Ինձ անձնական բժիշկ պետք չի, երբ օրենքը գա, առաջարկելու եմ, որ այն ԱԺ հաջորդ նախագահի պարագայում գործածվի. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե իրեն անձնական բժիշկ պետք չէ և երբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը մտնի խորհրդարան, ինքը կառաջարկի հրաժարվել անձնական բժիշկ ունենալու երաշխիքներից:

«Ինձ անձնական բժիշկ պետք չի, երբ օրենքը գա, առաջարկելու եմ, որ այն ԱԺ հաջորդ նախագահի պարագայում գործածվի: Հասկանում եմ՝ բոլոր օրենսդրական նախաձեռնություններում իմ անունն առանձնացնելու և դրա շուրջ աղմուկ սարքելու ցանկությունը: Դրանց ես անտարբեր եմ վերաբերում: Այլևս աշխատելու եմ էդ մանր թեմաների՝ մեքենաների, անձնական բժիշկ ունենալու և այլնի մասին հարցերին չպատասխանել», -Ազգային ժողովի դիմաց ցուցարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողներին ասել է Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին հատկացնել անձնական բժիշկ՝ ինչպես բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեպքում է:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա», -նշվում է նախագծի հիմնավորումներում: