Առաջնագծից որևէ մեկը չի վերադառնում զենքով. Փաշինյանն անդրադարձել է իր գրառման հետ կապված շահարկումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անտեղի է համարում նոյեմբերի 15-ի երեկոյան «Ֆեյսբուք»-ի իր էջում արված գրառման հետ կապված շահարկումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 16-ին կայացած առցանց ասուլիսի ընթացքում:

«Հասկանալի է, որ հիմա մենք բոլորս բավական լարված ենք: Երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում: Ինչ եմ ես գրել այդ գրառման մեջ, գրել եմ, որ սպասում եմ ձեզ Երևանում: Ահա այս նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա: Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում են իրենց ընտանիքներ և այդ մարդկանցից շատերը, խմբեր, ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել այսպես հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ և իրենց հետ կքննարկենք հարցերը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը, անդրադառնալով իր հրապարակման վերջին նախադասությանը, նշեց, որ այստեղ բավական կոշտ ձևակերպում է, սակայն այդ ձևակերպումը երեկ օգտագործվել է նաև պաշտոնական մարմինների կողմից:

«Գրել եմ` վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը: Իհարկե, այստեղ բավական կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այս ձևակերպումն օգտագործել եմ: Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն: Ով, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը: Ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հավելեց, որ առաջնագծից որևէ մեկը չի վերադառնում զենքով, և այդ առնչությամբ քննարկում է ունեցել Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառվի որևէ մեկի առաջնագծից վերադարձը զենքով:

«Այս իրավիճակում երեկվա իմ գրառման հետ կապված շահարկումները համարում եմ բացարձակապես անտեղի: Ես համարում եմ, որ զորացրվող, առաջնագծից վերադարձող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, և ես չեմ համարում, որ, եթե նրանք ցանկանում են ինձ հետ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա: Նրանք են ճշմարտություն կրողը իրադարձությունների մասին, եթե պարզվի, որ դավադրություն է եղել, թող բացահայտվի, մեղավորներն էլ պատժվեն»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընգծեց, որ երկրի ղեկավարը չի կարող քաղաքացիական բախումների և քաղաքացիական պատերազմի կոչ անել, իսկ իրավապահ մարմիններն ունեն այդ բախումները կանխելու բոլոր հնարավորությունները: