«Ես զարմացած եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից՝ իմ հեռանալը անձնական պատճառներ չունի, բոլորովին». Նարինե Դիլբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը

– Տիկի՛ն Դիլբարյան, դուք երեկ հայտարարեցիք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Ձեր հայտարարության տեքստում ակնարկ կա, որ դուք ազատ չեք գործել և եղել եք ընկճված: Խնդրում եմ, կհստակեցնեք՝ ի՞նչն էր ձեզ ընկճել:

– Ես համոզված եմ, որ իրական կուսակցությունները պետք է նպաստեն անձի դրսևորմանը, թեև միաժամանակ, նրանք պետք է լինեն թիմային պայքարի, ընդհանուր գաղափարաբանության մշակման կենտրոններ:

Սակայն իրականությունն այն է, որ հատկապես արտախորհրդարանական ուժերը և այն ուժերը, որոնք տևական ժամանակ չեն մասնակցում, տեղ չեն գտնում իշխանության մեջ կամ քաղաքական գործուն հարթակում, հակված են տեղապտույտի:

Այդ ուժերը սկսում են դանդաղ քայլել, լինել զգուշավոր և սպասողական վիճակում են գտնվում: Նման իրավիճակը ընկճում է կառույցի իրական ուժերը: 

Երբ ես 2018-ին մտա «Ժառանգություն», այդ կուսակցությունն արդեն չէր մասնակցել արտահերթ ընտրություններին՝ պատճառաբանելով, թե Ընտրական օրենսգիրքը չի փոխվել, իսկ ընտրությունները լինելու են միաբևեռ:

Բայց հետագա ամբողջ ընթացքը ինձ համոզեց, որ եթե քաղաքական ուժերը չեն մտնում գործուն պայքարի մեջ, ապա դաշտը վերածվում է սևի ու սպիտակի վտանգավոր բևեռացման:

Այս փուլում ևս, իհարկե, ես կարող էի դուրս չգալ ու շարունակել, բայց գործընթացները խիստ ձգվում են, մինչդեռ արագ գործողությունները կարող են նպաստել ընդհանուր պատկերի փոփոխման:

Այն, որ ընտրարշավում կիրառվելու է վարչական, ֆինանսական և այլ տիպի ռեսուրսներ, որոնցից «Ժառանգությունը» զուրկ է, ակներև է, բայց խուսափել դրանից անհնարին է:

Պետք է փորձել ցանկացած բարդ իրավիճակում առաջ տանել սեփական գաղափարաբանությունը, համախմբել հենց այն ընտրազանգվածին, որը չի ուզում նաև, այո՛, մասնակցել այս ընտրություններին, որովհետև ինքը չունի ընտրություն պայմանական սևերի ու պայմանական սպիտակների միջև:

Բացի այդ, կային խնդիրներ՝ կապված դաշինքով մասնակցելու հարցերի հետ: Կուսակցությունը և պարոն Հովհաննիսյանը (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին -հեղ.), ունենալով դաշինքների ոչ հաջողակ փորձ, այդ հարցում ևս կար տարակարծություն: Ես, ընդհանրապես, գաղափարական համախմբման կողմնակից եմ և կարծում եմ, որ ժողովուրդը սպասում էր նման համախմբող առանցքի:

– Ես ճի՞շտ հասկացա՝ դուք դեմ էիք, որ կուսակցությունը պասիվ լիներ, բայց կուսակցությունում մտադիր չէին մասնակցել ընտրություններին:

– Կուսակցությունը, գիտեք, հիմնել է Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգություն» անունը ամեն ինչով կապում են իր անվան հետ, ուստի որքան էլ ես վարչության նախագահն էի, ինքն այդ կուսակցության հիմնադիր նախագահն էր:

Նրա դիրքորոշումները, բնականաբար, ունեին նաև իրենց ազդեցությունը, և ամեն կուսակցություն, ըստ ամենայնի, ինքն է ընտրում իր գործելակերպը: «Ժառանգությունից» այնպես չէ, որ ես առաջին հեռացողն եմ:

Ես հասկանում եմ՝ դա գաղափարական տեսանկյունից շատ գրավող հարթակ է, իսկ հետո ռազմավարական, մարտավարական տարբեր գործողություններից հետո հեռանում են: 

– Րաֆֆի Հովհաննիսյանն իր պատասխան հայտարարության մեջ նշել էր, թե ձեր հեռանալը անձնական, հետո նաև՝ նախընտրական պատճառներ ունի:

– Այո՛, ես զարմացա այդ հայտարարությունից: Իմ հեռանալը բոլորովին անձնական պատճառներ չունի: Բոլորովին: Անձնական ընդհանրապես որևէ խնդիր չկա: Ի դեպ, ես միակ հեռացողը չեմ, նաև՝ այս պահին:

Դա կապված է նախընտրական ռազմավարության և մարտավարության հետ: Երբ այլևս պատրաստվելու օր չկա: Ամեն դեպքում ես երկու տարվա «ժառանգական» էի, իսկ պարոն Հովհաննիսյանը վիթխարի անցյալ ունեցող գործիչ է, հետևաբար ես զգացի, որ նրա խոսքն ու մտավախությունները կարող են ունենալ ավելի մեծ ազդեցություն, ուստի սպասել, գումարել համագումար, բարդ կլիներ: 

– Այսինքն՝ վարչության նախագահը, կներեք, դրածո՞ է եղել, և բոլոր հարցերը որոշել է Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:

– Ինչո՞ւ եք այդպես անվանում, ես դրածո չեմ եղել, բայց ես ունեցել եմ պարկեշտության իմ ընկալումները. եթե հիմնադիր նախագահն այլ կարծիքի է, ծանր է տանում դա, ուզում է կրկնել 2018-ի փորձը («Ժառանգությունը» չմասնակցեց ընտրություններին – հեղ.) կամ վերանայել դա… Ես կարծում եմ՝ ճիշտը հեռանալն էր: Գիտեք՝ մի հանգամանք էլ կա՝ ընտրություններին չմասնակցող կամ ընտրություններից դուրս մնացած ուժերի մոտ ընկճումը չափազանց մեծ է, իրենք դառնում են շատ զգուշավոր: 

– Պարբերաբար տեղեկություններ էին տարածվում, որ նախկին ՀՀԿ-ական, գործարար Տիգրան Արզաքանցյանն է հետաքրքրված «Ժառանգություն»-ով: 

– Ոչ միայն Տիգրան Արզաքանցյանը: Այո՛, կային մի քանի առաջարկներ, բայց դրանք ևս հաջողություն չունեցան: Որովհետև եթե կուսակցությունը հակված չէ մասնակցելու ընտրության, դուք հասկանում եք, որ նրա հանդեպ գործնական հետաքրքրությունները մարում են: Նոր և թարմ ուժերի գալուստով պարոն Հովհաննիսյանը 2018-ին ոգևորված էր, բայց հիմա այդպես չէ: 

– Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել «Ժառանգությունից» դուրս գալուց հետո:

– Ես շարունակելու եմ իմ քաղաքական, հանրային գործունեությունը: Չգիտեմ, հուսամ՝ գուցե կուսակցական չեմ դառնա: Կուսակցական փորձը ինձ բավական ընկճեց: Թյուր պատկերացումներ ունեի փաստորեն, երբ մտածում էի, որ միանալով ի սկզբանե գործող կուսակցություններին, կարող ենք գործել: Բայց, պարզվեց, դա բարդ է: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am