Նախագահ Հարությունյանը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի պաշտպանական ուղղություն և մարտական դիրքում մասնակցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին տեղադրված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, բարձր գնահատելով տվյալ պաշտպանական հատվածում մարտական խնդիր կատարած զինվորականների և կամավորականների սխրանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ Հայրենիքի փրկված մասը զորացնելով միայն կարող ենք հասնել մեր նպատակների իրականացմանը։ 

«Այնուհետև նախագահ Հարությունյանը ծանոթացել է Մաճկալաշեն համայնքում՝ նոր ոռոգման համակարգի և Սոս համայնքում զոհված ազատամարտիկի ընտանիքի համար կառուցվող առանձնատան շինաշխատանքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Հանրապետության նախագահը եղել է նաև Ամարասի վանական համալիրում։