«Նախկինների նպատակն է ստեղծել քաոս երկրում, իսկ եթե իրական քաոս ստեղծել չի հաջողվում, ստեղծել քաոսի պատրանք». Միքայել Զոլյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Ֆեյսբբուքի իր էջում գրել է.

«Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին՝ սադրանքները, մեդիա-կամպանիաները, և այլն, իրականում վերջին երկու տարվա գործընթացների շարունակությունն են։ Պարզապես, մի շարք հանգամանքների բերումով (կորոնավիրուսային ճգնաժամ, ապօրին հարստացման մասին օրենք, նոր քրեական գործեր) նախկիններն այսօր ակտիվացել են։ Մի կողմից, նրանք անկյունում են հայտնվել, մյուս կողմից նրանց թվում է, որ ճգնաժամն իրենց շանս է տվել։

Եվ ինչ են փորձում անել։ Իրենց ԶԼՄ-երի և ադեկվադանմանների միջոցով փորձում են վարկաբեկել հեղափոխությունը, կառավարությունը, ԱԺ-ն, պետական ինստիտուտներն ընդհանրապես։ Ստեղծել քաոս երկրում, իսկ եթե իրական քաոս ստեղծել չի հաջողվում, ստեղծել քաոսի պատրանք, որովհետև եթե մարդկանց թվում է, որ երկրում օրհասական իրավիճակ է, մարդիկ իրենց սկսում են պահել այնպես, ասես երկրում իրոք օրհասական իրավիճակ է, և իրոք օրհասական իրավիճակ է ստեղծվում։ Նման սցենարներ պատմության մեջ շատ անգամ են իրականացվել, երբ որևէ երկրում ժողովրդական իշխանություն է եկել, իսկ տեղական օլիգարխիան դրա հետ չի հաշտվել։

Պատմությունից շատ օրինակներ կարող եմ բերել, բայց չխորանամ, մի ուրիշ անգամվա կթողնեմ։ Միայն ասեմ, որ մեզ մոտ դա չի աշխատելու։ Գուցե ես չափազանց լավատես եմ, բայց ինձ թվում է, մեր ժողովուրդը, մեծ հաշվով իմաստուն է և նման էժանագին տրյուկերով Հայաստանի ժողովրդին հնարավոր չէ խափել»։