«11 տարեկան էի, երբ ինձ բռնաբարեցին…». անչափահասների նկատմամբ սեռական բռնությունն հիմնականում տեղի է ունենում ազգականների կողմից

«11 տարեկան էի, երբ ինձ բռնաբարեցին...».  անչափահասների նկատմամբ սեռական բռնությունն հիմնականում տեղի է ունենում ազգականների կողմից
«11 տարեկան էի, երբ ինձ բռնաբարեցին…». անչափահասների նկատմամբ սեռական բռնությունն հիմնականում տեղի է ունենում ազգականների կողմից

«11 տարեկան էի, երբ ինձ բռնաբարեցին…Ես դիմադրում էի ամեն կերպ, բայց փոքրամարմին էի, ուժերս չէին հերիքում: Այդ դեպքից հետո 2 տարի շարունակ նույն մարդն ինձ պարբերաբար սեռական բռնության էր ենթարկում: Բռնաբարողը մեր բարեկամներից մեկն էր, մեր ընտանիքին շատ մոտ ու վստահելի մի մարդ»,-պատմում է 26-ամյա Սոնա Ասլամազյանը:

Վախ, սարսափելի ֆիզիկական ցավ, բռնության հետքեր, մեղավորության զգացում, ինքնասպանության փորձեր և անվերջանալի շարունակվող մղձավանջ…Սոնայի համար պատանեկության տարիները հենց այսպիսին էին:

Ասում է՝ սեռական բռնության դեպքից հետո էլ չէր ուզում ապրել․

«Ես ուղղակի ուզում էի սպանել ինձ բռնաբարողին, հետո էլ՝ ինքս ինձ, չէի ուզում գոյություն ունենալ: Փոքր ժամանակ փորձել եմ մի քանի անգամ ինքասպանություն գործել՝ ապակիով ձեռքս կտրել, բրիտվայով վիզս ճղել, նույնիսկ ճանճ եմ կերել, ինձ թվում էր, որ ճանճ ուտեմ, կմահանամ, քանի որ ճանճի վրա լիքը բակտերիաներ կան»:

Սոնան տեղի ունեցածի մասին ոչ մեկին չի պատմել. ո՛չ ծնողներին, ո՛չ էլ ընկերներին․ «Վախենում էի: Ինձ սեռական բռնության ենթարկող մարդն անընդհատ սպառնում էր, նույնիսկ հայհոյանքներ հնչեցնում հասցեիս՝ ասելով, որ ես եմ մեղավոր, ինքս եմ ցանկացել սեռական հարաբերություն ունենալ, ու եթե պատմեմ մամայիս, կասի որ փոխհամաձայնեցված է եղել, կամ ես հորինել եմ ու ինձ ոչ մեկ չի հավատա»:

Նա նշում է, որ ծնողներն աշխատում էին մինչև երեկոյան ժամը վեցը, իսկ բռնարարը՝ վայելելով ծնողների վստահությունը, այցելում էր իրենց տուն մինչ այդ ժամը՝ երբ Սոնան դպրոցից արդեն վերադարձած էր լինում:

Նրան բռնաբարած ազգականը մինչ օրս կապ է պահպանում ընտանիքի հետ, սակայն Սոնան դեռ 11 տարեկանից դադարել է այցելել այդ ազգականի տուն, իսկ հետագայում ընդհանրապես շփումը և տեսակցությունները հասցրել նվազագույնի:

Միջազգային տարբեր հետազոտությունները և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը ավելի շատ տեղի են ունենում ազգականի կամ ընտանիքի անդամի կողմից, բայց այդ մասին տուժողները հիմնականում բարձրաձայնում են տարիներ անց:

Ավելի մեծ հասակում՝ 16 տարեկանում, Սոնան որոշել է պատմել մորը իր հետ տեղի ունեցած սեռական բռնության մասին․

«Ամաչում էի խոսել հետը, որոշեցի գրել, որ իբր բակում տղաները ինձ սեռական ոտնձգության են ենթարկել, հագուստի վրայից «ձեռ են գցել»: Ուզում էի մամայիս ռեակցիան հասկանալ, ու երբ ինքը իմացավ, եկավ, գրկեց ինձ ու ասաց, որ այդ տարիքում նման բաներ շատ են լինում, որ վատ բան են արել բակի տղաները, բայց  դա հանդիպող երևույթ է, ու ես չպետք է ծանր տանեմ»:

«Բայց  ես ուզում էի, որ ինքը գրկեր ինձ ու ասեր՝ վայ, ինչ վատ բան է եղել, ինչի ինձ ավելի շուտ չես ասել, ու եթե ինքը նման ռեակցիա տար, ես իրեն կպատմեի իրական պատմությունը, այն ամենը, ինչ տեղի էր ունեցել ինձ հետ: Բայց ես լրիվ փակվեցի, լռեցի ու տարիների ընթացքում սկսեցի մոռացության տալ »,-պատմում է նա:

Մասնագետներն ասում են՝ երբեմն տարիներ են անհրաժեշտ լինում, որ անձը պատրաստ լինի խոսել հարազատի կամ ազգականի կողմից իր նկատմամբ կատարված սեռական բռնության մասին։

«Սեռական բռնությունը նախ հասկանալու, ապա ընդունելու և իր հետ նույնացնելու փուլը շատ դժվար է ստացվում, երբեմն կատարվածը ընդհանրապես արտամղվում է բռնության ենթարկվածի հիշողությունից»,- նշում է Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի հոգեբան-խորհրդատու Սիրանուշ Դավթյանը:

Ըստ հոգեբանի՝ սեռական բռնության հետևանքները կարող են տարբեր լինել՝ ֆիզիկականից մինչև վարքային: Նա առանձնացնում է հոգեբանական հետևանքների մի շարք՝ մտածական գործընթացների դանդաղում, տագնապ, մեղքի զգացում, վախ, ճնշվածություն, բարկություն, անհանգստություն, ծայրահեղ գերակտիվություն/ պասիվություն, անձնական հիգիենայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, հիշողության հետ կապված խնդիրներ, կպչուն մտքեր, կենտրոնացման դժվարություններ, մեկուսացում, առաջնային խնդիրներ կատարելու անկարողություն, անքնություն, մղձավանջային երազներ:

«Ունեցել ենք դեպքեր, երբ սեռական բռնությունից հետո տուժողը սկսել է անընդհատ լողանալ, կեղտոտության զգացողություն է ունեցել: Հակառակ դեպքեր էլ ենք ունեցել, երբ տուժողը սկսել է իր անձնական հիգիենային ընդհանրապես չհետևել: Տուժողներ կան, որ խնդիրներ են ունեցել հետագայում անձնական ինտիմ հարաբերություններ կառուցելիս, չեն ցանկացել մտերիմ կամ հուզական կապեր ստեղծել»,- հավելում է Դավթյանը:

Անչափահասների դեպքում սեռական բռնության ամենախոցելի տարիքը, ըստ պաշտնական տվյալների, 13-17 տարեկանն է:

2015-2017 թթ. ընթացքում Հայաստանի քննչական կոմիտեն քննել է սեռական բռնության հատկանիշներով հարուցված 449 քրեական գործ: Երեք տարվա ընթացքում քրեական գործերի թիվն աճել է 30-ով:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ արձանագրվել է երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի աճ: 2016 թվականին քննված բոլոր գործերի 70 տոկոսն եղել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հիմքով, իսկ 2017-ին՝ 62,7 տոկոսը:

Վերոնշյալ քրեական գործերով որպես կասկածյալ/մեղադրյալ ներգրավվել է 301 անձ, որոնցից 170 եղել են տուժողի ազգական, բարեկամ, ընտանիքի անդամ կամ հարևան: 

Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն ասում է, որ ըստ վիճակագրության, անչափահասների նկատմամբ սեռական բռնությունն ավելի շատ տեղի է ունենում հենց ազգականների կողմից․

«Երեխայի համար վստահելի մարդու կողմից, ազգական, հեռու կամ մոտ բարեկամ, հարևան՝ ում երեխան ճանաչում է ու վստահում: Ունեցել ենք սեռական բռնության դեպքեր նաև խորթ հայրերի կողմից»:

«Այդ ամենը կարող է այնպես ներկայացվել, որ երեխան միանգամից չնկատի վտանգ, սեռական բռնությունը կարող է խաղի նման իրականացվել, սյուժեում ներառելով սեռական օրգանների հպումներ և այլն:  Հաճախ վստահություն վայելող մեծահասակը համոզում է իրենց խաղը գաղտնի պահել, իսկ երբ երեխան սկսում է հասկանալ իրավիճակի «սխալ» լինելը կամ չի ցանկանում շարունակել դրանք, բռնարարը սկսում է սպառնալ ընտանիքի մյուս անդամներով, ծնողների սիրո կորստով, ընտանիքում առկա այլ երեխաների նկատմամբ նման բաներ անելու պատրաստակամությամբ»,- հավելում է Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ անգամ եթե երեխան պատմում է կատարվածի մասին ծնողին, երբեմն նրան կարող են չհավատալ, մերժել, ժխտել նրա ասածը հայացքների, մեկնաբանությունների, կասկածամիտ հարցերի միջոցով, ասելով, որ նա սուտ է խոսում, կամ որ դա նրան միայն թվացել է, քանի որ երեխան վառ երևակայություն ունի:

«Իսկ եթե ընտանիքը սոցիալապես կախված է, օրինակ, խորթ հորից, ապա մայրը կարող է ընդհանրապես լռել: Երեխաներն էլ շատ զգայուն են, եթե պատմում են ծնողին, իսկ ծնողը  կասկածի տակ է դնում իրենց ասածները կամ չի հավատում, կարող են երբեք էլ այդ մասին չխոսել»,- շեշտում է Աղաբեկյանը՝ ավելացնելով, որ շատ հաճախ ծնողներն են նախընտրում լռել, համարելով տեղի ունեցածը խայտառակություն և ամոթ՝ մոռանալով, որ երեխան մեղավոր չէ կատարվածի համար, և նա չէ այն անձը, ով պետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար:

«Ասում են, աղջիկ երեխա է, կմեծանա, քսան տարեկանում կամուսնանա, ավելի լավ է լռենք, բայց հաշվի չեն առնում, որ սեռական բռնությունը այնպիսի հետք է թողնում մարդու վրա, որ նա կարող է ընդհանրապես էլ կյանքում սեռականան ոչ մի կոնտակտ, ոչ մի հարաբերություն ոչ մեկի հետ չցանկանա կամ չկարողանա ունենալ»,- ասում է փորձագետը:

Ըստ Աղաբեկյանի՝ ազգականների կողմից սեռական ոտնձգությունները կանխելու համար պետք է երեխայի հետ 5-6 տարեկանից խոսել մարմնի անձեռմխելիության մասին․

«Այդ տարիքում, երբ երեխան արդեն ունի որոշակի գիտակցում իր ֆիզիկական մարմնի ամբողջականության մասին և ցուցաբերում է նաև հետաքրքրություն հակառակ սեռի նկատմամբ, պետք է սովորեցնել երեխային, թե ով իր մարմնի որ մասին կարող է կպնել, իսկ որ մասին՝ ոչ: Պարզապես ծնողների իրավագիտակացությունը նույնպես պետք է բարձրանա ու սեռականության հետ կապված թեմաները ամոթ չդիտարկվեն, որպեսզի երեխայի ու ծնողի միջև նաև փոխադարձ վստահություն լինի»:

Սոնան պատմում է, որ մինչ օրս չի հայտնել ծնողներին իր հետ տեղի ունեցած սեռական բռնության մասին: Խոստովանում է, որ երկար տարիներ նույնիսկ խուսափել է շփվել տղաների հետ և ոչ մեկի չի վստահել:

Սակայն 15 տարի անց սկսել է վերհիշել, ընդունել և գիտակցել իր հետ տեղի ունեցածը, որից հետո դիմել է հոգեբանական ծառայության:

«Հիմա փորձում եմ վերապրել այդ ամենը ու առաջ շարժվել: Ինձ համար աշխարհն ու կյանքը լուսավոր է, ուղղակի պետք է պայքարել այդ լույսին հասնելու համար,-ասում է նա։ – Բոլոր այն մարդկանց, որոնք անչափահաս տարիքում հայտնվել են իմ իրավիճակում, ենթարկվել սեռական բռնություն, նախևառաջ կուզեի ասել, որ իրենք մեղավոր չեն: Ես միշտ ապրել եմ այդ մեղավորության զգացումով, բայց հիմա՝ չէ: Հիշեք, որ դուք մեղավոր չեք, եթե ձեզ ենթարկել են սեռական բռնության»:

Հերոսի անուն ազգանունը փոխված է իր ցանկությամբ։

Նկարազարդումը` «Մեդիալաբ»

Լիլիթ Առաքելյան

MediaLab.am