Արտակարգ դրության օրերին 10 օրով երկարաձգված սահմանափակումներն ավելի կխստացվեն․ Ավինյան

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հայտարարված արտակարգ դրության շրջանակներում սահմանափակումները 10 օրով երկարաձգելու ժամանակ կփոխվի մարտավարությունը և սահմանափակումներն ավելի կխստացվեն։ «Արմենպրես»-ի հաղորմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

«Եվս 10 օրով սահմանափակումների երկարաձգելը թույլ կտա մեզ ամբողջապես ծավալել կանխարգելմանն ու մեկուսացմանն ուղղված աշխատանքները, օգնել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, ովքեր շփումներ են ունեցել վարակակիրների հետ և մեկուսացնել նրանց։ Մեր նպատակն է այս տեխնոլոգիաները զարգացնելու հետ համատեղ՝ ավելացնել թեստավորման քանակները և այս գործընթացին համահունչ հնարավորինս նվազեցնել սահմանափակումները։ Առաջիկա 10 օրվա ընթացքում հնարավոր է, որ մարտավարություն փոխվի և սահմանափակումներն ավելի կխստացվեն։ Ոստիկանության ուժերին միացվելու են այլ կառույցներից տարբեր ուժեր, որպեսզի վերահսկողության արդյունավետությունն ավելի բարձրանա», – նշեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Կառավարության կողմից տարվող բոլոր գործողություններն ունեն գիտական հենք։ Արտակարգ դրության պարետը նշեց, որ եթե կառավարությունը նմանատիպ քայլեր չձեռնարկեր, սահմանափակումներ չմտցներ, ապա մարտի 1-ից սկսած 75-80 օրվա ընթացքում հանրապետության բնակչության մոտ 89 տոկոսը կլիներ վարակված, և միայն Երևանում մենք կլիներ 8200 ծանր հոսպիտալացված դեպք։