«Սերժ Սարգսյանի նպատակը հեղափոխության նսեմացնումն է և իր արդարացումը». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պտասխանել է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Իր ասուլիսում Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմը համարեց հաղթանակ, մինչդեռ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ այդ պատերազմում 20-ից ավելի դիրք ենք կորցրել: Որտե՞ղ է ճշմարտությունը, դուք, որ անձամբ մասնակցել եք այդ ամենին, ի՞նչ կարող եք ասել:

– Ես կարող եմ ասել, որ դա միանշանակ օրվա քաղաքական իշխանության և ռազմական իշխանության կատարյալ պարտությունն էր: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանն օգտվեց նրանից, որ Հայաստանի նոր իշխանությունը ճշմարիտ և իրական գնահատական չտվեց այդ օրերին: 

ԱԺ քննիչ հանձնաժողովը, որ անգործության է մատնված, չի կարողանալու բացահայտել, որովհետև եթե նույնիսկ շուտով հրապարակի իր եզրակացությունը, չեմ կարծում, թե այնտեղ ինչ-որ բաներ լինեն: 

Սերժ Սարգսյանը քաջ գիտի, որ հանձնաժողովն ամուլ է գտնվել, որևէ բան չի արել, հանձնաժողովի նախագահը դեկլարատիվ, անպտուղ հայտարարություններ է անում, որովհետև ինքը չի քննել այդ հարցը: 

Ինչու եմ այդպես ասում, որովհետև ո՛չ ինձ հետ, ո՛չ իմ շրջապատում եղած հրամանատարներից կամ պատասխանատուներից որևէ հարցազրույց չեն վերցրել և ճշմարտությունը չեն իմացել, թե ի՛նչ ձախողումներ են եղել: 

Նույնը կարելի է ասել հյուսիսային՝ Թալիշի ուղղության մասին: Հանձնաժողովը Լելե Թեփեի և Թալիշի ուղղությամբ կորցրած դիրքերի վերաբերյալ մատը մատին չի տվել և որևէ բացահայտման փորձ չի արել: 

Ես չգիտեմ, թե իրենք ինչ են արել, գուցե եկել են Արցախ՝ ուրիշ տեղե՞ր են գնացել, բայց ես հաստատ գիտեմ, որ պատշաճ կերպով աշխատանք չեն արել: Գուցե հանձնաժողովն էլ վաղը արդարացված համարի դիրքերի կորուստը, չնայած հանձնաժողովի որոշ հայտարարություններում նման բան արդեն ասել են: 

Թող ոչ ոք չզարմանա, որ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է արել, նա դա արել է՝ հիմնականում հանձնաժողովի անգործությունը տեսնելով: 

– Այսինքն՝ բնավ չի կարելի համարել, որ ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել:

– Իհարկե չի կարելի: Մենք միանշանակ կորցրել ենք դիրքեր, անվտանգության կորուստ ենք ունեցել, 100-ից ավելի զոհ ենք ունեցել, դիրքերը հետ վերցնել չենք կարողացել, ավելի ճիշտ՝ օրվա ռազմական իշխանությունը չի կարողացել: 

Շատ բան բացահայտ չեմ ուզում ասել, թող հանձնաժողովը պարզի: Ես դա կասեմ միայն այն ժամանակ, երբ այդ փաստերի առթիվ քրեական գործ հարուցվի, վաղեմության ժամկետը դեռ չի լրացել: Ես հույս չունեմ, թե հանձնաժողովը դա կանի, քանի որ հանձնաժողովը միանշանակ հեռու է նման գործընթացից: 

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանին պետք հենց հիմա ասուլիս հրավիրել:

– Սերժ Սարգսյանի նպատակը հեղափոխության նսեմացնումն է և իր արդարացումը: 

– Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի խնդիր չի եղել, և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ ինքը վրիպել է՝ նման հայտարարություն անելով: Այս մասով որքանո՞վ էր անկեղծ Սերժ Սարգսյանը:

– Իհարկե վառելիքի խնդիր ապրիլյանի ժամանակ չի եղել, ավելի լուրջ պատճառներ են եղել, քան վառելիքի խնդիրը: Վառելիքը ամբողջությամբ տեղը տեղին էր, տեխնիկան տեղը տեղին էր, ամեն ինչը տեղը տեղին էր, բայց մարդը չկար: Մարդու գործոնի պրոբլեմն էր:

– Նկատի ունեք՝ հրաման տվողը պակաս է եղե՞լ:

– Հրաման տվողի, հրահանգ տվողի: Այսինքն՝ գնդի, գումարտակի հրամանատարներից մինչև գլխավոր շտաբի պետ, նախարար ու գերագույն գլխավոր հրամանատար՝ ա՛յ էդ խնդիրներն են: 

Այդ ամենը եղել է, դա մի բառով չես բացատրի, ոչ էլ մեկ հարցազրույցով, դրա համար լուրջ աշխատանք է պետք, որպեսզի գնահատական տրվի տեղի ունեցածին: Ինչու եմ այդպես ասում, որովհետև, այո՛, բանակում նման երևույթներն արմատախիլ չեն արված, դեռ կան այդպիսիք: 

Դրա համար պետք է նման հարցերին գնահատական տրվի, իսկ այդ օրվա իշխանություններն էլ պետք է արժանի պատժի արժանանան: Օրինակ՝ ո՞վ է պատասխանատու, որ դիրքերը հետ չվերցրեցին, կամ՝ ո՞վ է պատասխանատու, որ զորքը մարտական դրության չբերվեց, ո՞վ է պատասխանատու, որ ժամանակին պատշաճ ձևով օգնության չեն գնացել, երբ մենք կորուստներ ենք ունեցել, և մեր դիակները մնացել են հակառակորդի ձեռքում: 

Ես բաներ եմ ասում, որոնց պատասխանը մենք բոլորս գիտենք, բայց արդյոք այդպիսի հարցերի հանձնաժողովը հետամուտ եղե՞լ է, թե՞ ոչ: Ո՛չ, չի եղել, եթե հետամուտ եղած լիներ, վաղուց արդեն դատախազությունը պետք է ձերբակալեր համապատասխան մարդկանց: 

– Պարո՛ն Բադասյան, դուք և՞ս պնդում եք, որ այդ օրերին մենք 20-ից ավելի դիրք ենք կորցրել:

– Այո՛, պնդում եմ:

– Ընդհանրապես, Սերժ Սարգսյանն իր ասուլիսում որևէ նորություն ասա՞ց:

– Միակ նորությունն այն էր, որ ինքը լկտիաբար արդարացավ կամ փորձում է արդարանալ: Իսկ ասուլիսը հրավիրեց, որովհետև նոր իշխանությունները դրա առիթը տվել են՝ հանձինս նոր կառավարության: 

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է այդ գործով արդեն պատասխանատվությա՞ն ենթարկված լիներ:

– Իհարկե, միանշանակ, իր գլխավորությամբ բոլորն էլ պետք է պատասխանատվության ենթարկված լինեին: 

– Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ ապրիլյան պատերազմի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովն անգործունակ է, երբ նույնիսկ եղան պաշտոնյաներ, որոնց կրկնակի հրավիրեցին ու լսեցին:

– Որովհետև այդ հանձնաժողովն արդեն ուզում է ամփոփել իր աշխատանքը և զեկույցով հանդես գալ, բայց դեռ դիրքերում գտնվող որևէ պատասխանատուի, որևէ հրամանատարի հետ հարցազրույց չեն ունեցել, տեղեկություններ չեն վերցրել: 

Բացի դրանից, իրենք նույնիսկ որևէ առաջարկություն չեն արել նախարարությանը, պատկան մարմիններին, որպեսզի այդ հանցագործ որոշ հրամանատարների, որոշ բարձրաստիճան զինվորականների գործունեությունը գոնե կասեցնեն բանակում, գոնե պաշտոններից հեռացնեն: 

Ընդհակառակը՝ առաջխաղացում է գնում, 2016-ի հանցագործները նոր կոչումներ են ստանում: Անտեղյակություն, անճարակություն, անպատասխանատվություն՝ ահա պատկերը: 

– Այսինքն՝ ապրիլյան պատերազմի հանգամանքներն առաջիկայում դեռ չե՞ն բացահայտվելու:

– Այո՛, բայց ապրիլյան պատերազմը դեռ պետք է բացահայտվի միգուցե այլ մարմինների միջոցով: Իսկ այս տեմպով և եղանակով այն չի բացահայտվելու:

Մանե Հարությունյան

MediaLab.am