Չեմ բացառում, որ փետրվարից հետո, երբ Ալիևը վերընտրվի, ռազմական գործողությունների գնա՝ «անկլավները» ստանալու համար. Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, ճի՞շտ է, որ թուրքական կողմը կրկին ակտիվ շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, եթե այո, ապա ո՞րն է նպատակը։

– Թուրքիան երբեք էլ չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքից», դա Թուրքիայի ռազմավարական նպատակն է ու այն հետապնդում է հեռուն գնացող շատ այլ ծրագրեր: Թուրքիայի համար դա ոչ միայն հնարավորություն է Նախիջևանով կապվել Ադրբեջանի հետ, կապվել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրների հետ, այսինքն՝ պանթուրքիստական ծրագրեր իրականացնելու համար, այլ նաև հնարավորություն է, որ կարողանա այդ երկրների, որոնք Թյուրքական պետությունների կազմակերպության մաս են կազմում, տնտեսական ներուժը դարձնել իր արտաքին քաղաքականության հիմք:

Այդ կազմակերպության անդամ երկրների ընդհանուր կշիռը մեկ տրիլիոն դոլար է, այսինքն՝ բոլորը գիտեն, որ Թուրքիան այդտեղ առաջնային դեր ունի ու փաստորեն ինքն իր հեղինակությունը, իր կշիռն աշխարհում ավելի կբարձրացնի, եթե անմիջական կապ ունենա այդ երկրների հետ։ 

Թուրքիայի համար շատ կարևոր է նաև, որ այդ ճանապարհը, ինչպես իրենք են ենթադրում, կապ չունենա Իրանի հետ, որովհետև Իրանը Թուրքիայի տարածաշրջանային հակառակորդն է, էլ չեմ ասում՝ պատմական։

Թուրքիայի համար կարևոր է, որ դա շրջանցի Իրանը, այնպես որ, Իրանի այն ճանապարհը, որի մասին հիմա խոսվում է, ես կարծում եմ, առաջին հերթին տակտիկական նշանակություն ունի Ադրբեջանի համար, որ հնարավորինս արագ կապվի Նախիջևանի հետ:

Այստեղ երկաթգիծ չկա, այն պետք է կառուցվի, իսկ «Զանգեզուրի միջանցքում» երկաթգիծ կա, ուղղակի պետք է այդ ճանապարհի հանված գծերը դրվեն ու վերանորոգվեն, այնպես որ, ես կարծում եմ, Ադրբեջանը շատ արագ ձգտում է մեկ տարվա ընթացքում, ինչպես հայտարարել է, ստանալ ավտոմոբիլային ճանապարհ դեպի Նախիջևան։ 

Երկրորդը, իհարկե, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչպես արդեն ասացի, ռազմավարական նշանակություն ունի ու ենթադրում է և՛ երկաթգիծ, և՛ ավտոմոբիլային ճանապարհ, առաջին հերթին՝ երկաթգիծ, ու երկաթգծի այն հատվածը, որը պետք է կապի Թուրքիան Նախիջևանի հետ, դեռ կառուցված չէ: Թուրքիայում տարիներ շարունակ այդ մասին խոսակցություններ են ընթանում, բայց մինչև հիմա, հավանական է, միջոցներ չեն գտել:

Վերջերս՝ կես տարի առաջ, պայմանագիր ստորագրեցին Ադրբեջանի հետ, կարծում եմ՝ ուզում են օգտվել Ադրբեջանի ֆինանսավորումից։ Դա բավական ծախսատար նախագիծ է, միլիարդների հետ է կապված, երկու-երեք տարի կտևի մինչև կառուցվի։ Այնպես որ, ռազմավարական առումով Թուրքիայի ծրագիրը, ես համոզված եմ, հետևյալն է, որ լինի երկաթգիծ, որը Թուրքիան Նախիջևանի միջով Հայաստանի վրայով՝ «Զանգեզուրի միջանցքով», Ադրբեջանի վրայով կկապի Կասպից ծովի հետ ու հետագայում նաև՝ Կասպից ծովի վրայով Կենտրոնական Ասիայի հետ։

– Այսինքն՝ նրանք ամեն գնով փորձելու են հասնե՞լ այդ միջանցքին։

– Ես կարծում եմ՝ այո՛, ամեն գին ասածը ներկա փուլում, կարծում եմ, դեռևս ենթադրում է քաղաքական ճնշում, հիմա դեռ չեն գնա ուժի կիրառման, հույս կունենան, որ կարող են ճնշումներ գործադրելով Հայաստանից կորզել այդ իրավունքը։ Միևնույն է, դա հիմիկվա խնդիր չէ, լավագույն դեպքում դա կսկսի գործել մի քանի տարի հետո, այնպես որ, նրանց համար հիմա կարևոր է, որ արտատարածքային (էքստերիտորիալ) ճանապարհ ունենալու իրավունքը ստանան, իսկ շինարարությունը տարիների խնդիր է։ Իրանի վրայով Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհն ավելի հեշտ է, ու դրա հիմնական մասը կա, դա ավտոմոբիլային ճանապարհ է, ու ծրագրում են, որ մեկ տարում պետք է ավարտեն։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ Հայաստանին ի՞նչ կարող է տալ այդ միջանցքը։

– Եթե միայն միջանցք է լինելու, ես կարծում եմ, Հայաստանին առանձնապես ոչինչ էլ չի տալու։ Հայաստանի առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, տեսնում ենք, որ մինչև հիմա անում է, որ այդ ճանապարհի վրա հսկողություն ունենա հենց ինքը, որ երբ այն սկսի գործել, թուրքերն ու ադրբեջանցիները առանց մեզ տեղյակ պահելու ինչ ուզեն, չանեն: Երկրորդ՝ եթե այդ երկաթգիծը սկսի գործել Հայաստանի ինքնիշխան հսկողության տակ, ես չեմ կարծում, որ դա Հայաստանի համար կարևոր նշանակություն կունենա, որովհետև, պատկերացնում եք, ասենք, ապրանքները, էլ չեմ ասում մարդկանց մասին, Հայաստանից պետք է Ադրբեջանի ողջ տարածքով գնան հասնեն Ռուսաստան: Պարզ է, որ այդ ճանապարհին ինչ ասես, որ չի լինի։ 

Ես հիշում եմ, որ դեռ խորհրդային ժամանակ ես անցել եմ Երևան-Բաքու գնացքով, երբ գնացքն անցնում էր Նախիջևանով կամ Ադրբեջանի տարածքով, մեզ ուղեկցորդները զգուշացնում էին պատուհաններից հեռու կանգնել, որովհետև փոքրիկ տղաները կանգնում էին ու քարերով խփում։ Սա դեռ Խորհրդային Միության ժամանակ, իսկ հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի։ Այնպես որ, դա Հայաստանի համար կարևոր նշանակություն չի ունենալու, դա, ինչպես ասացի, Թուրքիայի համար է կարևոր։

– Խաղաղության պայմանագրի կնքման համար առկա նախադրյալների մասին են խոսում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը, ձեր գնահատմամբ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն իսկապե՞ս խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն ունի։

– Ես կարծում եմ, որ նրանք մի կողմից ձգտում են, որ Հայաստանը գնա շատ սկզբունքային զիջումների, որոնք բխում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, իսկ եթե Հայաստանը չի գնում այդ զիջումներին, ապա նրանք շահագրգռված չեն լինի պայմանագրի շուտ ստորագրմամբ։ Մանավանդ հիմա էլ, փետրվարին արդեն, Ալիևի ընտրության խնդիրն է, ես կարծում եմ, որ նրանք նույնիսկ կաշխատեն մինչև փետրվար ոչ մի քայլ չձեռնարկել այդ ուղղությամբ, ուղղակի կուժեղացնեն ճնշումը Հայաստանի վրա։

– Փետրվարից հետո, երբ Ալիևը վերընտրվի, ի՞նչ զարգացումներ սպասել:

– Չեմ բացառում, որ փետրվարից հետո, երբ Ալիևը վերընտրվի, ռազմական գործողությունների գնա՝ «անկլավները» ստանալու համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ նրանք ասում են, թե Հայաստանի դեմ ռազմական գործողությունների չեն գնալու, նրանց ասածները չեն իրականանում։ Երբ Ադրբեջանը զգում է, որ կարող է հնարավորինս անպատիժ ռազմական գործողությունները անել, ունի Թուրքիայի լրիվ աջակցությունը, դիմում է ռազմական գործողությունների։ Թուրք-ադրբեջանական տանդեմին պետք է այնպիսի Հայաստան, որը կլինի իրենց հսկողության ու ազդեցության տակ, սա ակնհայտ է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am