Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է․ 47-ը միացված են արհեստական շնչառության սարքերին․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման մահճակալային ֆոնդն արդեն հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, իսկ 300-ը՝ վերակենդանացման։

«Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է մոտ 650 հոգի, որոնցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ։ Հարաբերականորեն բարվոք է իրավիճակը տանը սպասող մեր քաղաքացների մասով։ Ժամը 3-ի դրությամբ մենք փաստացի չունենք որևէ քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման խնդիր, բայց հոսպիտալացված չէ։ Սա այն ցուցանիշն է, որը հնարավորություն է  տալիս գնահատել, թե ինչքան պատշաճ են մեր հնարավորությունները ստեղծված իրավիճակին»,- ասաց նախարարը։