Պաշտոնական. Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը

Պաշտոնական. Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
Պաշտոնական. Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը:

Հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:

Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: 

© Medialab.am