«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Բաքվում անցկացվում է «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի 2-րդ միջազգային համաժողովը՝ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով, որի շրջանակներում Իլհամ Ալիևը պնդել է, որ Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար։ Տիկի՛ն Հայրապետյան, ի՞նչ վտանգներ է պարունակում այս հայտարարությունը։
– Ալիևը բավական տևական ժամանակ տարբեր միջոցներով ու, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի պետական քաղաքականությունը հենց այդպիսին է, որ այդ հարցը դարձնեն օրակարգային։ Սկզբնական շրջանում նրանք հանդես էին գալիս կոնցեպտուալ հայտարարություններով ու հետո արդեն քարոզչական, քաղաքական, դիվանագիտական մեթոդներով փորձում են այդ թեման դարձնել օրակարգային, դրա համար էլ տարբեր դեսպանների հետ հանդիպումների շրջանակներում անընդհատ խոսում են դրա մասին։
Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, երկրի արտգործնախարությունը, զբաղված էր այդ ամենն անտեսելով կամ ձևակերպումներում ուղղակի նշելով, որ մերժում է այդ կեղծ խոսույթը, բայց մերժելը շատ քիչ է, պետք է հստակ քաղաքական գնահատականներ հնչեցնել, որովհետև ակնհայտ տարածքային պահանջներ են ներկայացվում Հայաստանին, կամ փորձում են պատմական տարբեր կեղծարարություններով Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններով հանդես գալ։
Պատճառներից մեկն էլ այն է, որ Ալիևն իրեն բավականին հանդուգն է պահում, որովհետև նույն Հայաստանի իշխանությունները ոչ մի բառ չեն խոսում ընդամենը մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման ու բռնի տեղահանման մասին, թեև դրա մասին միջազգային բազմաթիվ զեկույցներ ու փաստեր կան, ու դրա հետ կապված թեման բավական լուրջ ու արդիական է։ Հատկապես հաշվի առնելով այն, որ հիմա Ստեփանակերտում ամբողջությամբ քանդում են այդ մարդկանց տներն ու փչացնում գույքը, ամբողջությամբ վերացնում են հայկական քրիստոնեական ժառանգությունը, ու այդ մասին պատկան մարմիններն ուղղակի լռում են՝ նշելով, թե խաղաղության տանող միակ ճանապարհը այն է, ինչ իրենք անում են: Իսկ իրենք ի՞նչ են անում, կա՛մ ուղղակի լռում են, կա՛մ բառացի կրկնում են ադրբեջանական կողմի ասածները, ու այս տրամաբանության մեջ Ալիևը, բնական է, որ պետք է աշխատի սեփական օրակարգեր ստեղծելու ու դրանք առաջ տանելու ուղղությամբ։
– Իսկ երբ տարբեր երկրների դեսպանների հետ նա քննարկում է այդ թեման, նրանք ինչպե՞ս են արձագանքում «Արևմտյան Ադրբեջանի» թեմային։
– Ամենակարևորն այն կլինի, որ հայկական կողմը դիվանագիտական աշխատանք տանի ու հստակ ցույց տա, որ դա տարածքային պահանջներ պարունակող թեզ է, ու եթե խոսում են խաղաղության տրամաբանության կամ կայունության հաստատման մասին, ապա այդ թեզն ամբողջությամբ հակասում է ու դեպի նոր պատերազմ ու նոր հակամարտություն տանող թեզ է ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար։
Եթե Հայաստանը դրա հետ կապված նորմալ խոսույթ մշակի, ապա դեսպաններն էլ համապատասխան վերաբերմունք կձևավորեն, բայց եթե դիվանագետները միայն մի կողմին են լսում, որը պահանջների ցուցակ է ներկայացնում, բնականաբար, լավագույն դեպքում կարող են լռություն պահպանել դրա հետ կապված։
Որոշ երկրներ, որոնք ադրբեջանական շահերի հետ են փոխկապակցված, օրինակ՝ Թուրքիան, իհարկե պաշտպանում են այս թեզը։ Այսինքն՝ եթե հայկական կողմը բացարձակ ոչ մի աշխատանք չի տանում, ամբողջ աշխատանքը տարվում է բացառապես տեղեկատվական ու փորձագիտական մակարդակով, այն էլ՝ հատուկենտ մարդկանց կողմից, բնական է, որ դիվանագետներից որևէ արձագանք չպետք է սպասել, նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվելու է իր երկրի շահերով։
– Այսինքն՝ որ Հայաստանի իշխանություններն ասում են, թե հորինված թեզին չենք հակադարձում, բնավ չի՞ խանգարում, որ Ադրբեջանն այս մտացածին թեզը դարձնի միջազգային մակարդակով քննարկման առարկա ու փորձի դա որպես իրողություն ներկայացնել։
– Դա կատարյալ անհեթեթություն է, ի՞նչ է նշանակում՝ հորինված թեզ է, չենք անդրադառնում։ Ցանկացած գործողության նախորդում է քարոզչության փուլ, ու հիմա այդ փուլն է, և եթե հայկական կողմն այդ փուլում գերադասում է աչքերը փակել ու չտեսնել ակնհայտը, ապա դրանից ոչինչ չի փոխվում, Ադրբեջանը շարունակում է իր գործն անել ու ավելի նոր թափով, որովհետև հակադարձ որևէ քայլ չի տեսնում։
– Տիկի՛ն Հայրապետյան, հնարավո՞ր է, որ Ալիևը պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը նաև դարձնի այս թեզը, ասի՝ քանի չեք սկսել բանակցել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչների հետ», որևէ թուղթ չեմ ստորագրի։
– Ես վստահ եմ, որ դա կա օրակարգում, ու այդ մասին նախորդիվ էլ տարբեր ձևերով ակնարկներ արվում էին, ընդհանրապես Ադրբեջանի նախապայմանների ցուցակը անվերջ է, որովհետև Ալիևի նպատակը Հայաստանի չգոյությունն է, ու այդ նպատակին հասնելու համար նա ամեն ինչի պատրաստ է, ու որքան դու բավարարում ես այդ պահանջները, այնքան մոտեցնում ես Ադրբեջանին իր նպատակի կատարմանը։ Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով Ալիևը նկատի ունի Հայաստանի ներկայիս ողջ տարածքը։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















