Մարտին փետրվարի համեմատ բանջարեղենի շուկայում արձանագրվել է 6.4% գնաճ, 4.4 % գնաճ էլ՝ մրգի շուկայում

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում այս տարվա մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.2-0.8%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Աշտարակ քաղաքում, տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակն աճել է 0.6%-ով:
Մասնավորապես, սննդամթերքի գների վերաբերյալ ԱՎԿ-ն հայտնում է, որ այս տարվա մարտին 2019-ի մարտի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 2.8% գնանկում, իսկ 2020-ի փետրվարի համեմատ՝ 1.3% գնաճ:

Ըստ աղբյուրի, այս հանգամանքին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.4% և 6.4% գնաճերը:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020-ի մարտին 2019-ի մարտի համեմատ արձանագրվել է 6.6% գնանկում, իսկ 2020-ի փետրվարի համեմատ՝ 6.4% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020-ի մարտին փետրվարի համեմատ բանջարեղենի գներն աճել են 2.4-8.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատ քաղաքում: Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 7.4%-ով:

Մրգի ապրանքախմբում 2020-ի մարտին 2019-ի մարտի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2020-ի փետրվարի համեմատ` 4.4% գնաճ: ԱՎԿ-ի փոխանցմամբ, հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020-ի մարտին փետրվարի համեմատ մրգի գներն աճել են 1.9-5.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

2020-ի մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.6%:

Նշվում է, որ այս ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 10.32% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.6 տոկոսային կետով: