«Առավոտը բացվում էր՝ անարգանք ու ծեծ, գալիս քացով խփում էր պառկած տեղս». Ընտանեկան բռնությունը՝ կարանտինի ու մեկուսացման օրերին

Քսանհինգ տարի բռնարար ամուսնու հետ ապրած Ալլան արտակարգ դրության օրերին փախել է տնից: Ալլան ասում է, որ երկար տարիներ  ապրում էր մի մարդու հետ, ով իրեն ենթարկել է բռնության բոլոր տեսակների։ 

«25 տարի տառապել եմ, հանուն երեխաների, հանուն ընտանիքի, բայց կյանքս իրական դժոխք դարձավ, երբ հայտարարեցին, որ կորոնավիրուսի հետ կապված բոլորը մնալու են տանը, մեր դեպքում դա մղձավանջ էր»,-պատմում է Ալլան: 

Պատմում է, որ համատեղ կյանքի տարիներին, երբ երեխաները դեռ փոքր էին, կյանքը նվիրել էր նրանց խնամքին, դպրոց էր տանում-բերում, դասերով զբաղվում, «դիմանում էր»:

«Երբ երեխաներս մեծացան, ամուսնացան-գնացին, կյանքիս իմաստը կորավ, ամեն անգամ, երբ առավոտյան ամուսինս դուրս էր գալիս տնից, խոր շունչ էի քաշում ու պատրաստվում երեկոյան կռվի։ Ամեն անգամ ասում էի՝ փախնեմ էս տնից, բայց ո՞ւր։ Երբ էս սահմանափակումները սկսեցին, հասկացա, որ կործանվելու եմ:  Ո՞նց էի դիմանալու՝ չէի պատկերացնում, բայց էլի մի քանի օր դիմացա, առավոտը բացվում էր՝ անարգանք ու ծեծ, մութն ընկնում էր՝ գնում, պառկում էի մութ սենյակում, որ գոնե կինո նայի, զբաղվի ու ինձ հանգիստ թողնի, գալիս քացով խփում էր պառկած տեղս»,- «Մեդիալաբին» պատմում է նա։

Կարանտինի 10-րդ օրը ամուսինը մեծ կռիվ է սարքել։ 

«Ասաց՝ 2 րոպե կոֆեն ուշ բերիր, արածդ գործն ի՞նչ ա։ Մի քանի հարված ու հայհոյանքից հետո չդիմացա, տան կոշիկներով, շորերով դուրս եմ փախել, ուղիղ փողոց, ոչ կարող էի ոստիկանություն զանգեի, հեռախոսները սաղ իր ձեռքին էին, ինքը տանը, ոչ էլ կարող էի մեկից օգնություն խնդրել, հարևաններն իրան գիտեն, թե ով ինձ օգնի՝ իրան ինչ կանի։ 

Առանց վերարկուի ու դրսի կոշիկի քայլում էի փողոցով, տեսա՝ հեռվում ոստիկան է կանգնած։ Ասեցի՝ մոտենամ, օգնություն խնդրեմ։ Հենց մոտեցա, ասում է՝ ի՞նչ նպատակով եք դուրս եկել տնից։ Ես ասացի՝ դուրս չեմ եկել է, փախել եմ, որ չսպանվեմ։ 

Հետո պատմեցի, թե ինչ է եղել, ու խնդրեցի, որ օգնի ինձ։ Ասեց՝ պետք է գնաս ոստիկանության քո վարչական շրջանի բաժին ու բողոք ներկայացնես։ Ասում եմ՝ բայց ո՞նց գնամ, պատասխանեց՝ ոնց ուզում ես գնա, էդ իմ գործը չի»,- պատմում է Ալլան: 

Տաքսու վարորդներից մեկի  օգնությամբ Ալլան հասնում է ոստիկանություն, բողոք գրում: 

«Մտածում եմ՝ լավ, բողոքը գրեմ, բայց հետո ի՞նչ է լինելու ինձ հետ, ո՞ւր եմ գնալու, տուն չեմ կարող վերադառնալ։ Մեկ էլ ոստիկանությունում առաջարկեցին կապվել Կանանց աջակցման կենտրոնի հետ, որ ինձ ապահով տարածք տեղափոխեն։ Հիմա ես ապահով տեղում եմ, բայց թե ինչ կլինի հետո իմ կյանքը՝ չգիտեմ»,- նշում է նա։

Կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի պայմաններում ամբողջ աշխարհում աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Օրերս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ էր արել «պաշտպանել կանանց, որոնք ենթարկվում են ընտանեկան բռնությունների, որոնց թիվն աճել է կորոնավիրուսի համաճարակի պայմաններում»։

Կարանտինի պայմաններում ԱՄՆ-ում աճել է զենքի վաճառքի ցուցանիշը, մասնագետներն ահազանգել են, որ դա կարող է հանգեցնել ընտանեկան բռնության դեպքերի աճի։ ԱՄՆ Նյու Ջերսիում գործող կանանց պաշտպանությամբ զբաղվող կառույցներից մեկը արդեն հրապարակել է, որ 24 տոկոսով աճել են ընտանեկան բռնության դեպքերը։

Ֆրանսիական լրատվամիջոցները դեռևս մարտի վերջին հայտնեցին, որ Ֆրանսիայում կարանտինի պայմաններում ընտանեկան բռնության դեպքերն աճել են 30 տոկոսով, միայն Փարիզում դեպքերն աճել էին 36 տոկոսով։ Ընտանեկան բռնության ենթարկվողների մեծ մասը կանայք են։

Իտալիայում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն այս փուլում ընտանեկան բռնության դեպքերի նվազում են արձանագրել։ Իսկ մասնագետների կարծիքն այն է, որ նվազման պատճառը հետևյալն է՝ կանայք խուսափում են ահազանգել՝ վախենալով, որ զուգընկերոջ կողմից կրկին բռնության կենթարկվեն։ Մեկուսացման ժամանակ ավելի դժվար է պահպանել կանանց անվտանգությունը՝ կարծում են իտալացի մասնագետները։

Հայաստանում մարտ ամսին փետրվարի համեմատ 30 տոկոսով աճել են ընտանեկան բռնությունների վերաբերյալ  Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերը:

Այս մասին «Մեդիալաբին» տեղեկացնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: 

«Մարտին կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների թեժ գծերին ստացվել է բռնության վերաբերյալ 184 ահազանգ: Փետրվարին այս թիվը 30 տոկոսով պակաս է եղել»,-նշում է Զարուհի Հովհաննիսյանը:

Սակայն, մասնագետները պնդում են, որ նույնիսկ այս դեպքում պատկերն ամբողջական չէ, քանի որ կարանտինի պայմաններում հնարավորությունները շատ սահմանափակ են. բռնարարներն ամբողջ օրը տանն են, և բռնության ենթարկվող կանայք հնարավորություն չունեն ահազանգելու համապատասխան մարմիններին։

37-ամյա Լիանայի ընտանիքում արտակարգ դրության պայմաններում  խնդիրները սրվել են։ 

«Այս չորս պատն իրական բանտախուց է դարձել ինձ համար, և դրա անունը բնակարան է, որտեղ ես ապրում եմ արդեն 12 տարի՝ սկեսուրիս, սկեսրայրիս, ամուսնուս և երկու երեխաներիս հետ միասին։  Ինձ միշտ օտար եմ զգացել այս տարածքում, երկրորդ սորտի մարդ։ Լվա-մաքրի, էփի-թափի ու ձայնազուրկ, ոչ մի հարցում կարծիքդ ոչ միայն չեն հարցնում, չեն թողնում աշխատել, շփվել ընկերուհիներիս, նույնիսկ հարազատներիս հետ։ Բայց հիմա, որ բոլորը տանն են, իրական դժոխք է ինձ համար»,- ասում է Լիանան։

Լիանան ասում է, որ ամուսինն ամբողջ օրը բազմոցին նստած հրամայում է՝ «մի հատ ջուր բեր», «հեռախոսս բեր», «երեխեքին ասա ձենները կտրեն», «գնա խանութ, սիգարետ առ»։

«Ու եթե հանկարծ ասեմ, որ ճաշ եմ եփում ու չեմ կարող գնալ խանութ, մի կռիվ ու պատերազմ։ Ամբողջ օրս գնում է սեղան գցել-հավաքելու վրա։ Եթե մինչև այս վիճակը մի քանի ժամ ունեի, մինչև երեխեքը գային դպրոցից, կարողանում էի տնից դուրս գալ, մեկին տեսնել-շփվել, մի բան կարդալ, հիմա էս վիճակում անհնար է։ Անգամ մամայիս չեմ կարողանում հասցնել զանգել։ Ոնց է օրը լուսանում ու մթնում էս չորս պատի մեջ, չեմ զգում, ու վախենում եմ, որ մեկ էլ կպայթեմ ու հաստատ ծեծ կուտեմ։ Եվ ամենասարսափելին այն է, որ ոչ մեկին չեմ կարողանա զանգել, օգնություն խնդրել էս համատարած հսկողության պայմաններում»,- ասում է Լիանան։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նույնպես արձանագրում է, որ  արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում
հատկապես կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը:

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու պահից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 13 բանավոր և գրավոր դիմում-բողոք, որոնք վերաբերում են կանանց, երեխաների և մեկ տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրելուն:

«Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել է նման 5 ահազանգ: Դրանից բացի, պետք է հաշվի առնենք, որ այս դեպքերն ունեն լատենտային կամ թաքնված բնույթ»,- նշել է Թաթոյանը։

ՄԻՊ աշխատակազմում ստեղծվել է համապատասխան մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որին հանձնարարված է հատուկ ուշադրություն դարձնել կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնությանը վերաբերող հարցերին: 

Ոստիկանության արձանագրած վիճակագրության համաձայն՝ արտակարգ դրության պայմաններում ընտանեկան բռնության դեպքերի աճ չի արձանագրվել Հայաստանում։  

Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը «Մեդիալաբին» ասում է, որ ահազանգերի քանակը օրական կտրվածքով մնացել է նույնը, ինչպես 2018 և 2019 թվականներին էր։ Օրական միջինը ոստիկանությունը ընտանեկան բռնության վերաբերյալ 5 ահազանգ է ստանում։ «Օր կա, որ ունեցել ենք 3 ահազանգ, օր կա՝ 5 կամ 7»,- նշում է Դուրյանը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ գրեթե մեկ ամիս է՝ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, բայց կնասպանության դեպք չի գրանցվել։ 

«Մենք ունենում ենք նաև կնասպանության դեպքեր, բայց, փառք Աստծո, այս մեկ ամսվա ընթացքում չենք արձանագրել, և տա Աստված, որ չլինի»,- «Մեդիալաբին» ասում է Նելլի Դուրյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունում վերլուծություն և ուսումնասիրություն են կատարում ամեն օր, ուսումնասիրում են ընտանեկան բռնության յուրաքանչյուր ահազանգ։ 

«Հիմնականում մեզ դիմողները կանայք են, ովքեր բացի 1-02-ով զանգելուց, նաև գալիս են ոստիկանության տարածքային բաժին, նաև Ֆեյսբուքի միջոցով են ինձ գրում, խորհուրդներ հարցնում։ 

Ահազանգերը մեզ թույլ են տալիս ասել, որ Հայաստանում վիճակը չի փոխվել այսօր: Երբ մեզ մոտ արտակարգ դրությունն սկսվեց, մարդիկ մնացին տանը, մենք արդեն գիտեինք, որ որոշ երկրներում ընտանեկան բռնության դեպքերն ավելանում են։ Մենք մտավախություն ունեինք, որ մեզ մոտ նույնպես նույնը կարող էր տեղի ունենալ, բայց փաստորեն վիճակագրությունը փաստում է՝ չունենք»,- ասում է Նելլի Դուրյանը։  

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանն ասում է, որ այս փուլում ընտանեկան բռնության ահազանգերի աճ չկա, քան որ այդ դեպքերը լատենտային են։ 

«Այս փուլում բռնարարները տանն են։ Ես չեմ կարծում, որ կանայք հնարավորություն ունեն զանգելու։ Եթե նախկինում դուրս էին գալիս տնից, մի պահ հարևանի հեռախոսով էին ահազանգում, հիմա չունեն որևէ հնարավորություն ահազանգելու։ Ինձ թվում է, որ դա է ապատճառը, որ այս օրերին զանգերը քիչ են»,- «Մեդիալաբին» ասում է Հասմիկ Գևորգյանը։

Ըստ նրա՝ խնդիր է նաև այն, որ համակարգված ծառայություն չկա, որը նման դեպքերում կզբաղվեր ընտանեկան բռնության ենթարկված կանանց ահազանգերն ընդունելով։ Տարբեր թեժ գծեր են գործում, և բռնության ենթարկված կինը հաճախ այն հոգեվիճակում չէ, որ կողմնորոշվի, թե ում դիմի։

Նելլի Դուրյանը նշում է, որ կարող է հակառակը պնդել։ 

«Ի՞նչ է նշանակում՝ բռնարարը տանն է։ Բռնարարը միշտ էլ տանն է լինում, եթե բռնություն է գործադրում, ուրեմն տանն է։ Եվ բռնարարի մոտից է, որ սովորաբար մեզ ահազանգ է գալիս: Եվ երբ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները ահազանգով գնում են դեպքի վայր, բռնարարը հիմնականում տանն է լինում, շարունակում է իր կռիվն ու վեճը։ Հազվադեպ է լինում, երբ բռնարարը թողել տնից գնացել է»,- նշում է Նելլի Դուրյանը։

Ըստ Դուրյանի՝ այն, որ բռնության դեպքերը չեն աճել այս փուլում, կարող է միայն ուրախացնել, որ մեր ընտանիքները կայուն են։ 

«Բռնարարը այսպես թե այնպես բռնարար է մնալու, և այդ դեպքերը կապ չունեն կարանտինի հետ։ Եվ տանը մնալը չի տանում նրան, որ ավելի շատ կռիվներ պետք է լինեն, փաստորեն մենք դրան չենք գնում»,- հավելում է նա։ 

Նելլի Դուրյանն ասում է, որ ոստիկանության մասնագիտական ստորաբաժանման մասնագետներն այս օրերին աշխատում են 24-ժամյա ռեժիմով, պատրաստ են օգնել ու հասնել յուրաքանչյուր ընտանիքի։

Հասմիկ Գևորգյանը, սակայն, կանխատեսում է, որ կարանտինի ավարտից հետո ահազանգերի կտրուկ աճ է լինելու։

«Իրականում մենք սպասում ենք, որ այս արտակարգ դրությունից հետո պայթյուն ենք ունենալու։ Ամռան ամիսները կանանց համար հանգիստ շրջան էին, որովհետև ամուսինները խոպան էին գնում։ Հոկտեմբերին ակտիվանում էին ահազանգերը, որովհետև սկսում էին խոպանից վերադառնալ։ Իսկ այս տարի խոպանից զրկվել են տղամարդիկ, բոլորը փակված են տանը, այն հույսը, որ պետք է ամռանը խաղաղ շրջան ապրեին կանայք, կորցրել են»,- ասում է նա։ Ըստ Հասմիկ Գևորգյանի՝ արտակարգ դրությունից հետո լուրջ վերլուծություն կիրականացվի՝ պարզելու համար, թե որն է պատճառը, որ կանայք չեն ահազանգել այս օրերին։

Կանանց աջակցման կենտրոնի հոգեբան Մերի Սմբատյանը նշում է պատճառները, թե ինչո՞ւ է կարանտինի ժամանակ աճում ընտանեկան բռնությունը։ 

«Պատճառներից մեկը հենց այն է, որ մարդիկ երկարատև ժամանակահատվածում ֆիզիկապես նույն տարածքում են գտնվում։ Մյուս պատճառն այն է, որ կարող են լինել ինչ-որ հուզական վիճակներ, որոնք կամ արտակարգ իրավիճակից ելնելով են ակտիվացել, կամ սրվել են այդ փուլում»,- «Մեդիալաբին» ասում է Մերի Սմբատյանը։

Հոգեբանի խոսքով՝ կա նաև այլ օբյեկտիվ պատճառ, այն, որ եթե բռնության ենթարկվող անձը նախկինում կարող էր լքել տունը, կամ բռնություն գործադրողն էր տնից դուրս գալիս, որոշ ժամանակ անց լարվածությունը թոթափվում էր, հիմա տանն են։ Արտակարգ իրավիճակում կինը չի կարող լքել տունը, այդ կախյալ վիճակը կարող է էլ ավելի սրել իրավիճակը։

Նա, միաժամանակ, նշում է, որ այն զույգերը, ովքեր հակված չեն բռնություն գործադրելու մեկը մյուսի նկատմամբ, արտակարգ իրավիճակը չի բերելու նրան, որ իրենց մոտ դա առաջանա։ 

Մերի Սմբատյանի խոսքով՝ պատկերը հնարավոր կլինի պարզել, երբ արտակարգ դրության ավարտից հետո բռնության ենթարկված անձինք կդիմեն կանանց աջակցման կենտրոններ։ 

«Սովորաբար կա նման միտում, որ փակի տակ երկարատև ժամանակահատված գտնվելուց հետո մարդիկ կարող են շտապել դիմել այս կամ այն մասնագետին»,- հավելում է հոգեբանը։

Հոդվածում հերոսների անունները փոխված են:

Հոդվածի պատրաստմանն աջակցել է Զարուհի Հովհաննիսյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

MediaLab.am

Մի Լռի՛ր

Դափնեի առաջին հոլովակը #միլռիր:Daphne's 1st film with an important message – #doNOTbeSilent ֆիլմի հեղինակ / film by Marianna Grigoryan գլխավոր դերում/actress Emma Grigoryanwww.DaphneArmenia.com #daphne #դափնե

Gepostet von Դափնե/Daphne am Samstag, 8. Juni 2019