Երևանի կենտրոնում էականորեն կբարձրանան ավտոկայանատեղիների վճարները․ ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախագիծն ընդունվեց  32 կողմ, 3 դեմ ձայներով:

«Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և  կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն  փետրվարին: 

Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ավտոկայանատեղիների վճարները։ Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:

Երևան քաղաքում կսահմանվեն Ա և Բ գոտիներ:

Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ շուրջ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ

Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ

Մեկ տարվա համար՝ 24000 դրամ։