Խնոցու կարագից մինչեւ կարմրախայտ, ավելուկից` նվիկ. Գյուղացիների համոզմամբ, Հերմոնն ամեն ինչ ունի «տուրիստական կենտրոն դառնալու համար»

Խնոցու կարագից մինչեւ կարմրախայտ, ավելուկից` նվիկ. Գյուղացիների համոզմամբ, Հերմոնն ամեն ինչ ունի «տուրիստական կենտրոն դառնալու համար»
Խնոցու կարագից մինչեւ կարմրախայտ, ավելուկից` նվիկ. Գյուղացիների համոզմամբ, Հերմոնն ամեն ինչ ունի «տուրիստական կենտրոն դառնալու համար»

Վայոց ձոր տանող ճանապարհը փոխվում է ամեն շրջապտույտից հետո: Դեպի հարավ` գույներն ավելի տաք ու կանչող են դառնում: Արփա գետի մեծ ու փոքր վտակների կտրատած հովիտները Վայոց ձորը զարդարում են բնական ճարմանդներով: Լեռների ստորոտներին ու հովիտների արանքում փռված են գյուղերը: Մարզի հյուսիսարևելյան հատվածում` ժայռերի արանքներում, ծվարել է Հերմոնը:
Գյուղի տները տարբերվում են իրարից: Բակերից մեկում խնոցի հարող գյուղացի երկու կին ասում են, որ պատճառը տարբեր շրջաններից գյուղի վերաբնակիչներն են:

«Էս գյուղում ով ասես չի ապրում, եկել են Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Նախիջևանի գյուղերից, մեր շրջանի տարբեր գյուղերից: Եկել-խառնվել ենք իրար, ամեն մեկս մեր ավանդույթներով ու սովորություններով»,- ասում է 56-ամյա Գեղեցիկ Հովհաննիսյանը, ով գյուղի եզակի կանանցից է, որ շարունակում է խնոցիով կարագ ու յուղ սարքել:

«Հիմա զարգացել են, չեն ուզում չարչարվել, բայց ես գերադասում եմ ձեռքիս սարքածը: Կաթի հասունացած սերը մի ամիս հավաքում եմ, հետո լցնում խնոցու մեջ, այնքան ենք հարում, որ պինդ մասսան առանձնանում է հեղուկից: Պինդն էլ տնական մաքուր կարագն ա: Էս տարի մենակ 50 կգ յուղ եմ հալել: Նաև վաճառում եմ: Գյուղ եկող տուրիստների խելքը գնում ա տնական կարագի, հորած պանրի ու լավաշի համար»,- ասում է Գեղեցիկը` առաջարկելով համտես անել իր տնական կարագից:

Գյուղի փողոցներում ու բակերում հիմնականում կանայք ու երեխաներ են: Հերմոնի գյուղապետարանի աշխատակից Արշավիր Գրիգորյանն ասում է, որ գյուղը լցվում է աշնան վերջին, երբ տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադառնում:

«Ինչպես բոլոր գյուղերը մենք էլ ունենք խնդիրներ`արտագաղթ, գործազրկություն… Գաղտնիք չէ, որ գյուղացուն մենակ են թողել հողի հետ: Մեր գյուղը լեռնային գոտում է, ու էն բերքը չի տալիս, ինչ դաշտավայրինը, բայց, դե, էլի մարդիկ ապրում են` մրգեր աճեցնելով և անասնապահությամբ զբաղվելով: Սովետի տարիներին այստեղ ադրբեջանցիներ էին ապրում: Սովխոզ էր, ու մեծ քանակությամբ կով ու մանր եղջերավոր անասուններ էին պահում: Բայց Բաքվից եկածները անասուն հաստատ չէին կարողանա պահել ու այդպես էլ եղավ»,- բացատրում է Գրիգորյանը, ով Հերմոն է տեղափոխվել Նախիջևանի Զնաբերդ գյուղից:

1988-ի նոյեմբերին տեղահանված Զնաբերդը Նախիջևանի հայկական վերջին գյուղն էր: Գրիգորյանը նշում է, որ զնաբերդցիները ցրվեցին Հայաստանի 54 բնակավայրերով: Հերմոնում զնաբերդցի յոթ ընտանիք է ապրում:

Հերմոնի նախկին անունը Ղավուշուղ է եղել: Այսօր գյուղն ունի 249 բնակիչ, դպրոցում սովորում է 24 աշակերտ: Մինչև 1988-ը այստեղ ադրբեջանցիներ են ապրել, իսկ հետո վերաբնակեցվել է Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված հայերով: Հերմոնի հայկական համայնքը 20 տարեկան է:

«Նախիջևանցիները հիմնականում գյուղաբնակներ էին, Ադրբեջանից եկածները`քաղաքաբնակ: էն առաջին տարիներին մենք էինք սովորեցնում` ինչպես պոմիդոր, կարտոֆիլ մշակեն, բայց հիմա Բաքվի հայեր կան, որ մեզնից լավ են ամեն ինչ անում: Իհարկե, հարսանիքների ու թաղումների ժամանակ իրենց ավանդույթներն առաջին տեղում էին, մեծերը հատկապես չէին հարմարվում, բայց այս նոր սերունդը, մեր բոլորիս երեխաները իրար մոտ են, ու նրանց համար այդ տարբերությունները չկան»,- ասում է նա:

42-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը ժամանակին ապրել է Բաքվի կենտրոնում: 22 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Հերմոն: Դժվար էր քաղաքային մշակույթից անցումը գյուղականին:

«Ահավոր էր… բայց նպատակ ունեինք մեր կյանքը շարունակելու և ապրելու: Սովորեցինք նաև այս կյանքին: Ամուսնացա տեղացու հետ, այսօր արդեն երկու տղա ունեմ, մեկը զինվորական է, մյուսը` տնտեսագետ»,- ասում է նա:

Քրիստինեն` դստեր հետ

Հերմոնում կյանքի որակի մասին խոսում են գյուղի խանութպան Սահակ Հովհաննիսյանի պարտքատետրերը: Շատերին տվել է տարիներ առաջ ու մինչև հիմա չի կարողանում հետ վերցնել, ոմանք էլ ավելի պարտաճանաչ են, իսկ եթե չտա, առևտուր չի լինի:

«Պարտաճանաչները բերում են թոշակից թոշակ, աշխատավարձից աշխատավարձ, նպաստից նպաստ… Գյուղում մարդիկ դժվար են ապրում, անասնապահությամբ չեն զբաղվում, նստել են պետության տված նպաստի ու թոշակի վրա: Այգիներից օգուտը քիչ է: Բաքվից եկածները, օրինակ, դժվարությամբ են հարմարվում այգեգործությանը, ուզում են մշակեն, չի հաջողվում, լավ բերք չեն ստանում»,- ասում է նա:

Սահակը հարևան Շատին գյուղից է: 1990 թվականին տնամերձ հողատարածք է ստանում, սակայն չկարողանալով տուն սարքել, որոշում է տեղափոխվել Հերմոն: Խորհրդային տարիներին բրիգադավար է աշխատել, այսօր «Հայանտառի» աշխատակից է: Նրա տունը նախկին խորհրդային սովխոզին պատկանող բուֆետի շենքն է, որը գնելով վերանորոգել և դարձրել է բնակելի տուն:

Սահակը գյուղ այցելող զբոսաշրջիկների ուղեցույցն է:

«Պատճառը խանութս է: Հեծանիվներով գալիս են, քարտեզը` ձեռքներին, փորձում են կողմնորոշվել պատմական հուշարձանների նշաններով: Տանում եմ սարերը, ցույց տալիս ճանապարհները, տուն եմ հրավիրում, հյուրասիրում, շատ են սիրում հայկական խոհանոցը»,- ասում է նա ու ներս հրավիրում` տեսնելու սեփական տան մի հատվածում իր կառուցած փոքրիկ հյուրատունը:

Ծախսելով 2,5 մլն դրամ, որից 700 հազար դրամը` վարկի տեսքով (տարեկան 12 տոկոսով) տրամադրել է «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակը «Կայուն կենսապահովման ծրագրի» շրջանակներում, Սահակը փոքրիկ հյուրատուն է կառուցում:

«Մարդիկ ամեն անգամ գալիս ու հարցնում են`գիշերելու տեղ չկա՞: Ոչ մի գյուղում էլ, ճիշտն ասած, հյուրատներ չկան: Սա նոր գործիս սկզիբն է, կամաց-կամաց սենյակները կավելացնեմ»,- ասում է Սահակը:

Արշավիր Գրիգորյանը կարծում է, որ Հերմոնին ամեն ինչ տրված է տուրիստական կենտրոն դառնալու համար:

«Հիանալի բնություն, պատմական հուշարձաններ, Հայաստանի ոչ մի գյուղով վեց գետ չի հոսում, մեզ մոտ Եղեգիսն է` իր 5 վտակներով, Ջերմուկից էլ ոչ մի բանով հետ չենք մնում, իմացեք` անգամ հանքային տաք ու սառը ջրեր ունենք, խոհանոցը` ավանդական ու բուժիչ, աշխատասեր ժողովուրդ: Մենակ ներդրող չկա, մեկը գար մի առողջարան կամ հանգստյան տուն կառուցեր, մեզ համար էլ աշխատատեղեր կբացվեին»,- ասում է նա:

Հերմոնի կանանցից շատերն աշխատում են մայրուղու ռեստորաններում և սրճարաններում: Կիրովաբադից Հերմոն տեղափոխված 30-ամյա Քրիստինե Ստեփանյանը նրանցից մեկն է: Ասում է, որ բացի տեղացիներից, ընդունում են նաև տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների:

«Մեր խոհանոցը շատ են սիրում, գալիս են հետաքրքրված, այս կողմերում նաև լավ որսատեղիներ կան: Հատկապես մեր ապուրներն են սիրում, մեր սարերի բանջար` սիբեխը, ավելուկը, ալագյազը, նվիկը, սրանք նաև դեղաբույսեր են: Մեր գետի կարմրախայտը, բեղլուն, կողակը»,- ասում է Քրիստինեն:

Գեղեցիկ Հովհաննիսյանը կարշմ է պատրաստել, ասում է, որ այն համտեսելու համար գալիս են մինչև անգամ Ավստրալիայից: Կարշմը բանջարի տեսակ է` չամանի յուրահատուկ համով, որն աճում է միայն Վայոց ձորի ու Նախիջևանի լեռներում:

«Ավելացնում ենք նաև աղացած ընկույզ, ոսպ, կարմիր բիբար, ալյուր: Ուտում ենք սխտորով ու չոր լավաշով: Անվանում ենք նաև «բուսական խաշ»: Կարշմը եփում ենք հիմնականում պահքի ժամանակ»,- ասում է Գեղեցիկը` կարշմ հյուրասիրելով:

Մարզային «Աշխատանք և հայրենիք» ՀԿ նախագահ Ռուզաննա Ղազարյանը համագործակցում է «Օքսֆամ»-ի հետ` նպատակ ունենալով համատեղ ուժերով զարգացնելու մարզի առավել աղքատ գյուղական համայնքները: Նա ասում է, որ հայ գյուղացին պետք է օգտվի զբոսաշրջային հոսքերից: Տուրիզմը Հայաստանում պետք է դառնա գյուղամետ և աղքատամետ: Նրա կարծիքով` այդ ոլորտը տնտեսության վրա ազդող էական գործոն չի դառնա, եթե մայրուղիներում գտնվող պատմական հուշարձաններից մուտք չգործի հայկական գյուղեր:

«Աշխարհում տարածված և սիրված են ագրո, էկո, գինու, խոհանոցային տուրիզմի ձևերը: Սրանցից յուրաքանչյուրի համար Վայոց ձորի բոլոր համայնքներում կան բոլոր պայմանները: Ցանկացած հայի տուն հյուրատուն է: Մնում է` մեր տներն ու համայնքները առավել գրավիչ ու հյուրընկալ դարձնենք»,- ասում է նա:

© Medialab.am