«Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը էկոնոմիկայի նախարարությունում մասնակցել է պարենային անվտանգության թեմայով ընդգրկուն աշխատաժողովի։

Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն և ոլորտին առնչվող այլ ներկայացուցիչներ։

Միջոցառմանն առցանց եղանակով մասնակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի գլխամասային գրասենյակի պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանը։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն մեկ անգամ ևս վերահաստատել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի հանձնառությունը և պատրաստակամությունը օգնելու ռազմավարության մշակման գործում։

Պարենային անվտանգության շրջանակում դիտարկվել է պարենամթերքի արտադրության զարգացումից բացի, մասնավորապես բարձր տեխնոլոգիաների դերը, շոկային իրավիճակներին արագ արձագանքման համակարգերի անհրաժեշտությունը, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և գիտական տվյալների բազայի կարևորությունը, նաև մարդկային ռեսուրների զարգացման, քաղաքացիներին իրազեկման և կրթական այլ միջոցառումները։

Ծավալված քննարկման ընթացքում կարծիքներ և տեսակետներ են փոխանակվել ռազմավարության փաստաթղթի և գործողությունների ծրագրի մշակման աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով, սահմանվել են հստակ ժամկետներ աշխատանքների իրականացման համար։