«Բնապահպանական որևէ խախտում չկա, հետևաբար Ադրբեջանի հայցը անհիմն է, նույնիսկ՝ անլուրջ». Սամվել Բալոյան

Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Բալոյանը, որը երկար տարիներ մեծ ավանդ է ունեցել Հայաստանի բնապահպանության ոլորտում, զբաղվել շրջակա միջավայրի հարցերով, անլուրջ է համարում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային արբիտրաժային վարույթ նախաձեռնելը և ավելին՝ կարծում է՝ այդ հարցում Ադրբեջանը կձախողվի:

«Չեմ կարծում, թե այս հայցը կբավարարվի: Մի հատ թող իրենք իրենց թույլ տված բնապահպանական խախտումները նկատեն»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Բալոյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել էր, թե դատի են տվել Հայաստանին՝ «Ադրբեջանում հասցված հսկայական բնապահպանական վնասի համար»:

Եվ հունվարի 26-ին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը տարածել էր տեղեկություն «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) շրջանակներում Ադրբեջանի կողմից արբիտրաժային վարույթ նախաձեռնելու մասին:

«Հայաստանի Հանրապետությունը ափսոսանք է հայտնում, որ Ադրբեջանը որոշել է իրավական գործընթաց սկսել այնպիսի փաստաթղթի հիման վրա, որի հիմնական նպատակն է «խթանել … համագործակցությունը» պետությունների միջև՝ միտված «պահպանելու վայրի ֆլորան և ֆաունան և դրանց բնական ապրելավայրերը»։

Հայաստանը բազմաթիվ առիթներով հաստատել է իր՝ տարածաշրջանի վայրի բնաշխարհի պահպանման և շրջակա միջավայրի պաշտպանության հանձնառությունը՝ ներառյալ Բեռնի կոնվենցիայի մոնիթորինգային և այլ մարմինների հետ աշխատելու միջոցով։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է շրջակա միջավայրի պաշտպանությանն ու պահպանմանը և կշարունակի կատարել միջազգային բնապահպանական փաստաթղթերով, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի ներքո ստանձնած իր պարտավորությունները»,-նշված է ՀՀ ներկայացուցչի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Բալոյանն ասում է՝ Ադրբեջանը Բեռնի կոնվենցիան խախտող առաջին երկրներից է. «Այդ նավթահորերը, գազային հանքերը՝ բացարձակ ոչ մի հսկողություն չկա, չի իրականացվում, հետևաբար նման հայցը անհիմն է, նույնիսկ՝ անլուրջ»:

Նրա խոսքով՝ այդ տարածքները, որոնց վերաբերյալ վարույթ է նախաձեռնել Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղում են, հետևաբար հասցեագրումը՝ Հայաստանի դեմ վարույթ նախաձեռնելը, սխալ է:

«Այդ տարածքներում բնապահպանական խախտումներ թույլ չեն տրվել: Երբ նախարարությունում էի աշխատում, բազմիցս գնացել եմ այդ տարածքներ, համագործակցել ենք Ղարաբաղի տեսչական մարմինների հետ, մոնիթորինգ է իրականացվել, և հիմա պնդում եմ՝ որևիցե բնապահպանական խախտում թույլ չի տրվել»,- ասում է Բալոյանը:

Նա ընդգծում է՝ Բեռնի կոնվենցիայի շրջանակներում ամենատարբեր միջազգային սիմպոզիումներում, գիտաժողովներում Ադրբեջանի կողմից որևէ վերապահում, որևէ խնդիր չի մատնանշվել: «Հիմա ի՞նչ են լսել՝ վարույթ են նախաձեռնել, էդ հանդիպումներում էն ժամանակ այդ մտահոգությունները բարձրացնեիք: Չէին կարող, որովհետև հիմքեր չեն ունեցել»,- հավելում է Սամվել Բալոյանը:

«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» Բեռնի կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2006-ին, վավերացրել՝ 2008-ին: Ադրբեջանը այդ փաստաթուղթը վավերացրել է 2000-ին: Կոնվենցիայի նպատակն է ապահովել վայրի ֆլորայի ու ֆաունայի և նրանց բնական միջավայրերի պահպանությունը: Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ իր քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս, ինչպես նաև աղտոտման դեմ ուղղված իր միջոցառումներում պարտավորվում է հաշվի առնել վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության հարցերը:

Բեռնի կոնվենցիան կողմերի միջև վեճերի կարգավորման երկու տարբերակ է առաջարկում. մեկը՝ բարեկամական, որից եթե լուծման արդյունքներ չեն ստացվում, ապա կողմերը կարող են դիմել արբիտրաժային դատարան:

«Յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի մեկ միջնորդ դատավոր, և այդ երկու միջնորդ դատավորները պետք է նշանակեն երրորդ միջնորդ դատավորին: Եթե կողմերից մեկը արբիտրաժի հայտ ներկայացնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, չի նշանակել իր միջնորդ դատավորին, ապա վերջինս պետք է նշանակվի մյուս կողմի խնդրանքով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի կողմից` հետագա 3 ամիսների ընթացքում: Նույն ընթացակարգը կիրառվում է այն դեպքերում, երբ առաջին երկու դատավորների նշանակմանը հաջորդող երեք ամիսների ընթացքում միջնորդ դատավորները ի վիճակի չեն համաձայնության գալու երրորդ դատավորի նշանակման շուրջ»,- սահմանում է Կոնվենցիայի համապատասխան դրույթը:

«Հայաստանը մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից իրավական վեճի եղանակով բարձրացված հարցերը որևէ առնչություն չունեն Բեռնի կոնվենցիայի նպատակի հետ և կարող են վնասակար անդրադառնալ տարածաշրջանի շրջակա միջավայրի վրա, որը նաև էական վնաս է կրել վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի վարած ագրեսիվ պատերազմների հետևանքով»,- հայտարարել են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am