Երևանի արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի շուրջ խոսակցությունները շարունակվում են անորոշ մնալ. արդյո՞ք Բեգլարյանին իր արարքի համար կենթարկե՞ն պատասխանատվության, թե՞ ոչ:
Ուրբաթ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ իշխող Հանրապետական խմբակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել էր, թե, որքան իրեն է հայտնի, «հանրապետության նախագահը կարգադրել է քրեական գործ հարուցել Բեգլարյանի դեմ»:
«Որովհետև քաղաքապետի գործողություններում կար քրեական օրենսգրքով հետապնդվող երեք արարք. ծեծը, որի հետևանքով թեթև վնասվածք է ստացել տուժողը, և առևանգումը»,- ասել էր Պետրոսյանը:
Անցյալ չորեքշաբթի Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ նա առևանգել և ծեծի է ենթարկել նախագահի արարողակարգի աշխատակից Արմեն Կանդայանին:
Դեկտեմբերի 3-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում կայացած աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգից առաջ Կանդայանը խնդրել էր Սերժ Սարգսյանի համար նախատեսված աթոռի հարևանությամբ նստած Գագիկ Բեգլարյանի տիկնոջը փոխել իր տեղը և մի աթոռ այն կողմ նստել: Սա էլ առաջացրել էր Բեգլարյանի տիկնոջ, ապա նաև` Բեգլարյանի վրդովմունքը:
Ըստ հրապարակումների` վրդովված Բեգլարյանի տիկինը կատարվածի մասին տեղեկացրել էր ամուսնուն, որն էլ գնացել է նախագահական նստավայր, այնտեղ ապտակել Կանդայանին, հետո վերջինիս իր հետ տարել նստավայրից դուրս և ծեծի ենթարկել:
Միջադեպը հաստատել էր նաև Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը, որը, սակայն, հավելել էր, թե մամուլում նշված մանրամասները ուռճացված են:
Այդուհանդերձ, չնայած Ռաֆիկ Պետրոսյանի հայտարարությանը, Արմեն Արզումանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հերքեց Հանրապետական պատգամավորի այն պնդումները, թե Սերժ Սարգսյանը հրահանգել է Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցել` նշելով, թե «Պետրոսյանն այն անձը չէ, ով լիազորված է նախագահի ցուցումների մասին տեղեկացնել հանրությանը»:
«Քրեական գործերը նախագահի ցուցումով չեն հարուցվում, դրանց օրենսդրական հիմքերը հայտնի են: Նման ցուցում չկա»,- նշեց Արմեն Արզումանյանը։
Ինքը` Ռաֆիկ Պետրոսյանը, «Մեդիալաբի» հետ զրույցում հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել ստեղծված հակասական իրավիճակը` նշելով, թե «այդ խոսակցությունները վաղուց վերջացել են», և հավելելով, թե իրեն ուղղակի սխալ են հասկացել:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ իրականում Ռաֆիկ Պետրոսյանը հենց իր առաջին հայտարարության մեջ բացահայտեց այն, թե «մեր երկիրը դատավարական առումով ինչ վիճակում է»:
«Այո´, Ռաֆիկ Պետրոսյանը ճիշտ է ասում` մեզ մոտ նախագահի հրահանգով են քրեական գործեր հարուցվում, կամ դադարեցվում քրեական հետապնդումները»,- ասաց Սաքունցը:
Արմեն Արզումանյանի հայտարարության կապակցությամբ էլ Սաքունցը հավելեց, որ
Սերժ Սարգսյանը պարտավոր էր կատարվածի մասին քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազություն, ինչպես որ դա պարտավոր է անել ցանկացած քաղաքացի:
«Այսինքն` խոսքը ոչ թե ցուցում տալու մասին է, այլ` հաղորդում ներկայացնելու: Բացի այդ, միանշանակ է, ըստ օրենքի` եթե լրատվամիջոցներով հրապարակվում են նյութեր, որտեղ քրգործ հարուցելու հիմքեր կան, ապա նախաքննության մարմինները պարտավոր են գործ հարուցել: Իսկ այն, ինչ հրապարակվել է, ավելի քան բավարար էր Գագիկ Բեգլարյանի դեմ քրեական գործ հարուցելու համար»,- նշեց Արթուր Սաքունցը:
Ի դեպ, դեկտեմբերի 13-ին Երևանի ավագանին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամկետը սահմանելու մասին հարցը։
Նիստը վարել է Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա առաջարկել է քաղաքապետի ընտրություններն անցկացնել դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին։
Նիստին ներկա էին ավագանու 52 անդամներից 47-ը, ովքեր միաձայն կողմ են քվեարկել առաջարկին։
Օրեր անց, մինչ քննարկվում է Բեգլարյանին քրեական պատասխանատվության ենթարկել-չենթարկելու հարցը, Երևանը նոր քաղաքապետ կունենա:
Ըստ ենթադրությունների` այդ պաշտոնի ամենահավանական հավակնորդը ներկայիս քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն է` վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի տղան:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am