով, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն տեսանելի կլինի, թե դպրոցների բացման արդյունքում ինչ իրավիճակ է համաճարակային առումով։

«Թեև արտակարգ դրության ռեժիմն ավարտվել է, բայց կանոնները խստորեն պետք է պահպանել։ Վիճակագրությունը փաստում է՝ միայն կանոնների խստորեն պահպանման արդյունքում կարող ենք զսպել աճի միտումը և աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք, ինչը առողջապահական համակարգում մեծ լարում է առաջացնում»,- ասաց փոխնախարարը:

Հայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46671 դեպք, որոնցից 42231-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 925: Արձանագրվել է նաև մահվան 283 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: