Հայաստանի կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
Այդպիսով, կառավարությունն առաջարկում է Պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) հանել Ազգային անվտանգության ծառայության կազմից: «Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից և դրա հետագա գործունեությունը շարունակել՝ որպես պետական կառավարման համակարգի մարմին», -նշվում է հանրային քննարկման դրված նանխագծում:
Բացի այդ, նշվում է, որ կարևորելով զինծառայողներով համալրված և «այլ զորքերի» կարգավիճակով օժտված մարմնի գործառույթների օպերատիվ կառավարման անհրաժեշտությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ պետական պահպանության ծառայության պարագայում ծառայությունը պայմանավորված է ամենօրյա ռեժիմով իրավիճակին արագ արձագանքելու և համարժեք գործողություններ իրականացնելու հրամայականով՝ նախատեսվում է Պետական պահպանության ծառայությունը ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում:
Հանրային քննարկման դրված այ նախագծով նաև առաջարկվում է Ազգային ժողովի նախագահին հատկացնել անձնական բժիշկ՝ ինչպես բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեպքում է:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով Հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը (սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար ապահովվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով) և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա», -նշվում է նախագծի հիմնավորումներում:
Կառավարությունը ներկայացված փոփոխությամբ առաջարկում է նաև Հանրապետության պաշտոնաթող նախագահին անձնական պետական պահպանություն տրամադրել 7 տարի ժամկետով, իսկ վարչապետին՝ 10 տարի ժամկետով: Այդ ժամկետներն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել Կառավարության սահմանած կարգով: