«Այս տարի միայն երեք ինքնաթիռ հայ Գերմանիայից են վերադարձվել, այսինքն՝ նրանց դեպորտ են արել»․ «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար

«Այս տարի միայն երեք ինքնաթիռ հայ Գերմանիայից են վերադարձվել, այսինքն՝ նրանց դեպորտ են արել»․ «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար
«Այս տարի միայն երեք ինքնաթիռ հայ Գերմանիայից են վերադարձվել, այսինքն՝ նրանց դեպորտ են արել»․ «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության «Միգրացիա և ինտեգրում» ռազմավարական ուղղության, «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

– Տիկի՛ն Ստեփանյան, վերջին շրջանում եվրոպական երկրներից Հայաստան վերադարձող հայերի թիվը կարծես աճում է: Հեղափոխությունից հետո հատկապես կան տեղեկություններ, որ ԵՄ անդամ երկրներում ապաստան հայցող հայերին հետ են վերադարձնում՝ պատճառաբանելով, թե Հայաստանն անվտանգ երկիր է: Ի՞նչ եք դուք արձանագրում:

– Մեր հայրենակիցների վերադարձը, խոսքը հայրենադարձության մասին չէ, ինտենսիվացել է ոչ թե հեղափոխությունից հետո, այլ 2015 թվականից հետո, երբ Եվրոպան սկսեց սիրիացի փախստականների ընդունել: ԵՄ անդամ երկրները, որպեսզի կարողանային ադեկվատ աջակցություն ցուցաբերել միլիոնավոր փախստականների, սկսեցին ավելի մեծ թվով միգրանտների հետ ուղարկել, ովքեր եվրոպական երկրներ են մեկնում տնտեսական բարեկեցիկ կյանքի համար և գալիս են այն երկրներից, որոնք ԵՄ անդամ երկրների կողմից համարվում են անվտանգ երկրներ:

Այդ երկրների շարքում է նաև Հայաստանը: Այսինքն՝ վերադարձի միտում մենք նկատել ենք 2015-2016 թվականներից հետո, երբ կտրուկ աճել է «Հայկական Կարիտաս» դիմող վերադարձողների թիվը: Ես կարող եմ ասել, որ 2018 թվականին այդ թվերը դարձյալ աճել են, այս տարվա սկզբից մեզ դիմել է 300-ից ավելի ընտանիք, ինչը կիսով չափ ավելի է, քան նախորդ տարի:

– Վերադարձողները ձեզ դիմում են աջակցությա՞ն համար:

 – Դիմում են վերաինտեգրման աջակցություն ստանալու համար: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, մենք նման վիճակագրություն չենք վարում, որովհետև մենք մեկնողների հետ չենք աշխատում, աշխատում ենք հենց վերադարձողների հետ:

– Ո՞ր երկրներից են հիմնականում գալիս այդ ընտանիքները:

– Առաջին տեղում Գերմանիան է: Հաջորդում են Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան: Սրանք վերադարձի առումով թոփ երկրներն են: Կտրուկ ավելացել է նաև դեպորտով վերադարձվողների թիվը: Եվրոպական երկրների Կարիտասի ցանցերից մեզ ասում են, որ այդ միտումը կա՝ հետ վերադարձնել նրանց, ովքեր միգրանտ են, ոչ թե փախստական, այսինքն՝ տնտեսական ու սոցիալական բարեկեցության համար են մեկնում, ոչ թե իրենց կյանքը փրկելու: Դա նկատվում է նաև հենց եվրոպական երկրների քաղաքականության մեջ: Մեր համաձայնագրերը Եվրոպական միության հետ, ռեադմիսիոն համաձայնագրերի մասին է խոսքը, բնականաբար, նպաստում են նաև վերադարձի աճին:

 – Դեպորտների աճը հատկապես այս տարի՞ է նկատվում:

– Նախորդ տարի էլ կար, բայց այս տարի ավելացել է: Որքան ես եմ տեղեկացված, այս տարի միայն երեք ինքնաթիռ հայ Գերմանիայից են վերադարձվել, այսինքն՝ նրանց դեպորտ են արել: Մեկ ինքնաթիռ եկել է գարնանը, երկուսը՝ աշնանը: Մեկ ինքնաթիռ էլ Ավստրիայից է եկել: Ես կարող եմ ասել, որ ակնհայտ է, որ վերադարձվողների մեջ մեծ է հիվանդների թիվը:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ հատկապես Գերմանիա մարդիկ բուժման նպատակով են մեկնում: Մենք ունենք շատ դեպքեր, երբ բուժումը կիսատ թողած՝ մարդուն դեպորտ են արել, որովհետև նրանք այս պահին այլ առաջնահերթություններ ունեն, դա նրանց պետական քաղաքականությունն է: Թեև մարդասիրական տեսանկյունից այս դեպքերին այլ մեկնաբանություններ կարելի է տալ, բայց պետական քաղաքականության տեսանկյունից ամեն երկիր ինքն է որոշում իր քաղաքականությունը:

– Բուժումը կիսատ թողած անձանց վերադարձնելու հարցում ևս Գերմանիա՞ն է առաջին տեղում, այդ երկի՞րն է ամենակոշտ քաղաքականությունը վարում:

– Այո, հատկապես Գերմանիան է այդպես անում: Նախորդ տարիների համեմատ միգրացիոն քաղաքականությունը խստացրել են և՛ Գերմանիան, և՛ Ավստրիան, և՛ Շվեդիան: Այն մարդիկ, ովքեր մեզ դիմել են, նրանց մեծ մասը հիվանդ մարդիկ են, օրինակ՝ քաղցկեղի վերջին փուլում գտնվող հիվանդ ունենք:

Գերմանիայում նրան ասել են՝ մենք այլևս քեզ ոչինչ չենք կարող անել, քո երկիրն ասում է, որ դու կարող ես բուժումդ շարունակել այնտեղ, վերադարձիր քո երկիր: Դեպքեր ունենք, երբ վիրահատության օր է նշանակված եղել, մինչև կհասներ վիրահատության օրը, մարդուն վերադարձրել են:

Եվ եթե նախկինում հետ էին վերադարձնում, օգտվում էին վերադարձի և վերաինտերգրման ծրագրերից՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող: Եթե մարդն իր կողմից համաձայնություն էր տալիս կանգնեցնել ապաստանի գործընթացը և վերադառնում էր այդ ծրագրերով, վերաինտեգրման ինչ-որ գումար նրանց տրամադրվում էր: Հիմա միտումն այն է, որ այդ գումարները պակասել են: Երկրորդ՝ շատերին ուղղակի տոմս են գնել և հետ ուղարկել, առանց այդ գումարների: Եվ իմ թված բոլոր երկրներից վերադարձողների դեպքում այդ գումարները պակասել են, հատկապես Գերմանիայից:

– Տարիներ շարունակ նման միտում է նկատվել, որ ԵՄ անդամ երկրներ մեկնողներն ու ապաստան հայցողները ինչ մեթոդների ասես դիմում են, այլ անուններով են հանդես գալիս, ազգությունն են փոխած ներկայացնում: Հայաստանից գնացողները հիմնականում ի՞նչ պատճառաբանությամբ են ապաստան հայցում:

– Ապաստան տրամադրելու հստակ քաղաքականություն ու գործընթացներ կան: ՀՀ օրենքն ու գործընթացներն էլ են կարծես թե նույնը, մարդը պետք է համապատասխանի կոնկրետ չափորոշիչների, որպեսզի ստանա ապաստան ու փախստականի կարգավիճակ:

Դրանց թվում են՝ քաղաքական հետապնդումների ենթարկվելը, ազգային և սեռական փոքրամասնություններին հետապնդելու պատճառաբանությունները: Բայց այդ չափորոշիչների մեջ հաստատ չեն մտնում ո՛չ առողջական, ո՛չ սոցիալական, ո՛չ էլ տնտեսական խնդիրները: Երբ Հայաստանից այսօր գնում են հանձնվելու, բնականաբար, պետք է ներկայացնեն փաստարկներ, որպեսզի ապաստան ստանան: Հիմնականում գնում ու ասում են՝ մենք քաղաքական հետապնդումների ենք ենթարկվում:

Դա են շահարկում և սեռական փոքրամասնություն լինելը: Եղել են նաև դեպքեր, երբ եզդիները մեկնել են այնտեղ ու ասել, որ ենթարկվում են հետապնդումների՝ որպես ազգային փոքրամասնություն: Եվ մեզ դիմել են եվրոպական երկրներից՝ հասկանալու համար, թե արդյոք ազգային փոքրամասնությունները Հայաստանում հետապնդումների ենթարկվո՞ւմ են:

Բնականաբար, դա այդպես չէ, ոչ էլ քաղաքական հետապնդումներ կան: Մեկ անգամ փախստականների ճամբարներից մեկում հանդիպում ունեցա հայերի հետ աշխատող սոցիալական աշխատողների հետ, այդ հարցերն էին ինձ տալիս՝ արդյոք ձեզ մոտ քաղաքական հետապնդումների՞ են ենթարկվում, և արդյոք յուրաքանչյուր երրորդ անձ կամ քաղաքական հետապնդման է ենթարկվում, կամ հալածվում որպես ազգային ու սեռական փոքրամասնության ներկայացուցիչ:

Բնականաբար, գործերը քննողները մեր երկրի ներքաղաքական վիճակին տեղյակ են, ինտերնետը դրա հնարավորությունը տալիս է, հասկանում են, որ նման բան չկա: Հենց դրա պատճառով է, որ մեկնողները չեն համապատասխանում չափանիշներին ու հետ են ուղարկվում:

– Հաշվի առնելով միտումները՝ կարո՞ղ ենք կանխատեսել, որ առաջիկա տարիներին եվրոպական երկրներից հոսքը մեծ է լինելու:

– Այո՛, հաստատ դա կարող ենք պնդել: Ես դա ասում եմ՝ մեր ռեադմիսիոն պայմանագրերի շջանակներում: Երբ երկիրը ռեադմիսիոն պայմանագիր է կնքում Եվրոպական միության հետ, բնականաբար, հետևելով այդ պայմանագրին, ԵՄ անդամ երկրները մարդկանց հետ են ուղարկում՝ ասելով, որ մենք համաձայնություն ունենք:

Նույն ճամբարներում, երբ հանդիպումներ էինք ունենում միգրանտների հետ, նրանք դժգոհում էին, որ երկիրն այդ պայմանագրերով ասում է՝ մենք ամեն ինչով տեր ենք մեր ժողովրդին, հենց դրա համար էլ իրենց հետ են ուղարկում: Այսինքն՝ չի դիտարկվում, որ դա հետագայում կարող է դրական ազդեցություն ունենալ վիզաների ազատականացման հարցի համար, ամեն մեկն իր կյանքի համար է մտածում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am