«ԼՂՀ ճանաչման միջազգային գործընթացն արդեն մեկնարկել է». հնարավոր զարգացումները նոր լիցք կհաղորդեն կարգավորմանը

Ուրուգվայի կողմից ԼՂՀ անկախության հնարավոր ճանաչումը, որի մասին խոսակցությունները վերջին օրերին նոր թափ են ստացել, ըստ վերլուծաբանների, նոր լիցք կարող է հաղորդել ԼՂՀ կարգավորման գործընթացին, ինչպես նաև բարեբեր ազդեցություն ունենալ տարածաշրջանային լարված իրավիճակի վրա:
«Մենք տեսնում ենք, թե որքան հաճախակի են դարձել Ադրբեջանի հոխորտանքները, որ պատրաստվում է նոր պատերազմի Հայաստանի դեմ: Այս դեպքում միջազգային հանրության կողմից ԼՂՀ ճանաչումը արգելք է դնում պատերազմի վերսկսման վտանգի վրա, լեգիտիմացնում պատերազմի վերսկսումը,- «Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: – Ադրբեջանն արդեն սկսել է շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը:

Եթե նա ասում է` պատերազմ կսկսի, հասկացնում է, որ վտանգի տակ կդնի իր երկրում արված միջազգային ներդրումները: Այսինքն` հասկացնում է` կամ լուծեք խնդիրը, կամ, չակերտավոր ասած, «հետ վերադարձրեք ինձ իմ տարածքները»:

Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Ուրուգվայի խորհրդարանում տեղի ունեցած գիտական սեմինարի ժամանակ Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը կարող է բնական հուն մտնել: Իսկ արդեն այս տարի մայիսին Երևան կատարած իր այցելության ժամանակ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը սերտորեն շաղկապված է Հայաստանի հետ, ինչը Ղարաբաղի ապագան է, և որը նա կարող է ընտրել` օգտագործելով ինքնորոշման իրավունքը:

Ուրուգվայի բարեկամական վերաբերմունքը չորեքշաբթի ավելի տաք գույներ ստացավ` ԼՂՀ-ում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի, Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարտինես Ուելմոնի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցից հետո:

Ուելմոնը նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ ԼՂՀ ճանաչումը Ուրուգվայի կողմից «քաղաքական գործընթաց է, և պետք է քայլ առ քայլ ընթանա»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ ընդհանրապես որևէ պետության կողմից ԼՂՀ ճանաչումը պարտադիր նոր լիցքեր է հաղորդելու ԼՂՀ կարգավորման գործընթացին և հստակորեն օրինակ է ծառայելու այլ երկրների համար:

«Այս կարգի պաշտոնական մակարդակի այցելություն մենք մինչ այժմ չէինք ունեցել: Նման այցելությունը խիստ կարևոր է մեզ համար,- «Մեդիալաբին» ասում է Մանոյանը: – Եվ այս գործընթացը շարունակական բնույթ կկրի: Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները շարունակվելու են այս ուղղությամբ, որպեսզի այլ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ևս այցելեն Արցախ»:

Քաղաքագետ Սաֆարյանը էլ կարծում է, որ ԼՂՀ հնարավոր միջազգային ճանաչումը կնպաստի նրա տնտեսական զարգացմանը:

«Սա կբերի երկրի տնտեսության զարգացմանը: Աշխարհը կճանաչի, ինչը ենթադրում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից կլինեն բոլոր իրավապայմանագրային հիմքերը և երաշխիքները ԼՂՀ-ում ներդրումներ կատարելու համար: Ճանաչումը հնարավորություն կտա Արցախն ու միջազգային աշխարհը կապելու իրար»,- ասում է քաղաքագետը:

Մինչդեռ Կիրո Մանոյանը կարծում է, որ եթե մի շարք երկրներ ճանաչում են տվյալ միավորը, դա դեռ չի նշանակում որ միջազգային կազմակերպությունները կսկսեն համագործակցել տվյալ միավորի հետ, որին չեն ճանաչում այլ երկրներ:

«Ճանաչումը որոշ մակարդակի վրա կկատարվի այդ կազմակերպությունների կողմից, ովքեր կորոշեն այդ մակարդակի վրա գործակցել: Իսկ ճանաչած երկրների հետ կստեղծվեն ու կբարելավվեն տնտեսական հարաբերությունները»,- ասում է նա:

Ստեփան Սաֆարյանն ամեն դեպքում նշում է, որ ճանաչման գործընթացի մեկնարկի հետ ԼՂՀ-ն հնարավորություն կունենա դուրս գալու այն փակուղուց, որին տարել են Մադրիդյան սկզբունքները:

«Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատը օգոստոսի 6-ին բանաձև ընդունեց` կոչ անելով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին սատարելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը և ժողովրդավարական անկախությունը: Այս տարվա մայիսի 17-ին ԱՄՆ Ռոդ Այլենդի նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որում կոչ էր արվում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին` ճանաչելու ԼՂՀ անկախությունը:

Հոկտեմբերին ԼՂՀ-ն ճանաչելու կոչով դաշնային իշխանություններին դիմեց Ավստրալիայի ամենամեծ` Նոր Հարավային Ուելսի նահանգի օրենսդիր ժողովը,- ասում է Սաֆարյանը: – Այնպես որ, ԼՂՀ ճանաչման միջազգային գործընթացն արդեն մեկնարկել է»:

© Medialab.am